Մարդկանց «սահմանադրական գիտակցության մեջ տեղի ունեցած խորքային փոփոխությունները» կկործանեն պետությունը

Մարդկանց «սահմանադրական գիտակցության մեջ տեղի ունեցած խորքային փոփոխությունները» կկործանեն պետությունը

ՄԱՐԴԿԱՆՑ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԽՈՐՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿԿՈՐԾԱՆԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնա­կատարի ուղերձում ասվում է, որ «վերջին երեք տարիներին մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ…2021 թվականի հուլիսի 5-ը դիմավորում ենք կատարելապես նոր պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը լրումին հա­սած…իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժո­ղովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրություն­ների միջոցով…Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այսօր տեսնում է, գիտի, որ ինքը որոշիչ ուժ է…»

Եթե խոսքը վերաբերում այն ժողովրդին, որը՝
• զուրկ է արժանապատվությունից և հանդուրժում է իր նվաստացումը,
• հանգիստ է վերաբերում օտարերկրյա զինված ուժերի ասպատակելուն հայ­րենի հողում,
• կամավոր ու առանց սրտի թրթիռի մատաղ է անում իր որդիներին ան­հասկանալի, իբրև թե, պատերազմում (իրականում՝ սպանդում),
• հանդուրժում է իր գերեվարված որդիների՝ առևտրի օբյեկտ  դառնալը,

ապա ծայրահեղ վտանգավոր է, որ իշխանությունը պատկանում է այդպիսի ժողովրդին:
Եթե Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այսօր տես­նում է, գիտի, որ ինքը որոշիչ ուժ է ու այդ ուժն օգտագործում է, որպեսզի՝
• պարբերաբար խախտի սահմանադրական կարգը, օրենքները,
• զինված ներխուժի ՊՊԾ գունդ և մահ պատճառի քաղաքացիներին ու ոստիկաններին,
• ներխուժի ոստիկանություն ու ծեծի ենթարկի ոստիկաններին,
• կոպիտ խախտի երթևեկության կանոնները, անհարգալից վերաբերի երթևե­կության մյուս մասնակցների նկատմամբ,
• ամայացնի կանաչ տարածքները, աղտոտի շրջակա միջավայրը,
• խախտի երկրի բնակավայրերի ճարտարապետական ներդաշնակությունը, իրականացնի տարածական զարգացման սկզբունքներին հակասող այլան­դակ կառուցապատումներ,
• ոտնահարի ազգային արժեքներն ու վերածվի մի կենսազանգվածի, բան­ջա­րեղենի,

ապա այդ ուժը որոշիչ կլինի հայոց պետականության կործանման գործում:

Հ.Գ. Պետություն, սահմանադրություն ունենալը, հայերից ավելի մեծաթիվ, բայց այդպիսիք չունեցող ժողովուրդների բաղձանքն է, գուցե, անիրականանալի երազանքը: Աստծո կամքով՝ մի բուռ հայ ժողովուրդն ունի պետություն, բայց նրա հետ վարվում է մի թափառական ու քոչվոր ազգի նման: Հետևաբար, տգետ մարդ­կանց սահմանադրական գիտակցության մեջ տեղի ունեցած խորքային փոփո­խությունների սպառնալիքները չեզոքացնելու համար պետք է այդպիսի մարդկանց «զրկել գիտակցությունից» ընդհանրապես՝ համապատասխան օրենսդրությամբ:
Անիմաստ եմ համարում Սահմանադրության օրվա կապակցությամբ ցան­կացած շնորհավորանք. շնորհավորելու բան չկա:
Ենթադրաբար, Վարչապետի պաշտոնակատարն էլ չէր շնորհավորի: Ուղղակի, ի պաշտոնե պարտավոր էր դա անել:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր