Արթուն լեզու

Արթուն լեզու

Սահմանագծին, մարտի դաշտում հիմա ոչ միայն հայ զինվորն է, նրա անկոտրում ոգին եւ հաղթողի անբեկ կամքը․ հայոց գոյության կռվին զինվորագրվել է նաեւ (բնականորեն)․․․ լեզուն։ Դժվար է կռահել, թե ենթագիտակցական ի՛նչ խորքեր են ալեկոծվել, հեռավոր քանի՛ դարեր են շուռ եկել, որ մեր լեզուն այսօր մակերես է հանել բառեր, արտահայտություններ, քերականական ձեւեր, որոնք, թվում է, լռել էին մեկընդմիշտ։

Իր հազարամյա գոյության ընթացքում ԶԳԵՏՆԵԼ («զգետնի, այսինքն՝ ընդ գետին զարկուցանել»՝ հուշում է Հայկազյան բառարանը) բառը երեւի այնքան գործածություն չի ունեցել, որքան վերջին երկու շաբաթներում։ Եվ խիստ խորհրդանշական է, որ մեր ինքնապահպանական բնազդը դարավոր նիրհից հենց ա՛յդ բառն արթնացրեց, որ իրենով ոգի է, հաղթանակի շունչ, հաղթողի կանչ։ Չգիտեմ՝ դարձյա՞լ Արծրուն Հովհաննիսյանի ձեռամբ ու կամոք գրաբարյան այդ բառը «հայտնվեց» մարտադաշտում, հպարտությամբ թառեց հազարավոր հայորդիների շուրթերին, բայց դա կարեւոր էլ չէ։ ԶԳԵՏՆԵԼ-ը մտավ մեր առօրյա բառապաշար այնքան հախուռն եւ անկասելի, որ այլեւս դժվար է պատկերացնել, թե այն երբեւիցե նորից ետ կլողա բառարանային իր անձուկ լռությունները։ Այնքա՛ն մեծ ու համատարած էր այդ բառի կախարդանքը, այնքա՛ն հստակ էր նրա աղերսը հեռավոր Ավարայրի մարտիկների կանչերին,  որ բառի հետ գրաբարյան «Զ» նախդիրն էլ յուրօրինակորեն կենդանացավ եւ հիմա փորձում է անել անհնարը՝ ավելանում է ոչ միայն գոյականներին, ինչպես իր ժամանակներում, այլեւ․․․ բայերին՝ «կերտելով» նոր բայաձեւեր, որոնք բառակազմորեն, իհա՛րկե, ճիշտ չեն, բայց այդ սխալները հագեցած են անմեկնելի ճշմարտությամբ։

Սոցցանցերում ԶԳԵՏՆԵԼ բառի «համաբանությամբ» հանդիպում են նաեւ «զմխրճել» («Գնդակն զմխրճեց թշնամու ճակատին»), «զխոցել» («Զխոցեց թշնամու ուղղաթիռը») եւ այլ գործածություններ, իսկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը (Ռուբեն Մելիքյան՝ Արցախի նախկին ՄԻՊ) հրետակոծվող Ստեփանակերտից նույնիսկ մի ամբողջ «գրաբար» նախադասություն էր հղել իր հայրենակիցներին՝ օտարաբառ, սակայն այնքա՛ն սիրելի իր հնաբույրությամբ եւ հուզիչ՝  «ուղղագրությամբ»՝ «Ընդ բամբեոժկոյ ի Ստէփանակէրտ։ Լաւ ենք»։

Պատերազմը ցույց տվեց, որ մեր լեզուն իր խորքում նաեւ անպատկերացնելի չափով բարոյական է։ Զարմանքով ու հիացմունքով կարելի է արձանագրել, թե ինչպես  անօդաչու թռչող սարքերը՝ ԱԹՍ հապավմամբ, երբ մեր լեզվաբաններից մեկն առաջարկեց գործածել արտասանական առումով ավելի դյուրին հնչողությամբ՝ թռչող անօդաչու սարք՝ ԹԱՍ, որ նույնիսկ պատկերային առումով կարող էր ավելի ընդունելի լինել (թռչող ափսեի համաբանությամբ), սակայն մեր լեզվի ներքին բարոյական վահանը մերժեց այդ հապավումը, քանզի այն ուղղակի համանուն էր դառնում մեծ կենսականություն ունեցող «թաս» բառի հետ, որը ոչ թե մահվան ու ավերումի, այլ կյանքի ու բերկրանքի զուգորդություններ է միայն արթնացնում․ «Էս էլ կերթա հանց երազում․ թասդ բեր»։
Արդարեւ, կերթա-կանցնի, քանզի արթուն են հայի ոգին եւ այդ ոգու անխարդախ կրողը՝ հայոց լեզուն։