Մանր-մանր հանձնում են պետությունը

Մանր-մանր հանձնում են պետությունը

«Հրապարակի» զրուցակիցը ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է:

- Այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենաառանցքային հարցը Տավուշի չորս գյուղերն են, որոնք Նիկոլ Փաշինյանն ուղղակի տարածքներ է անվանում և պատրաստվում է առաջիկայում հանձնել Ադրբեջանին:

- Բնականաբար Արցախի պատերազմից հետո նա երկիրը զուտ տարածքներ անվանելով` մաս-մասն տալիս է Ադրբեջանին: Սև լիճը տվեց ու ասաց` ուղղակի ձյունապատ տարածք է, դե հայտնի է, որ Շուշին դժգույն քաղաք էր, Ջերմուկի հատվածը նույնպես սոսկ տարածք է` մեզ պետք չէր, այսինքն, ըստ նրա` ողջ Հայաստանն ուղղակի անպիտան տարածք է, որը կարելի է պարզապես հանձնել Ադրբեջանին: Իսկ այդ ամենն ունի մեկ արդարացում` բացառել պատերազմը: Հիմա հարց է առաջանում, եթե ունենք զոհեր, եթե պետք է նորից տարածքներ կորցնենք, ինչո՞ւ չսկսել պատերազմ, գուցե պատերազմը փոխի՞ ելքը, գուցե այս փթած ղեկավարության փոխարեն իշխանության գան նորմալ մարդիկ…. սրանք երկիրը չեն ցանկանում փրկել, ավելին` մեզ տանում են կործանման: Սրանք միայն իրենց կյանքն են բարելավում, ուրիշ ոչ մի անելիք ու նպատակ չունեն:

- Անգամ սպառնում է, որ Թուրքիան կարող է Արմավիրի մարզից Հայաստանի վրա հարձակվել:

- Այո, կհարձակվի` ինչու ոչ, Թուրքիայի համար ամիսներ առաջ Արմավիրից դուռ բացվեց, ի՞նչ է ուզում` թուրքի առաջ դուռ բացելով խաղաղությո՞ւն էր ակնկալում: Թուրքիայի համար կամուրջ էր սարքում բա, հիմա չեմ հասկանում` ինչի՞ վրա են զարմանում: Թուրքիան կարող է նաև Շիրակի մարզից էլ հարձակվել: Թշնամիներն ունեն բոլոր կարևոր բանալիները:

- Կա տեսակետ, որ ոչ մի պատերազմի վտանգ էլ այս պահին չկա, Փաշինյանն ուղղակի ցանկանում է վախի մթնոլորտում նոր զիջումների գնալ:

- Միանշանակ պատերազմի վտանգը ռեալ է, 30 տարի շարունակ միշտ էլ եղել է այդ վտանգը և մենք ոչ մի անգամ չենք խուսափել դրանից: Տարբերությունն այն է, որ առաջ թշնամիներն ունեին կաշկանդվածություն, քանի որ այն ժամանակվա ղեկավարներն «ատամ» էին ցույց տալիս, հիմա ճիշտ հակառակն է` Ադրբեջանի առաջ միայն «պոչ» է թափ տալիս, բնականաբար նման առիթից թշնամին օգտվելու է ու պատերազմելու է: Նրանց պատերազմելու համար մեծ ջանքեր հարկավոր չեն, առանց կրակելու տարածքներ են վերցնում, էլ ի՞նչն է խնդիրը, բա որ կրակե՞ն` ինչ կլինի: Մի քանի հարյուր հոգու գերեզման կմտցնեն ու իրենց ուզածին կհասնեն:

- Մեր ժողովրդի հույսն էլ, կարծես, ԵՄ դիտորդներն են: Խաչիկ գյուղի գյուղապետը ԵՄ դիտորդներին խնդրել է տարածքում դիտորդական առաքելություն իրականացնել, որպեսզի մարդիկ առանց վախի գյուղատնտեսական աշխատանքները անեն: Մարդիկ մինչև ե՞րբ կարող են այսպես ապրել:

- Ցավոք, սա մեզ համար նորություն չէ: Ի դեպ, նույն այդ ԵՄ դիտորդներն իբրև ժողովրդին ապահովագրում են իրենց ներկայությամբ, բայց ոչ մի բան էլ չեն անում, պարզապես հեռվից հեռադիտակներով նայում են, թե ինչպես է Ադրբեջանը կրակում հայերի վրա: Դրանից հետո էլ պարզապես արձանագրում են, որ կրակոցներ եղան ու զոհվեց այսինչ մարդը, բայց թե ով էր մեղավորը, այս մասին ոչ մի խոսքը, որպես կանոն չեմ հիշում մի դեպք, երբ նշվեր, որ Ադրբեջանն է կրակողն ու հրահրողը:

- Այս պարագայում իշխանություններն ինչո՞ւ են հարաբերությունները խզում միակ` լավ, թե վատ դաշնակցի` Ռուսաստանի հետ:

- Խելամիտ ղեկավարն այս պարագայում ոչ մեկի հետ հարաբերություն չի դադարեցնի, այլ կօգտվի բոլոր տարբերակներից, բայց քանի որ մենք ունենք մեկին, ով ծախել է պետությունը, բնականաբար կտրուկ քայլերի կգնա, հանուն իր նպատակի իրականացման: Նա պատրաստ է ամեն ինչի…. Տեղ գյուղում էլ ամիսներ առաջ ԵՄ դիտորդներ կային, կրակոցներ եղան: Դիտորդներն արձանագրեցին, որ ուղղակի տարածքում չեն եղել այս պահին ու ոչինչ չեն կարող արձանագրել:

- Այս ամենի ֆոնին գրեթե մոռացվեց Արցախը: Մենք չենք հասցնում մի աղետը մարսել, վրա է հասնում հաջորդ աղետը:

- Հստակ է արվում, որպեսզի մարդիկ մոռանան Արցախի մասին: Թշնամին հասել է ՀՀ սուվերեն տարածք ու ամրապնդվել: Այս ամենը շարունակական է լինելու. Սևան, Երասխ, Մասիս և այդպես շարունակ: Մանր-մանր հանձնում են պետությունը:

- Առաջներում Փաշինյանը սիրաշահում էր արցախցիներին, հայրենասերներին` հայտարարելով, թե` Արցախը Հայաստան է: Հիմա միայն հանձնելու մասին է հայտարարում: Տպավորություն է, թե նա վստահ է, որ մարդիկ հաշտ են իր ցանկացած արարքի ու հայտարարության հետ:

- Ժողովուրդը հաշտ չէ այս խայտառակ իրավիճակի հետ: Նիկոլ Փաշինյանը շատ լավ հաշվարկ է արել: 2020 թվականի դիակները մինչև 2021 թվականի վերջ թաղում ու թաղում էին, դրանից հետո տեղի ունեցավ 2022-ի սեպտեմբերը` անթաղ դիակներով անցանք նոր դիակների…. մեր ժողովուրդն այնքան ողբ ապրեց այս ընթացքում, որ այսօր վախի մեջ են հայտնվել: Այո, բոլորը վախենում են զոհերից: Սա լուրջ խնդիր է, ո՞վ կցանկանա իր տանը զոհ տեսնել: Արդյունքում օգտվում է Նիկոլ Փաշինյանը: