Արցախն արդեն հանձնել էին, իսկ ճշմարտությունն ասելու փոխարեն Արծրուն Հովհաննիսյանը «Հրապարակի» դեմ ստատուս էր գրում

Արցախն արդեն հանձնել էին, իսկ ճշմարտությունն ասելու փոխարեն Արծրուն Հովհաննիսյանը «Հրապարակի» դեմ ստատուս էր գրում

Պատերազմի ավարտից հետո ամենաշատը «Հրապարակն» իրավունք ուներ անարգանքի սյունին գամել Արծրուն Հովհաննիսյանին, որովհետեւ այս մարդն իր գործունեության ողջ ընթացքում մեր դեմ է աշխատել։ Մեր դեմ էր աշխատում, երբ ՊՆ մամուլի քարտուղարն էր, իսկ նա այդ պաշտոնին էր 2012 թվականից։ Մեր դեմ էր աշխատում անգամ այդ պաշտոնից հեռանալուց հետո, երբ 2020-ի մարտին ազատվեց աշխատանքից եւ նշանակվեց Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում ինչ-որ պաշտոնի, ապա, երբ 2020-ի հուլիսին կրկին նրա ծառայությունների կարիքը զգացվեց, եւ նրան հետ բերեցին ՊՆ, որպեսզի տավուշյան մարտական գործողությունների ժամանակ կառավարի լրատվադաշտը՝ ցանկալի լուսաբանում ապահովելով, եւ, վերջապես՝ 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմի ժամանակ, երբ դարձավ իշխանությունների համար անփոխարինելի անձ եւ վճռորոշ դերակատարում ստանձնեց՝ հանրությանը մոլորեցնելու, ապակողմնորոշելու եւ ստով ու կեղծիքով կերակրելու գործում։

Հիմա նա տարանջատվում է եւ նվազեցնում իր դերակատարումը՝ փորձելով համոզել, որ ինքն էլ է մեզ նման խաբված եղել, այլ ոչ թե խաբել է՝ լիարժեք տեղեկացված լինելով, թե ինչ է կատարվում ռազմի դաշտում, եւ ինչ «հաղթանակներ» ու կորուստներ ունենք մենք։ Եթե ՊՆ ներկայացուցիչը, իշխանությունների կողմից լիազորված անձը, որը հավատացնում էր, որ տիրապետում է ողջ ինֆորմացիային եւ կարող է անգամ ակնարկներով ու միմիկայով ինչ-որ բաներ հասկացնել, այսօր հայտարարում է, թե հավատացել է, որ հաղթելու ենք, դա հերթական սուտն է՝ հմուտ ստախոսի շուրթերից։ Նախօրեին նա իր հարցազրույցում ասել է․ «Ես հավատում էի, որ հաղթելու ենք, եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ես ինչ-որ մեկին խաբել եմ»:
Ոչ, Արծրուն Հովհաննիսյան, դու խաբել ես՝ նախապես տեղյակ լինելով, որ դա խաբեություն է, եւ Հայաստանի պատմության մեջ այլեւս քո անունը մնալու է որպես ստի ու կեղծիքի խորհրդանիշ, սերունդներին սուտ չխոսել սովորեցնելու են հենց քո օրինակի վրա, եւ այսօրվա քո արդարացումներն այս իշխանություններին բնորոշ «կրուտիտների» շարքից են։ Բայց այսօր ոչ թե Արծրուն Հովհաննիսյանի ստերի մասին եմ ուզում խոսել, այլ ուրիշ թեմայով, որը եւս ապացուցում է նրա կողմից 44 օր ստեր հրապարակելու եւ հանրությանը, մեր երկրին վնասելու փաստը։

Սա ավելին է, քան սուտը

Նոյեմբերի 7-ին, երբ Արցախի 75 տոկոսը հանձնված էր, հանձնված էր նաեւ Շուշին, եւ իշխանություններն ու իրենց սատելիտները, այդ թվում՝ Արծրուն Հովհաննիսյանը, դրա մասին շատ լավ գիտեին, քանզի արդեն մտմտում էին, թե ինչպես այդ տեղեկությունը մատուցել հանրությանը, որ իրենց գլուխները չթռչեն, Արծրունը մի վերջին ստորությունն արեց «Հրապարակի» դեմ։

Ի դեպ, մինչ այդ էլ՝ իր նշանավոր ասուլիսներում զերծ չէր մնում մեր դեմ հարձակումներից, ստատուսներ էր գրում՝ մեր թերթի անունը չնշելով, բայց այնպես, որ մարդիկ հասկանան՝ խոսքը «Հրապարակի» մասին է։ Առհասարակ, ռազմական դրության սահմանափակումների, էյֆորիկ տրամադրությունների, տհաճ լուրեր լսել չկարողանալու հանրային տրամադրությունների միջավայրում մենք ահավոր ծանր օրեր ենք ունեցել։ Մի կողմից՝ այն ամբողջ տեղեկատվությունը, որն այսօր կամաց հասանելի է դառնում հանրությանը, մեզ որոշակիորեն հասանելի էր նաեւ այդ օրերին, եւ մենք մեզ դավաճան էինք զգում, որ չենք կարողանում այն հասցնել հանրությանը։ Անգամ այդ օրերին մեր կայքում մի պատուհան բացեցինք, որտեղ 40 օր նույն հաղորդագրությունն էր զետեղված․

«Հարգելի ընթերցողներ, ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի եւ հոկտեմբերի 8-ի որոշումներով սահմանափակումներ են դրվել լրատվական գործունեություն իրականացնողների նկատմամբ, որոնք խախտելու դեպքում սահմանվում են մեծ տուգանքներ, ուստի մենք զրկված ենք ողջ ճշմարտությունը ձեզ ներկայացնելու հնարավորությունից: Մեր լրագրողական պարտքն այսօր մենք չենք կարողանում կատարել՝ մեզնից անկախ պատճառներով, ինչի համար մեզ մեղավոր ենք զգում եւ հայցում ենք ձեր ներողամտությունը»։

Այնուամենայնիվ, անգամ այդ պայմաններում մենք փորձում էինք որոշ բան հասցնել ընթերցողին, ակնարկների կամ տողատակերի լեզվով գոնե ինչ-որ բան փոխանցել։ Եվ ամեն անգամ բախվում էինք պետական գրաքննիչների եւ, որ ավելի ցավալի է՝ հանրային գրաքննիչների պատին։ Ոչ մի շրջանում մեր բերանն այդքան չեն փակել, այդքան չեն զսպել մեր գործունեությունը, որքան այդ 44 օրվա շրջանում։ Եվ, ինչն ավելի ցավալի է, զսպում էին ոչ այնքան այդ պատերազմը հրահրած եւ մարտադաշտում ամեն օր պարտվող ու հանրությանը խաբող իշխանությունները, որքան՝ հենց հանրությունը, որը պետք է պահանջատեր լիներ, պետք է մեզ պարտադրեր՝ իրենց այլընտրանքային տեղեկատվություն փոխանցել։ Պարտադրեր, որ չմնար Արծրուն Հովհաննիսյանի կործանարար ստերի հույսին։

Մենք օրական հարյուրավոր նամակներ ու սպառնալիքներ էինք ստանում՝ մի գրեք, օգտվեք միայն պաշտոնական տեղեկատվությունից։ Հայհոյում էին մեզ յուրաքանչյուր ոչ պաշտոնական տողի ու տառի համար։ Սոցցանցերում մեր դեմ արշավներ էին գնում՝ փակեք, ջնջեք, մի կարդացեք «Հրապարակ», մեզ թշնամի էին անվանում, դատապարտում, որ չենք տարածում Արծրունի ստերը եւ կեղծ-հաղթական լուրերով չենք կերակրում հանրությանը։

Մեր 12 տարվա գործունեության ընթացքում նման դաժան շրջան չենք ունեցել անգամ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին։ Բայց 44 օրվա տեռորի պսակը, անշուշտ, նոյեմբերի 7-ի գրառումն էր՝ Արծրուն Հովհաննիսյան-լեւիտանի պատին։

Մենք մի անմեղ լուր էինք հրապարակել, որտեղ նշել էինք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնին Արծրուն Հովհաննիսյանն է լինելու դրամահավաքի դեմքը, եւ զրուցել էինք հենց իր հետ, ինքն էլ հաստատել էր այս տեղեկությունը, ընդամենը մի փոքրիկ հավելում էինք արել․

«Մեկ ամիս շարունակ հայկական բանակի հաղթանակների ու հաջողությունների մասին ազդարարող, հիմնականում իրականությունից տրամագծորեն տարբերվող ինֆորմացիա հանրությանը մատուցող Արծրուն Հովհաննիսյանի հետ մեծ գումարների հանգանակության հույսեր են կապում»։

Ահա, այս տողից վրդովված՝ Արծրունը նույն օրն իր էջում գրեց․

«Ես գիտեմ, որ հիմա պատերազմի ժամանակին բնորոշ գրառում չեմ անում, բայց ստիպված եմ: Ներողություն, որ այսպիսի բաներ եմ գրելու բայց այլ տարբերակ չկա: Մի քանի թուրքի ատելություն ավել-պակաս բան չի որոշում: Սա «Հրապարակ»-ի նյութն է իմ մասին: «Մեկ ամիս շարունակ հայկական բանակի հաղթանակների ու հաջողությունների մասին ազդարարող, հիմնականում իրականությունից տրամագծորեն տարբերվող ինֆորմացիա հանրությանը մատուցող Արծրուն Հովհաննիսյանի...»։ Ուրեմն Ապրիլյան պատերազմի ժամանակ նույն այս թերթը, իր աղբյուրների համաձայն, իբր ադրբեջանական դիվերսիոն խմբի մասին մի լուր հաղորդեց, որի պատճառով մեր զորքերի պլանավորած օպերացիաներից մեկը տապալվեց: Մնացածը դատեք ինքներդ»:

Հաղթանակներից ու Արծրունի ստերից կուրացած ֆանատները սա դիտեցին որպես կոչ՝ ընդդեմ «Հրապարակի» մարտի նետվելու, լրատվամիջոցը ոչնչացնելու, եւ սկսվեց։ Այդ ստատուսը «լայքեց» 28 հազար 115 մարդ, կիսվեց 5 հազար 100 մարդ, եւ ազատ խոսքին հայտարարված պատերազմն այլեւս կասեցնել չհաջողվեց։ Մենք այդ օրը 2 հազարի չափ սպառնալիք, հայհոյական հաղորդագրություններ ու զանգեր ստացանք։ Սպառնում էին թերթի խմբագրին, խմբագրությունն ու լրագրողներին՝ իրենց ազգուտակերով «սպանել, վառել, ոչնչացնել»։ Արծրունի ստատուսի տակ կոչեր էլ կային, մասնավորապես՝ այսօր իշխանությունից տարանջատվել փորձող Սոֆյա Հովսեփյանը գրել էր․ «Պետք է կազմակերպված էդ էջի հավանումներից դուրս գալ, թյուրիմացություն է իր խմբագրի հետ մեկտեղ»: Սա այն Հովսեփյանն է, որի հետ տասնյակ հարցազրույցներ է արել «Հրապարակը» եւ ոչ մի թթու խոսք չի ասել։ Եվս մեկը՝ իրեն քաղաքագետ հորջորջող Ռուբեն Մեհրաբյանը, ում հետ նույնպես բազմիցս հարցազրույցներ ենք արել, գրեց․ «Ի տարբերություն Ապրիլյան պատերազմի, հիմա ռազմական դրություն է հայտարարված, որն արգելում է նման «որակի» գործունեությունը։ Ուղղակի պետք է դրա հետեւից գնալ ու միջոցներ ձեռնարկել, որ էլ էդ կարգի գլխակերությամբ չզբաղվի էդ «մեյդան գազեթին»»։

Ֆեյսբուքում հետեւորդների մեծ քանակ ունեցող ոմն Հարություն Մկրտչյան գրեց․ ««Հրապարակ»-ով շաաատ վաղուց պիտի զբաղվեր Ազգային անվտանգության ծառայությունը։ Պետական ինստիտուտները եթե հիմա էլ ճիշտ չաշխատեցին, այլեւս աշխատելու է հասարակական ցասումը...»։

Եվ բազում այլ ստատուսներ, որտեղ թեգ էին անում ԱԱԾ-ին եւ կոչ անում՝ զբաղվել մեզանով, իսկ ՖԲ օգտատերերին՝ բլոկ, անլայք, ռիփորթներ անել «Հրապարակի» ֆեյսբուքյան էջը, որ կասեցնեն, վնասեն մեր գործունեությանը։ Մեկ օրում մեր ֆեյսբուքյան էջից 2 հազար մարդ հեռացավ։ Իհարկե, պատերազմի հաջորդ օրվանից սկսած՝ դրանք եռապատիկ հետ եկան, բայց խնդիրը դա չէ, այլ այն հոգեբանական գրոհը, ճնշումները, մեդիատեռորը (իրականում հենց սա է մեդիատեռոր, ոչ թե իշխանություններին ուղղված քննադատությունը), որը կիրառվեց մեր նկատմամբ։

Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանի ստատուսը զազրելի էր ոչ միայն այն առումով, որ նա մեզ թուրք էր անվանում, այլեւ այն զեղծարարության, որով նա համեմել էր իր գրառումը։ Խոսքն Ապրիլյանի ժամանակ իբրեւ թե մեր զորքի կողմից պլանավորված օպերացիայի մասին է։ Մենք երկար գլուխ էինք կոտրում, թե ինչ նկատի ունի մեծն ստախոսը։ Միայն մի փոքրիկ դրվագ կարող էր մոտ լինել՝ սահմանամերձ տարածքում դիվերսանտներ էին հայտնվել, եւ համայնքապետերից մեկը մեզ հետ զրույցում ասել էր այդ մասին, բայց այդ հրապարակման մեջ մեր մասնակցությունը նվազագույն էր՝ եթե ինչ-որ օպերացիա էին պատրաստվում անել, պետք է զգուշացրած լինեին գյուղապետին՝ չխոսել այդ մասին։ Թեեւ համոզված եմ, որ ե՛ւ օպերացիայի, ե՛ւ դրա տապալման մասին հայտարարությունն ուղղակի մտացածին է՝ մեզ վարկաբեկելու նպատակով։

Այժմ վերադառնանք Արծրուն Հովհաննիսյանի արդարացումներին, թե ինքն էլ է հավատացել։ Լավ, ընդունենք՝ 1-2 տոկոսի հավանականություն կա, որ ինքն էլ է խաբված եղել՝ ՊՆ-ից են մոլորեցրել։ Բայց ստախոսությունը՝ ստախոսություն, իսկ ինչո՞ւ էր փակում ճիշտն ասողների բերանը, ինչո՞ւ էր «Հրապարակի» դեմ արշավ հրահրում, այդ զգայուն օրերին մեզ թիրախ դարձնելով եւ պարտությունից հանրության իրավունքը շեղելով դեպի մամուլ։

Ինչո՞ւ էր իշխանական քարոզչությունից տարբերվող գրառումներ անող ֆեյսբուքյան օգտատիրոջը՝ Հասմիկ Մանուկյանին, թուրք անվանում։ Որից հետո Մանուկյանի դեմ ֆեյսբուքյան արշավ սկսվեց, եւ նա իր էջը փակեց ու հեռացավ համացանցից։ Ո՞ր իրավունքով էր նման արշավներ կազմակերպում եւ մեր երկրի ազգային անվտանգության դեմ վնասակար գործունեություն ծավալում։