Ինչու՞ պարտվեցինք այս պատերազմում

Ինչու՞ պարտվեցինք այս պատերազմում

Ինչու՞ պարտվեցինք այս պատերազմում։ Բոլորին է հետաքրքիր։ Քաղաքագետների, փորձագետների, ռազմագետների համարյա ամեն օր լսում եք, բայց էլի դա ձեզ չի բավարարում։ Իշխանությունների  բոլոր պատճառաբանությունները, նվնվոցներն առոչինչ են, որովհետև ամեն մի պատճառաբանության, նվնվոցի դեմ կարելի է բերել հարյուր հակափաստարկ։ Չընկնեմ այդ խորխորատը և փորձեմ պարզ ձևով բացատրել մեր պարտության պատճառը։ Որպեսզի ավելի մատչելի լինի, զուգահեռ մի հարց էլ առաջադրեմ՝ ինչու՞ մենք հաղթեցինք արցախյան առաջին պատերազմում ու քառօրյայում։ Կարծում եմ բոլորդ միաբերան կասեք՝ մեր միասնության, միաբանության շնորհիվ։ Ազգը գիտեր, թե օրվա իշխանությունը ինչ է ուզում։ Հայ ժողովրդի ու իշխանության նպատակը նույնն էր՝ հաղթել մեզ պատերազմի մեջ ներքաշած թշնամուն, պաշտպանել մեր հողը։ Զինվորը գիտեր, թե իր Գերագույն հրամանատարը, հրամանատարությունը ինչ է ուզում։ Նրան հետ քաշվելու կամ այլ հրամաններ չէր տրվում։ Վերևից այնպիսի հրամաններ չէին տրվում, որ թուլանար զինվորի ձետքերը, չհասկանար՝ թե ինչու է նման հրաման տրվում, երբ իրենք գրոհում են։ Պաշտպանական բոլոր կառույցներն աշխատում էին մի գծի վրա՝ ռազմաճակատ։

Ինչու՞ պարտվեցինք։ Պատասխանը կարծես ասված է, բայց հետևյալը կավելացնեմ։ Այս պատերազմում զինվորը չէր հասկանում, թե ինչ է ուզում գերագույն հրամանատարը, հրամանատարությունը։ Նրանց գործողությունները նպատակաուղղվածության առումով տարբեր էին։ Զինվորը չէր հասկանում առանց կրակոցի տարածքներ հանձնելու նպատակը, զինվորը չէր հասկանում, թե ինչ է ուզում այս իշխանությունը։ Ինքը թշնամուն լավ հասկանում էր, գիտեր նրա նպատակը, բայց իր իշխանությանը չէր հասկանում։ Այստեղ է, որ զինվորը լռվում է․ հրաման չկատարել չի կարող, կատարելն էլ, մեղմ ասած, «իր սրտով չի»։ Մի բան ևս։ Վերջին պատերազմի ժամանակ՝ չնայած մինչ այդ իշխանության կողմից հանրության պառակտմանը, հանրությունը փորձում էր միավորվել, միասնական դառնալ, բայց իշխանությունը հերոսներին նսեմացնելով, հետապնդելով ջարդում էր միասնության շիվերը։

Բավարարվենք այսքանով։ Յուրաքանչյուր բառի,  նախադասության տակ, դուք էլ երևի կզգաք, կա ավելին, առավելը։ Սա ընդամենը տարրական այբուբենն է, որը կարող եք նաև ընդհանրացնել դուք՝ որևէ մեկդ հասկանու՞մ է, թե ո՞րն է այս իշխանության ծրագիրը։