«Հրապարակ». Հովհաննես Մանուկյանը՝ վաղեմի երազանքն իրականացնելու ճանապարհին

«Հրապարակ». Հովհաննես Մանուկյանը՝ վաղեմի երազանքն իրականացնելու ճանապարհին

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն այս օրերին ակտիվորեն զբաղված է Գերագույն դատարանի գաղափարի լոբբինգով: Տարբեր տեղեր հարցազրույցներ է տալիս ու ողջունում իշխանությունների այս պրոբլեմատիկ նախաձեռնությունը: Մեզ ասացին, որ Մանուկյանը հույս ունի իրականացնել իր վաղեմի երազանքը` դառնալ Գերագույն դատարանի նախագահ։

Հիշեցնենք, որ նա ժամանակին եղել է վճռաբեկ դատարանի նախագահ: Իշխանությունների սույն նախաձեռնությունը պաշտպանելը, ասում են, հենց այս ցանկությամբ է պայմանավորված, ինչը, սակայն, դատական համակարգում միանշանակ չեն ընդունում եւ դրական չեն վերաբերվում այդ հեռանկարին։ Մեր հարցին ի պատասխան՝ Մանուկյանը նախ հաստատեց, որ ինքն այդ գաղափարի ջատագովն է եղել շատ վաղուցվանից, եւ դա ոչ թե լոբբինգ է, այլ իր համոզմունքների արտահայտումը։ Հարցին՝ ցանկություն ունի՞ դառնալ Գերագույն դատարանի նախագահ, եթե առաջարկեն, Մանուկյանն ասաց, որ լուրջ չի համարում նման հիպոթետիկ հարցադրումներին պատասխանելը, սակայն եւ խուսափեց հերքելուց։