Առաջնագիծը՝ նոր Ավարայր

Առաջնագիծը՝ նոր Ավարայր

Մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին ներքին համախմբվածությունն այլընտրանք չունի։ Դա, բնականաբար, հասկանում է նաեւ իշխանությունը եւ հաճախակի վկայակոչում է դրա կենսական կարեւորությունը պատերազմական այս իրավիճակում։ Բայց արդյո՞ք իշխանությունն անում է իրենից ակնկալվող համարժեք քայլեր՝ համախմբվածությունը կուռ եւ հիրավի ազգովի դարձնելու համար։ Կարծում եմ՝ ոչ միշտ։

Այս օրերին, երբ բոլորի հայացքներն ուղղված են դեպի կռվող զինվորը՝ դեպի առաջնագիծ, ամենեւին տեղին չէ ստվերել առաջնագիծը, որ բոլորիս համար դարձել է մի յուրօրինակ սրբավայր։ Առավել եւս՝ պետք չէ դա անել ի լուր աշխարհի, ի լուր թշնամու։ Առաջնագիծը բոլորիս համար այսօր ավելին է, քան Ավարայրի դաշտը, դա այն տեղն է, ուր ամեն օր մարտիրոսվում են մեր զինվորները։ Հետեւաբար, թեկուզ եւ իրական հիմք ունեցող կասկածներով մթագնել այդ նոր ավարայրի մեր ընդհանրական ընկալումը, նշանակում է քամահրել պատերազմական իրավիճակով թելադրվող համազգային վարքի հոգեբանական կանոնները։

Ինձ համար՝ որպես քաղաքացու, ցավալի է տեսնել, թե ինչպես են պետական կարեւորության գործերը, մանավանդ՝ անվտանգությանը վերաբերող,  «քննվում-վճռվում» «Ֆեյսբուք» կոչվող բաց տարածքում, որտեղ հնչող-գրվող խոսքերը երբեմն ավելի մոտ են ասեկոսեներին, քան իրականությանը։ Ես չեմ ուզում, որ երկրիս կառավարիչները Ֆեյսբուքով իրազեկեն մեր «շարքերում» գտնվող հնարավոր դավաճանների գոյության մասին։ Դեռ մի կողմ թողած այն հարցը, թե արդյո՞ք արժե, որ ընդհանրապես այդ թեմայով խոսեն։ Այդ թեման այս ճակատագրական օրերին հակացուցված պիտի լիներ՝ չհրապարակայնացվելու չափ, եթե նույնիսկ ․․․ «թեմա» կար։ 

ՀԳ։ Հոկտեմբերի 8-ի երեկոյան ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց սույն թեմայի կոնկրետ հանգամանքների հետ կապված, որով պարզվեց, որ ոմն «Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ եւ ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ եւ ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրեւ հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում, եւ իրենց առջեւ դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է»։

Հաղորդագրության մեջ ամենաէականը, հոդվածում քննարկվող հարցի առնչությամբ, դեպքի ամսաթիվն է՝ սեպտեմբերի 27-ը։ Սա պատերազմի առաջին օրն է, որից շատ օրեր են անցել, հավերժություն թվացող երկար օրեր, այդ օրերի մեջ մեր 300-ից ավելի նահատակների սխրանքներն են ու հերոսապատումները, եւ հիմա՝ ինչ-որ դավաճանության կասկածով ստվերել առաջնագծի մասին մեր պատկերացումները՝ հազիվ թե ճիշտ են հենց ազգային անվտանգության տեսանկյունից։