Արդեն ջինը լամպից դուրս է եկել, դատավորները զգացել են անկախ լինելու համնուհոտը․ Ռուբեն Վարդազարյան

Արդեն ջինը լամպից դուրս է եկել, դատավորները զգացել են անկախ լինելու համնուհոտը․ Ռուբեն Վարդազարյան

Ազգային ժողովում այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ, որի ընթացքում քննարկել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նրա թեկնածության հարցը:

Իշխանությունը ցանկանում է նրան նախ ԲԴԽ անդամ, ապա նախագահ դարձնել, նրա ձեռամբ իրականացնել դատական համակարգի վեթինգ։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց` գտնում է, որ Ջհանգիրյանի նման փորձառություն ունեցող իրավաբանը չի դիմի օրենքի խախտման ճանապարհով ԲԴԽ անդամ դառնալու եղանակին․ «Շատ կուզեի, որ նրա նման փորձառություն ունեցող մարդը լիներ ԲԴԽ անդամ, բայց, ցավոք սրտի, օրենքով կան սահմանափակումներ, 65 տարին լրացած անձը չի կարող ընտրվել ԲԴԽ անդամ»։

-Իսկ եթե օրենք փոխվի այդ մասով։

-Եթե օրենք փոխվի այդ մասով, ապա իմ այս մոտեցումներն ուժը կորցրած կճանաչվեն, եւ արդեն կլինի օրենքով, հիմա օրենքով թույլ չի տրվում։

-Իսկ այն, որ իշխանությունը նրան ցանկանում  է տեսնել ԲԴԽ նախագահի պաշտոնում, դրան ինչպե՞ս կարձագանքեք։

-Չեմ ցանկանում դա մեկնաբանել․․․ Շատ մարդիկ շատ բան են ուզում տեսնել, ես հրաժարական տալու որեւէ մտադրություն չունեմ։

-ԲԴԽ նախագահ դառնալու ուրիշ տարբերա՞կ չկա, եթե Դուք հրաժարական չտաք:

-Երկրորդ ԲԴԽ նախագահ հնարավոր չի ընտրվի։

-Դուք քանի՞ տարի ժամկետով եք ընտրվել։

-5 տարի ժամկետով։

-Մենք գրել էինք, որ Ջհանգիրյանը գալու է վեթինգ անելու նպատակով, ինչը Դուք չարեցիք։

-Մենա՞կ է անելու վեթինգը, թե՞ ԲԴԽ-ով է անելու։

-Լուրեր կան, որ իշխանությունը նրա  թիկունքին է կանգնած։

-Նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել՝ ոնց է Ջհանգիրյանը վեթինգ անելու։ Շատ նորմալ է, մենք էլ ենք պատրաստ վեթինգ անելու, բայց մեզ գործիքակազմ է պետք տալ, ի՞նչ գործիքակազմով։ Այս օրենսդրական պայմաններում վեթինգ հնարավոր չի իրականացնել, դրա համար օրենք պետք է փոխվի, դրա համար պետք է համապատասխան կառուցակարգեր լինեն, լիազորություններ լինեն, ի՞նչ է նշանակում վեինգ» անել, ի՞նչ ենք ուզում մենք, ի վերջո, վեթինգ անելը պետք է ունենա նպատակ, դա ինքնանպատակ չի կարող լինել։

-Երբ վարչապետն այս հասկացությունն էր շրջանառություն մեջ դնում, դա անում էր ինքնանպատա՞կ:

-Չեմ կարող ասել, երեւի թե այդ հարցը պետք է վարչապետին տալ։

-Այս ընթացքում Ձեզ ինչո՞ւ գործիքակազմ չտրվեց` բարեփոխումների համար։

-Մենք արդեն 2 տարի է ` հայտարարություն ենք տարածում, որ դատավորների թափուր պաշտոնների համար հավակնորդները դիմեն, ակադեմիայում սովորեն եւ դառնան դատավոր։ Ձեզ թիվ ասեմ, որը լացելու թվեր են․ 13 հավակնորդի տեղ ենք բացում, ասում ենք` 13 հոգի կարող է ընդունվել ակադեմիա եւ սովորել, արդյունքում մեկ թեկնածու է հանձնում բոլոր անհրաժեշտ քննությունները եւ հարզացրույցի փուլը հաղթահարում, սա նշանակում է, որ որակյալ իրավաբանները չեն ուզում դատավորներ դառնալ։ Մի պահ ընդունենք, որ մենք վեթինգ ենք անում եւ համակարգից հեռացնում ենք 20 դատավոր, ումո՞վ ենք լրացնելու։

-Դե, եթե ասեն «պատերի տակ վնգստացող դատավորներ», որակումներ տան պաշտոնյաները, ցեխ շպրտեն դատական համակարգի վրա, չե՞ք կարծում, որ ոչ ոք էլ չի ուզի դառնա դատավոր։

-Ես հակված չեմ, որ այդ մի նախադասության պատճառով որակյալ իրավաբանները չեն ուզում։  Սա մի մեծ գործընթաց է սկսվել` դատական իշխանությունը վարկաբեկելու, ընդ որում այդ գործընթացը սկսվել է ոչ միայն այս իշխանությունների, նաեւ նախորդ իշխանությունների ժամանակ, այդ իսկ պատճառով  ե՛ւ փորձառու, ե՛ւ երիտասարդ իրավաբանները չեն ուզում դատավոր աշխատել։ Որովհետեւ իշխանությունները տարիներ շարունակ փորձում են վարկաբեկել դատական իշխանությանը, ցանկանում են ունենալ իրենց գրպանում դրված դատական իշխանություն։ Դատական իշխանությունն էլ սկսում է անկախություն ցուցաբերել եւ պայքարել, որպեսզի չքաղաքականանա: Մարդկության ստեղծման օրվանից քաղաքական իշխանությունը փորձում է արդարադատություն իրականացնել, ուժեղը փորձում է արդարադատություն իրականացնել, հետեւաբար, եթե ինչ-որ մեկի սրտով չէ, կամ քիմքին ոչ հաճելի դատական ակտ է լինում, ապա փորձում են վարկաբեկել այդ դատական իշխանությանը, բերել նոր դատական իշխանություն, որը կսկսի ենթարկվել։ 

Արդեն ջինը լամպից դուրս է եկել, հնարավոր չէ նորից ջինին մտցնել լամպի մեջ, դատավորները զգացել են անկախ լինելու համնուհոտը, բերկրանքը, դրա ճիշտ լինելը եւ անկախ դատավոր լինելու քաղցրությունը։ Ոչ ես, ոչ պարոն Ջհանգիրյանը, ոչ ոք ՀՀ-ում այլեւս հնարավորություն չունի դատական իշխանությանը թելադրելու։ Մարդիկ պատրաստ են հրաժարական տալ, բայց որեւէ թելադրանք չկատարել` թե՛ ԲԴԽ-ի, թե՛ քաղաքական իշխանության, թե՛ գործադրի, թե՛ ԱԺ-ի, թե՛ հանրահավաքի կողմից հնչեցված պահանջները, թե՛ քաղհասարակության կողմից։ Շատ կարեւոր մեսիջ տվեցի, ջինը լամպից դուրս է եկել, հետ մտցնել ջինին լամպ, հնարավոր չէ այլեւս։

-Մտավախություն չկա՞, որ իշխանության դիմադրությանը կարժանա այդ «լամպից դուրս եկած ջինը»։

-Իհարկե`կարժանանա, բայց դա շատ նորմալ երեւույթ է։ Աշխարհի լավագույն իրավաբանները եւ դատավորները ֆիքսել են հետեւյալ միտքը, որ դատական իշխանություն-գործադիր իշխանություն, դատական իշխանություն-օրենսդիր իշխանություն, դատական իշխանություն եւ քաղաքական իշխանություն հակասությունը գնահատվում է դրական, հակառակը նշանակում է դիկտատուրա։