Հայաստանից բան թողե՞լ ես, որ Ալիևը ուզի․․․

Հայաստանից բան թողե՞լ ես, որ Ալիևը ուզի․․․

Ալիևը հայտարարում է, որ Հայաստանից տարածքային պահանջ չունի, Նիկոլ Փաշինյանը լուռ է։ Մի հատ ճռռոց, մի հատ տնքոց չի հանում։  Քարերն անգամ ձայն կհանեին, գոնե մի հատ ճռռայիր։ Լուռ է նրա համար, որովհետև մտածում է՝ Արցախի հարցը լուծեցի, բան չմնաց՝ Հայաստանի հարցն էլ խուլ ու համար ձևանալով կլուծեմ ու․․․ վերջ։ Քարերը քո տեղը լինեին, կխոսեին, Նիկոլ Փաշինյան։ Էդ քո գործընկերների ծիծաղը, ժեստերը քեզ ոչինչ չեն հուշու՞մ։ Անգամ թշնամին չի պատկերացնում, թե դու ո՞նց կարող ես, ինչ էլ որ ստացած լինես, այդքան թշնամաբար տրամադրվել երկրիդ, ժողովրդիդ հանդեպ։ Ալիևի չեղած հոնքերը ձգվել էին, երբ դու չհակադարձեցիր՝ բա որ տարածքային պահանջ չունես, ի՞նչ գործ ունես մեր սուվերեն տարածքում։ Դու չէիր կարող հարցնել, որովհետև դու շատ լավ գիտեիր՝ ինչու՞ ես առանց դիմադրության, առանց կրակոցի, զորքերի հետքաշման հրամանով թշնամուն բերել մեր տուն։ Ով ով, Բայց Ալիևն ու Պուտինը դրա մասին շատ լավ գիտեն։ Դու  քարից բեթար լռում էիր։ Չէիր ասում՝ Հայաստանի մարտական, ռազմավարական դիրքերը, որ գրավել ես ու բարձունքներին թառել, խաղաղասիրությունից դրդվա՞ծ ես արել, որ հանկարծ անգղները չգա՞ն ու քո դրած պաշտոնյաներին կտցեն։  

Հայաստանը սարքել ես Ադրբեջանի բոստանը, երբ ուզում՝ իջնում ու մի երկու զինվոր են քաղում։ Երեկ էլ իբր թե նորությու՞ն էր հա, որ մեր երկու զինվորներին առևանգել էին, չգիտեիր, հա՞, թե ով էր տարել, ինչի էր տարել։ Ադրբեջանը նեղում է հա՞, որ իր երկու հանցագործներին հետ տաս։ Ադրբեջանը իր երկու հանցագործի համար «քյալլա է տալիս» , դու հացի նման անարատ մեր հաց տանող տղաներին ես նրանց բերանը տալիս։ Ասում ես առևանգել են հա՞։ Իսկ ո՞ր մեկին չեն կարող առևանգել։ Կա՞ մեկը, կա՞ մի տարածք, որն անվտանգ է ու թշնամու ներկայություն չկա։ Հայաստանի ողջ ճանապարհների գլխին թառած են։ Ալիևն էլ ասում է, որ Հայաստանից տարածքային պահանջ չունի։ Գոնե հասկանու՞մ ես, որ հետագայում կարող է ասել՝ Հայաստանից տարածքային պահանջ չունի, որովհետև Հայաստանի տարածքը Ադրբեջանինն է։ Եթե այդպես չի, մի հատ տնքայիր, ասեիր՝ էլ Հայաստանից ի՞նչ տարածքային պահանջ ունենաս, ինչ ուզել՝ տվել եմ, մնացածն էլ հետոյի վրա է։ Կամ Հայաստանից բան թողե՞լ ես, որ Ալիևը ուզի․․․