Ռուսաստանն առերեսվեց «ադրբեջանական գործոնին»

Ռուսաստանն առերեսվեց «ադրբեջանական գործոնին»

Հին սերնդի լրագրողները եւ քաղաքական գործիչները պետք է հիշեն «ադրբեջանական գործոն» արտահայտությունը, որ շրջանառության էին դրել Կրեմլի քաղտեխնոլոգները ղարաբաղյան շարժման առաջին օրերին: Դա բաց տեքստով սպառնալիք էր, որ հայերը կենթարկվեն ջարդերի եւ զանգվածային բռնատեղահանման, եթե չհրաժարվեն «միացումից»: Առաջին դրսեւորումն Ասկերանի վրա գրոհն էր, որ ետ մղվեց: Բայց սադրանքն արդեն տեղի էր ունեցել՝ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսեւը սումգայիթյան ջարդերից ժամեր առաջ Ադրբեջանի հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Ասկերանում երկու ադրբեջանցի է սպանվել: «Ադրբեջանական գործոնի» քաղտեխնոլոգիական գաղտնիքն, այդպիսով, բացահատվեց, եւ Մոսկվան անցավ բուն սցենարի իրականացմանը՝ հայաթափել Ադրբեջանը:

Այդ քաղաքականությունն անշեղորեն իրականացվեց մինչեւ Մոսկվայում ԳԿՉՊ-ի տապալումը, երբ հատուկ ծառայությունները՝ Գլխավոր շտաբի հետախուզական գլխավոր վարչությունը եւ ՊԱԿ-ը զրկվեցին քաղաքական որոշումների վրա ազդեցությունից: Ռուսաստանի ղեկավարությունը, որ առաջինն էր զգացել աշխարհաքաղաքական մեծ խարդավանքը, կտրուկ փոխեց վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ: Արդեն անկախացած Ադրբեջանը վրեժխնդիր եղավ չեչենական ապստամբությանը զինված աջակցությամբ: Զուգահեռաբար հայկական զինված ուժերը մեծ հաջողությունների հասան Արցախի ճակատում: Իրավիճակը հավասարակշռվեց Ռուսաստանում Պուտինի իշխանության գալուց հետո, եւ Բաքվում փակվեց Իչկերիայի ներկայացուցչությունը, հազարավոր չեչեն ապստամբներ արտաքսվեցին Թուրքիա կամ գաղտնի անցան Վրաստանի Պանկիսիի կիրճ, որտեղ իրենց հայրենակիցներն են ապրում: Ադրբեջանի եւ Ռուսաստանի համագործակցությունն սկիզբ է առնում այդ համաձայնությունից եւ տեւում է արդեն քսան տարի: Այդ համաձայնությունն է երաշխավորել 2003թ. իշխանությանն անցումը Հեյդար Ալիեւից Իլհամ Ալիեւին: Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան աշխարհաքաղաքական իմաստով դավադրություն էր Ռուսաստանի դեմ:

ՌԴ արտգործնախարարության զուսպ, բայց ենթատեքստային հայտարարությունները, այդ հարցով երկու անգամ Անվտանգության խորհրդի նիստ գումարելը եւ արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի մեկնաբանությունները դա են վկայում: Ռուսաստանն առերեսվեց «ադրբեջանական գործոնին»: Մոսկվայում էթնիկ ադրբեջանցիները տնտեսական պատերազմ հայտարարեցին հայ գործարարներին, տեղի ունեցան հայերի դեմ վայրագ հարձակումներ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ամեն ինչ ուղղորդվել եւ ուղղորդվում է Բաքվից: Ռուսաստանի նման տերությունը, որի հատուկ ծառայությունները փայլուն գործողություններ են իրականացնում աշխարհի ցանկացած կետում, փաստացի բախվեց Ադրբեջանի սպառնալիքին, որ Բաքուն կարող է «ներսից պայթեցնել» Ռուսաստանը: Դեպքերի առթիվ ադրբեջանական քարոզչության «բացատրությունը»՝ իբր ամեն ինչ «հույզերի պոռթկում է»՝ ծիծաղելի է:

Բայց դա ակնհայտ ծաղր է Ռուսաստանի հատուկ ծառայությունների, առհասարակ իրավապահ համակարգի հասցեին: Երեւույթը մերկացրեց ռուսական գործող իշխանության կոռումպացվածությունը, նույնիսկ՝ վարձահրավիրվածությունը: Ոմն Գոդ Նիսանով չէր կարող շուկան փակել հայ գործարարների առջեւ, եթե այդ քայլի համար նախապես վճարած չլիներ Մոսկվայի քաղաքային իշխանություններին, Անվտանգության դաշնային ծառայությանը, Ռոսգվարդիային: Հակառակ դեպքում նրան շան ձագի պես դուրս կշպրտեին: Իրավիճակի վերաբերյալ տարակուսանք են արտահայտում արդեն իրենք՝ ռուսները: Պուտինյան քսանմյա կառավարումը, փառք աստծո, մինչեւ վերջ չի բթացրել ռուս հասարակության զգոնությունը, եւ լուրջ մարդիկ հարցնում են. «Նրանք, ինչ է, Մոսկվայում սումգայի՞թ են ուզում անել»: Այո, ուզում են: Ռուսաստանն այդ սպառնալիքին է բախվում: Բուն սումգայիթը կազմակերպվել եւ իրականացվել է Մոսկվայի սցենարով եւ հետապնդում էր տարածաշրջանում հայկական գործոնը ճնշելու, թուլացնելու, հայ ժողովրդին 1921թ. ռուս-թուրքական հանցավոր պայմանավորվածությունների թակարդում խեղդելու նպատակ: Երկրորդ սումգայիթ ծրագրավորվում է Անկարայում, որպեսզի Ռուսաստանին պարտադրեն նույն 1921թ. համաձայնությունների երաշխավորում: Ռուսաստանին լրջագույն մարտահրավեր է նետված: Այն, ինչ ծնվել է խորհրդային ՊԱԿ-ի եւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչությունում, աշխատում է Ռուսաստանի դեմ: Պուտինը կարո՞ղ է Տարաս Բուլբայի նման ասել. «Ես եմ քեզ ծնել, ես էլ քեզ կսպանեմ»: