Թուրքիայում լռության օր է․ ի՞նչ է սպասվում վաղը
Թուրքիայում վաղը՝ մայիսի 28-ին, հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը։
Anadolu-ն հայտնում է, որ ընտրատեղամասերը բաց կլինեն տեղական ժամանակով 08:00-ից մինչև 17:00-ն:
Երկրով մեկ կտեղադրվի ավելի քան 191 հազար քվեատուփ։
Ընտրողների թիվը գերազանցում է 60 միլիոնը։
Մայիսի 14-ին կայացած քվեարկության առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսը։ Ընտրությունների արդյունքում երկրորդ փուլին մասնակցելու իրավունք են ստացել Ժողովրդական դաշինքի թեկնածու, երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (49,52 տոկոս ձայն) և ընդդիմության թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն (44,88 տոկոս)։
«Ալյանս ԱԹԱ» դաշինքի թեկնածու, էթնիկ ադրբեջանցի Սինան Օհանը, ով մայիսի 14-ի քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 5,17 տոկոսը, կոչ է արել կողմնակիցներին երկրորդ փուլում պաշտպանել Էրդողանի թեկնածությունը։
Ձայների հաշվարկը կսկսվի տեղական ժամանակով ժամը 17:00-ին ընտրատեղամասերի փակվելուց հետո: Այն ընտրողների համար, ովքեր առողջական պատճառներով չեն կարող գալ տեղամասեր, կգործեն «շարժական քվեատուփեր»։
Ինչպես նաև մայիսի 14-ի ընտրություններում, տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիները կկարողանան քվեարկել հատուկ պատրաստված կաղապարով։
Արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունն ավարտվել է մայիսի 24-ին։ 73 երկրներում ընդհանուր առմամբ քվեարկել է 3,5 միլիոն ընտրող։ Արտերկրից քվեատուփերը Անկարա են հասցվել օդային և դիվանագիտական փոստով։ Դրանք կբացվեն կիրակի երեկոյան, մյուս քվեատուփերի հետ միասին՝ քվեարկության ավարտից հետո։
Ընտրությունների արդյունքների հեռարձակման արգելքը կգործի մինչև մայիսի 28-ը՝ ժամը 21:00-ն։ ԿԸՀ որոշմամբ արգելքը կարող է հանվել օրենքով սահմանված ժամկետից շուտ։
Կարծիքներ