Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի  մահվան 20-րդ տարելիցին

1999 թ. աշնանը դու պատրաստվում էիր մեկնել ԱՄՆ: Դա վարչապետի կարգավիճակով քո առաջին այցն էր: Արեւմուտքում քեզ համարում էին երիտասարդ ու հեռանկարային այն գործիչը, որն առաջիկա տասնամյակում Հայաստանի քաղաքական վերնախավում որոշիչ դերակատարություն էր ունենալու: Միանգամայն բնական էր, որ նրանք ցանկանալու էին ճշգրտել՝ հեռանկարում տեսնո՞ւմ ես դու Հայաստանն այդ մեծ տերության ազդեցության գոտում հայտնվելու հնարավորություն, որի դիմաց Հայաստանը կստանար լուրջ աջակցություն՝ ներդրումների տեսքով: Դու, իհարկե, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո հայտարարեցիր, որ հույսը պետք է դնել սեփական ուժերի վրա: Թե դա ինչ էր նշանակում՝ տարբեր կերպ կարելի էր բացատրել: Ասացիր, որ այնտեղ խոսել են Հայաստանում կոռուպցիայի գոյության մասին: Հոկտեմբերին դու հրապարակավ պատերազմ հայտարարեցիր կոռուպցիային: Իսկ գուցե դա այն պայմա՞նն էր, որի հաջող իրականացման դեպքում Արեւմուտքը պատրաստ էր օգնել քեզ ու Հայաստանին:

Մոսկվայում սեփական երկրի պատմությունից հրաշալի գիտեն, թե ո՛ր ճանապարհներն են տանում «Հռոմ»: Չէ՞ որ Գորբաչովը, իրականացնելով ժողովրդավարությանն ու հրապարակայնությանն ուղղված քայլեր, ակամա քանդեց հենց այն հանգույցները, որոնցով ամբողջական էր մնում բազմաթիվ հակասություններ ներամփոփած Խորհրդային Միությունը: Մատուցելով որպես առաջընթացի գաղափարներ, Արեւմուտքը գիտեր, թե դրանք ինչ ազդեցություն էին ունենալու կարմիր երկիրը քանդելու գործում: Այդ գաղափարներն ավելի զորեղ էին լինելու, քան միջուկային մարտագլխիկները: Նույնը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին: Ինչպե՞ս դա կարող էր դուր գալ Մոսկվային: Հայաստանում պայքարել կոռուպցիայի դեմ՝ նշանակում էր կտրել ռուսաստանյան կողմնորոշման բազմաթիվ թելեր: Կրեմլում կարող էին մտածել, որ ԱՄՆ-ում դու ձեռք էիր բերել փոխադարձ հուսադրող մի համաձայնություն, որի բաղկացուցիչ մասը կամ նախապայմաններից մեկը Հայաստանում կոռուպցիայի, հետեւաբար՝ Մոսկվայի ազդեցության, մեղմ ասած, թուլացումն էր, եթե ո՛չ վերացումը:

Դու հայտարարեցիր նաեւ, որ ձեռք բերված պայմանավորվածություններից մեկով 2000թ. մայիսին Լոնդոնում կհրավիրվի ֆորում, ուր կքննարկվի Համաշխարհային բանկի աջակցությամբ հայկական կապիտալի համախմբման ու այն Հայաստանի կարիքներին ծառայեցնելու հարցը: Այսինքն՝ Հայաստանը փորձում էր տնտեսական ինքնուրույն քայլե՞ր կատարել՝ պորտալարը հյուսիսից կտրելու հավանականությա՞մբ: Դա վիրավորական չէ՞ր արդյոք հյուսիսի արջի համար: Հայտնի բան է, որ վիրավոր արջն ավելի վտանգավոր է, քան առողջը: Ինչեւէ, եթե հաշվարկները ճիշտ էին, ապա Հայաստանը կարող էր ուժեղացնել սեփական շահի գործոնը, որքան էլ դա անհավանական թվար առաջին հայացքից: Դա վերաբերում է նաեւ արցախյան խնդրի կարգավորմանը:

Այդ օրերին շշուկներ տարածվեցին, որ արցախյան հիմնահարցը շուտափույթ լուծելու հնարավորություն կա: 20 տարի լռության տակ է մնացել այն փաստը, որ այդ լուծման բաղադրիչներից մեկը պիտի լիներ Նախիջեւանին ու Բաքվին Մեղրիով ճանապարհի տրամադրումը: Որ այդ տարբերակն ինչ-որ պահի օրակարգային է եղել, հիմա գիտեն բոլորը: Հոկտեմբերի սկիզբն էր. քո անվտանգության աշխատակիցներից մեկն ընդունարանիցդ դուրս եկավ եւ հուզված մտնելով կողքի սենյակ՝ բացականչեց. «Տղերք, կործանված ենք, Մեղրին տալիս ենք»: Հետո ավելացրեց, որ դիմացն էլ մեզ առաջարկում են Արարատ լեռն ու Անի մայրաքաղաքը: Ո՞վ էր ինչ ասել, ինչպե՞ս եւ ումի՞ց էր դա լսել, հանկարծակիությունից ոչինչ չհարցրինք: Մտքերն իսկական ֆանտաստիկայի ժանրից էին:

Դա ենթադրում էր խնդրի «լուծման» մեջ նաեւ Թուրքիայի ներգրավվածություն: Մահվանիցդ հետո եղբայրդ՝ Արամը, պատմեց, որ քո նոթատետրում Մեղրու մասին կա գրառում, որտեղ դու հաշվարկել էիր օգուտներն ու վնասները, ապա եզրակացրել, որ դա «մեր տարբերակը չէ»: Բացառված չէ, որ սկզբում քեզ դա հնարավոր տարբերակ է թվացել, բայց հետագա մանրակրկիտ վերլուծությունն ու մեկ էլ Կարեն Դեմիրճյանի հորդորները քեզ ետ են պահել դրանից: Վերջինս դեռեւս 80-ականներին իր նախաձեռնությամբ ընդունված Մեղրու տարածաշրջանի համալիր զարգացման ծրագիրն իրականացնելիս բախվել էր նման խնդրի: Հայր Ալիեւի հետ ունեցած վեճի մասին ժամանակին գրառել է իր օրագրում: Անշուշտ, դրսից ներմուծված «լուծման» այդ տարբերակը հնարավոր է՝ հույսեր է ծնել այլոց մոտ, իսկ դրանից քո հրաժարումը կարող էր «պայթյուն» առաջացնել բանակցային գործընթացում: Վերջերս էլ հրապարակվեց այդ օրերին արված քո մի այլ գրառում, ուր նշված էր, որ հենց Մեղրու շնորհիվ է, որ գերտերությունների համար Հայաստանն իրենից հետաքրքրություն է ներկայացնում: Նշել էիր, որ Մեղրին ավելի կարեւոր է, քան Ղարաբաղը: Դրանով դու հիմնավորում էիր, թե ինչու պետք է Մեղրին մնա անձեռնմխելի: Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ուներ Մոսկվան:

Եթե այդ ծրագիրն իրականացվելու էր հակառակ նրա ցանկության, որը կզրկեր նրան տարածաշրջանային ազդեցությունից, ապա նա կդիմեր ամենակոշտ միջոցների: Հնարավո՞ր է, որ դու, սկզբնապես համաձայնած լինելով, հարուցեիր Մոսկվայի զայրույթը, իսկ ուշացած հրաժարումդ պատշաճորեն «ծանուցված» չլիներ: Իսկ եթե հենց Մոսկվա՛ն էր տարբերակի շահառուներից մեկը, որը դրա իրականացման դեպքում խաղաղապահներ կունենար տարածաշրջանում եւ անորոշ ժամանակով կհաստատվեր այստեղ, վերջին պահին քո խուսանավելն ու հրաժարվելը նույնպես կարող էին հիմք լինել կամ այլ պատճառների շարքում դառնալ համբերության բաժակը լցնող հանգամանք՝ դարձյալ հարուցելով կոշտ վերաբերմունք: Առավել եւս, որ այդ երկրի ղեկավարն առանձնապես չէր փայլում իր սթափությամբ ու հավասարակշռվածությամբ: Մի՞թե Ելցինը չէր սեփական երկրի օրենսդիր մարմնի ու այն պաշտպանող ժողովրդական զանգվածների վրա կրակելու հանձնարարություն տվողը՝ 1993 թվի հոկտեմբերին:

Բախման արդյունքում 150-ից ավելի զոհերի ու շուրջ 500 վիրավորների վրա կրակողներն այդպես էլ մնացին չբացահայտված: Զառամախտի ու ալկոհոլի ազդեցության վիճակում գտնվող եւ ուժային մեթոդներով հարցեր լուծելու սովորություն ձեռք բերած ղեկավարը կխուսափե՞ր այլ երկրի գործերին միջամտելուց՝ լավ իմանալով, որ այդ «այլ երկիրը» մեկ տասնամյակ առաջ ոչ մի ինքնուրույն քայլ չէր կարող անել առանց մոսկովյան կենտրոնի: Արդյո՞ք սովորութային ուժը չէր կարող դրսեւորվել իբրեւ պետական քաղաքականություն:

1999 թվի հոկտեմբերին Հայաստանն ուներ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն՝ բարձր լեգիտիմությամբ: Սովորաբար այդպիսի իշխանություններն են ի վիճակի լինում լուծել աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցեր, ուստի գերտերությունները հենց կասկած չհարուցող ընտրություններից հետո են փորձում բացահայտել այդ երկրների իրական ցանկությունները: Գերտերությունները դառնում են առանձնակի նրբազգաց ու խանդոտ: Նրանց միջեւ կռիվը դառնում է անթաքույց դաժան: Հետեւաբար, եթե արտաքին ուժերի տեսանկյունից դիտարկելու լինենք, ապա չի բացառվում, որ Հոկտեմբերի 27-ի թիկունքում կանգնած լիներ գերտերություններից յուրաքանչյուրը՝ իր արբանյակներով հանդերձ: Եթե այդպես է, այդ դեպքում՝ հատկապես ո՞վ:

Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ