Եթե Ռուսաստանի ռեսուրսները պակասեն, հնարավոր չի լինի խաղաղապահներին պահել ոչ Արցախում, ոչ Գյումրիում

Եթե Ռուսաստանի ռեսուրսները պակասեն, հնարավոր չի լինի խաղաղապահներին պահել ոչ Արցախում, ոչ Գյումրիում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Զոլյանը:

- Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը չի դադարում՝ 13-14 օր է արդեն: Ձեր կարծիքով, Հայաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լինի այս հակամարտության հետ կապված:

- Հայաստանը ՄԱԿ-ի քվեարկությանը ձեռնպահ քվեարկեց: Փաստորեն դեմ քվեարկել է ընդամենը հինգ պետություն, մնացածը, հիմնականում ԵԱՏՄ երկրները քվեարկել են ձեռնպահ: Բնականաբար, այս քվեարկությունը նպաստավոր է եղել Ռուսաստանի համար: Դեմ և ձեռնպահ քվեարկելն, ըստ էության, նույնն է: Այսինքն` սա եղել է ճշգրիտ հաշվարկի արդյունքում: Կարծում եմ` սա Ռուսաստանի հետ պայմանավորված է եղել:

- Եթե այս պատերազմում հաղթի Ռուսաստանը, Հայաստանը դրանից կշահի՞:

- Շատ դժվար է ասելը: Այսօր Ուկրաինան պարզապես ռազմադաշտ է: Ռուսաստանին ներքաշել են այդ լուրջ գործընթացի մեջ, որի ավարտն այդպես էլ չի երևում: Պատերազմի շարունակությունը վնաս է ուկրաինացի ժողովրդին, բայց ինչպես տեսնում ենք այդ երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ Ուկրաինան կարող է վերածվել պարտիզանական երկրի: Այսինքն` պետք է հասկանալ, որ Ուկրաինան պարզապես ռազմադաշտ է, որին օգտագործում են, ՌԴ-ի համար ավելի մեծ Աֆղանստան դարձնելով: Այս առումով դժվար է հաղթանակի մասին խոսելը: Ուկրաինան պարզապես զոհ գնաց այս հակամարտությանը:

- Հայաստանի սահմանին, կարծես, իրավիճակը ևս փոքր ինչ լարվել է: Երասխի ուղղությամբ թշնամին կրակ էր բացել նախօրեին, անգամ զոհ ունեցանք: Հնարավո՞ր է Ադրբեջանն օգտվելով առիթից, որ Ռուսաստանը պատերազմական իրավիճակում է, Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսի:

- Չնայած մեծ ողբերգություն է, բայց պետք է հասկանալ, որ Ադրբեջանը չէ, որ որոշում է խաղի կանոնները: Աշխարհն այսօր կանգնած է համաշխարհային երրորդ պատերազմի վտանգի առաջ: ՆԱՏՕ-ն հասկանալով իրավիճակը զենքերը չբերեց Ուկրաինա, սակայն մյուս կողմից մենք լսում ենք Ռուսաստանի նախագահի Պուտինի հայտարարություններն, այն է` գնալու են մինչև վերջ: Պուտինը հայտարարում է՝ ո՞ւմ է պետք աշխարհը, եթե Ռուսաստան չի լինելու: Այսինքն` եթե Ռուսաստանին ոչնչացնելու փորձ լինի, Պուտինը դիմելու է իր հնարավորություններին, իսկ այդ հնարավորություններն այնպիսին են, որ կարող է աշխարհը վերանալ: Տարածաշրջանում գլխավոր խաղացողները` Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան են: Նրանք են որոշողը: Բոլորովին վերջերս ադրբեջանցի պատգամավորները ժամանել էին Երևան: Նրանցից մեկը մի հիմար արտահայտություն էր արել մզկիթի վերաբերյալ և Իրանը բավականին լուրջ պատասխան հնչեցրեց, իսկ ահա Ադրբեջանը բավականին զայրացած պատասխանեց: Իրանն, ըստ էության, հիշեցրեց, որ այս տարածքը ոչ թե Ադրբեջանին է պատկանում, այլ ընդամենը 200 տարի առաջ իրենն էր: Եվ իսկապես մենք տեսնում ենք, որ Արևելյան Հայաստան ասվածը` Իգդիրը, Մասիս լեռը, Նախիջևանը Ռուսաստանը զավթել է Իրանից և Իրանը, բնական է, չի ուզում սպասել ու տեսնել, թե ինչպես են դրանք վերագրվում թուրքերին: Հայաստանն այսօր մեծ վտանգի առաջ է կանգնած, քանի որ, եթե Ռուսաստանի ռեսուրսները պակասեն, հնարավոր չի լինի խաղաղապահներին պահել ոչ Արցախում, ոչ էլ Գյումրիում:

- Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն սառել է Ուկրաինայի նկատմամբ ու մենակ է թողել: Ըստ էության սա ինչո՞վ է պայմանավորված:

- Զելենսկու հայտարարություններն ինչպիսի՞ն են: Փաստորեն ինքն այս ամենը հրահրեց և հիմա դժգոհում է, որ ՆԱՏՕ-ն սառել է: Մի կողմից բնական է: Զելենսկին երևի հույսեր ուներ, չնայած ՆԱՏՕ-ն չգիտեմ ինչ հույսեր է տվել: