Ձեւավորել պետական պատվեր գիտության ոլորտում

Ձեւավորել պետական պատվեր գիտության ոլորտում

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» խորագրով, որը տեւեց մոտ 5 ժամ, եւ որին մասնակցեցին գիտական, բուհական շրջանակների, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, դիմելով ներկաներին, հորդորեց՝ չվախենալ երազելուց, լինել ամբիցիոզ եւ գործել ըստ այդմ, «որովհետեւ միայն այդ ճանապարհով կկարողանանք մեր բանակն արդիականացնել։ Առհասարակ, բանակի ինտելեկտուալացումը, մեքենայացումն այլընտրանք չունեն։ Պատերազմը ցույց տվեց, որ մենք հենց այս ճանապարհով պետք է շարժվենք առաջ, մյուս կողմից՝ շատ կարեւոր է հասկանալ, թե որոնք են մեր ուժեղ կողմերը՝ փորձելով նաեւ դրա վրա կառուցել անվտանգության ողջ համակարգը»։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր խոսքում ընդգծեց․ ոչ թե գիտությունը, այլ ճիշտ կլիներ՝ խորհրդարանական լսումները վերնագրել՝ «Գիտությունն ու կրթությունը, որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն»։ Նրա դիտարկմամբ՝ ամեն ինչի հիմքում կրթությունն է, ավելին՝ դրանք մի ամբողջականություն են, եւ արհեստական են բոլոր փորձերը՝ բարձրագույն կրթությունն ու գիտությունն իրարից անջատելու։

«Անվտանգություն ասելով՝ պետք է հասկանանք նաեւ ուժեղ միտք, ճիշտ գաղափար, ռեալ գնահատական մեր իրականությանը։ Եվ մտքի մեծությունը կապ չունի մեր երկրի տարածքային մեծության հետ։ Պետք է իրատես լինենք եւ շատ լուրջ վերաբերվենք գիտությանը եւ ոչ թե խոսքերով, այլ գործով պետք է անցնել ռեալ գործողությունների։ Գիտության այս ֆինանսավորումը, որ այսօր ունենք, որեւէ հրաշք մի սպասեք, որ տեղի կունենա գիտական աշխարհում՝ նման համեստ գումարների դեպքում։ Պիտի մտածենք։ Պետք է ձգտում լինի՝ գիտնական, դասախոս դառնալու, բուհում աշխատելու։ Չունենք այսօր այդ մրցակցությունը։ Ունենք երիտասարդ գիտնականներ, բայց նրանք շատ քիչ են։ Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, շատ, էապես ավելի տաղանդավոր, քան որոշ մեր այլ երիտասարդներ, բայց այդ տաղանդավորներից շատերը, ցավոք սրտի, շատ բարձր գնահատվելով իրենց պրոֆեսիայով, ի՞նչ են անում․ գնում են արտասահման եւ շատ բարձր վարձատրվող աշխատանքներով են զբաղվում եւ ճիշտ են անում»,- ասաց Դումանյանն ու կարեւորեց կրթության լրջությունը բոլոր շերտերում, քանի որ որոշ շերտերում կան «անլուրջ պահեր»։  

Ռազմարդյունաբերության ուղղությամբ վերջին 2 տարիների ընթացքում ավելի քան երկուսուկես անգամ ավելացվել է պետբյուջեից գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների համար նախատեսված գումարների չափը․ իր խոսքում ընդգծեց ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նա հավելեց․ սա ասում է՝ ընդգծելու համար, որ կառավարության ծրագրի ու առաջնահերթությունների մեջ նախանշված է, որ Հայաստանը պետք է լինի բարձրտեխնոլոգիական երկիր․ «Առաջնահերթությունների ճիշտ սահմանում, ճիշտ կոորդինացիա, ռեսուրսների ճիշտ տեղաբաշխում․ սրանք այն հիմնարար ուղղություններն են, որոնցով մենք կկարողանանք դիմագրավել եւ ապահովել այս տարածաշրջանում մեր գոյությունը»։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ հիշեց Էյնշտեյնին, ով երեւակայությունն ավելի էր կարեւորում, քան գիտելիքը․ «Գիտելիքն այն է, ինչ ունես, կա, իսկ երեւակայությունն այն է, ինչ չկա եւ պետք է լինի։ Ուստի ինքնին հասկանալի է, որ գիտության ֆինանսավորումը պետք է ավելանա, եւ պետք է ուժեղանա բնագիտական թեւը, որպեսզի ունենաք հզոր տնտեսություն եւ բանակ»։ Նրա կարծիքով, այսօր գիտնականի դերի վերարժեւորման կարիք ունենք, իսկ արժեւորված եւ արդյունք ստեղծող գիտնականն ուժեղ պետության գրավականն է։ Ըստ Հովհաննիսյանի, բիզնեսի եւ գիտության կապը շատ կարեւոր է, որը բաց է թողնվում մեր երկրում․ «Շատ երկրներում հենց բիզնեսն է, որ իր ներդրմամբ գիտության մեջ կարողանում է նպաստել թե՛ գիտության, թե՛ կրթության զարգացմանը։ Միայն պետության աջակցությամբ լուրջ հաջողությունների հասնել, այն էլ այսպիսի տնտեսական պայմաններում՝ անհնար է։ Խնդիրների ճիշտ ձեւակերպումը թույլ կտա դրանց համար լուծումներ գտնել»։

Հայաստանն ընդհանրապես դանդաղ է զարգանում՝ ընդգծում է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանն ու օրինակ բերում․ «Եթե բանկից ուզենաս վերցնել վարկ, կտան այնպիսի տոկոսով, որ որեւէ խելամիտ բիզնես աշխարհի մակարդակով չի կարող լինել մրցունակ։ Իսկ գիտությունը ռիսկ է, որովհետեւ անորոշություն կա, միշտ անհայտի հետ գործ ունես, բայց պետք է չվախենանք բացասական արդյունքից, որովհետեւ բացասական արդյունքն էլ գիտության մեջ շատ լավ արդյունք է։ Գիտությունը պետության անվտանգության կարեւորագույն մասն է, ոչ միայն այն պատճառով, որ ապահովում է անմիջական անվտանգության գործիքներ, այլեւ պետությունը կարեւոր է դարձնում աշխարհի համար։ Մենք գիտությանը պետք է վերաբերվենք որպես ինքնանպատակի, չի կարելի գիտությունից պահանջել արդյունք, իհարկե՝ մեզանում կան մարդիկ, ովքեր ի ի վիճակի են գիտության արդյունքը վերածել գումարի»։ Նա հավելեց, որ գիտության ֆինանսավորումը պետք է ավելացվի եւ պետք է լինի առանց նախապայմանների։

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշեց, որ 2020թ․ նկատմամբ «կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետեւանքները մեղմացնելու նպատակով գիտության բյուջեից տեղի է ունեցել որոշակի պակասում 502 մլն դրամի չափով», իսկ ընդհանուր առմամբ, պետական բյուջեից ֆինանսավորում ստանում է 71 պետական գիտական կազմակերպություն, որոնցից 35-ն ակադեմիայի կազմում է, 21-ը ԿԳՄՍՆ-ի կազմում գործող ինստիտուտներ են, որոնցից 12-ն էլ՝ բուհ։  

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն առաջ քաշեց գիտաշխատողների աշխատավարձի չափը․ «Մեր գիտաշխատողը ստանում է աշխատավարձ մեր երկրում միջին աշխատավարձի կեսի չափով, օրինակ՝ Ռուսաստանում գիտնականը ստանում է երկրի մինիմումի կրկնապատիկը, Չինաստանում, Հարավային Կորեայում՝ միջին աշխատավարձից 5-10 անգամ ավելի։ Դա ամեն ինչ բացատրում է արդեն, ո՛չ այս, ո՛չ նախորդ իշխանությունները, 91թ-ից սկսած՝ մեր գիտությունը, փաստորեն, չի ֆինանսավորվել։ Ուրիշ երկրներում առաջին հերթին ֆինանսավորվում է անվտանգությունը, ապա՝ գիտությունը, իսկ գիտությունն էլ անուղղակիորեն էլի անվտանգության խնդիրներ է լուծում»։

ԳԱԱ նախագահը կարեւորեց պետական պատվերի ձեւավորումը գիտության ոլորտում․ «Մի կողմից, այդ պատվերը շատ բարձր չպետք է լինի այն հնարավորություններից, որ տվյալ ժամանակահատվածում մենք ունենք, մյուս կողմից էլ այն պետք է արտացոլի տեխնիկական այն իրողությունները, որ անհրաժեշտ է լուծել։ Երբեմն էլ պատվեր տվողները լավ չեն պատկերացնում տվյալ տեխնոլոգիան, որ պետք է զարգացվի, ուրիշ երկրներում ինչ մակարդակի վրա է»։  

Անդրադառնալով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծին, Մարտիրոսյանը նշեց, որ օրենքի նախագծում անորոշ է այն ինստիտուտների կարգավիճակի հարցը, որոնք գտնվում են ակադեմիայի համակարգում․ «Օրենքում ճշտված չէ այդ կարգավիճակի իմաստը, թե այդ ինստիտուտների վերադասն ով է։ Այդ խնդիրն է, որ վերջնական կանոնակարգված չէ, եւ մեր պահանջն այն է, որ լինի այնպես, ինչպես որ կա։ Չեմ կարծում, որ այսօր անհրաժեշտ է ունենալ գիտության մասին նոր օրենք, հատկապես որ ունենք 2 գործող օրենք, մեկը կոչվում է՝ գիտության եւ գիտական քաղաքականության օրենք, մյուսն էլ ԳԱԱ-ի մասին օրենքն է։ Այդ օրենքները գործում են, եւ եթե խնդիրներ կան՝ այդ օրենքներում կատարել փոփոխություն, մենք պատրաստ ենք դա անել»։