Ահա թե ով է մեր ժամանակի հերոսը

 Ահա թե ով է մեր ժամանակի հերոսը

Այլ բան է, երբ մարդ ողջ կյանքում ապրում է հարթ ասֆալտի վրա ու պատերազմի մասին իմանում է միայն գրքերից ու կինոներից, այլ բան, երբ սահմանամերձ գոտում ես ապրում ու մոտիկից զգում պատերազմի բաց երախը, որը դևի նման խժռում է այն, ինչ ձեռքն է ընկնում։ Վերջին շրջանում տարբեր ծալքերից երևում է Արցախյան պատերազմի հերոսներին «չհերոսացնելու կոչեր», նուրբ ակնարկներ։ Հանրության տրամադրությունը ստուգելով, ավելի առաջ են գնում՝ լուրջ մեղադրանքներ  ներկայացնելով այն հերոսներին, ովքեր առաջին գծում են եղել։ Նպատակը մեկն է՝ պատերազմի հերոսների նկատմամբ առաջացնել նողկանքի զգացում, նրանց հավասարեցնել ցեխին ու հանրային ենթագիտակցությանը նշմար տալ՝ տեսեք, նրանք բոլորն էլ թալանչի, դավաճան, գող են, դրանով իսկ նվաստացնելով այն գործը, որն արել են։

Հայաստանի նման փոքր երկրի համար, որը գոյապայքար է մղում, նման դրսևորումը կարող է լուրջ վտանգ ներկայացնել։ Ասեմ՝ ինչու։ Արցախյան նախորդ պատերազմում հայի ոգին հաղթեց։ Զինվորն ընկալեց, որ ինքը ազգի համար շատ կարևոր գործոն է ու կյանքի գնով պաշտպանում էր հող հայրենին։ Գործի բերումով շատ անգամ եմ ականատես եղել, երբ զոհված զինվորի մայրն իրեն սփոփում է, որ իր որդին հերոս է, որ նա հայրենիքի համար է իր կյանքը զոհասեղանին դրել։ Եթե այդ սփոփանքը չլինի, զոհված զինվորների ոչ մի ծնող կենդանի չի մնա։

Հիմա հայտնվել են մարդիկ վերին էշելոններից, ովքեր ուզում են, որ չզոհված հերոսները  հերոս չհամարվեն։ Մի երկու փորձից հետո հասկացան, որ հարցը շատ զգայուն է և առաջին պլան մղեցին այլ մարդկանց։ Դա մարդկանց նոր որակ էր, որի հետ մինչ այդ հանրությունը չէր առնչվել։ Նրանք սորոսի «խաղաղության  աղավնիներն են», ովքեր նուրբ սեթևեթումներով հանրության հետ «սկսում են աշխատել»։ Խաղաղության փետուրներ հագնելով նրանք երամն ուզում են առաջնորդել իրենց ուզած ուղղությամբ՝ էլ հերոս չեն նրանք, ովքեր կռվել, պահել են իրենց հողը, ժամանակն է հերոսներ փնտրել այլ տեղերում։

Այնպիսի տպավորություն է, ասես լուծել են մեր արժանապատիվ գոյատևման խնդիրը, էլ հերոսներ պետք չեն․․․ Նման մոտեցումով կոտրում են ազգի ոգին, ջարդում ողնաշարը։  Ցավալին այն է, որ դա անում են նուրբ ու քողարկված ձևով, այնպես, որ մահից առաջ ցավ չզգաս, այլ երանության թմբիրի մեջ հաճույքով մահվանը տրվես։  Հիմա «վայելենք»  նրանցից մեկի գրառումը ու փորձենք հասկանալ՝ ու՞ր են մեզ տանում։

Lara Aharonian

Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք կամ ընդհանրապես ազատվել մարդկանց հերոսացնելու «ավանդույթից»

Գրառման տակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ուղղորդում է, թե որտեղ փնտրել «Մեր Ժամանակի հերոսին»՝ 1 Tv. am: Այսինքն այս հաղորդումը ստեղծվել է․․․ չես ուզում հավատալ ու բարձրաձայնել այն, ինչ այսօր կատարվում է։ Լառային ասեմ, որ ինքը մատնեց ծրագրի լուրջ հատվածը՝ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք։ Սա նշանակում է, որ  հիասթափեցնելու գործընթացը կազմակերպված է  ու սկսել է գործել։ Մնում է ընդամենն արձանագրել, որ «Խիզախ կին» մրցանակը Լառային հենց այնպես չի տրվել։ Նա դեռ «հերոսանալու» համար նոր խրամատներ է փորելու։ Ու մի օր էլ չեմ զարմանա, երբ Լառային ասեն՝ մեր ժամանակի հերոսը։