«Մարդը և մարտը»․ Սոնա Վանյանի գիրքը՝ 44-օրյա պատերազմի տղաների մասին

«Մարդը և մարտը»․ Սոնա Վանյանի գիրքը՝ 44-օրյա պատերազմի տղաների մասին

Դասախոս, իրեն արձակի ժանրում փորձող Սոնա Վանյանը պատերազմի օրերին գրել է «Մարդը և մարտը» վիպակը։ Ժողովածուում Սեպտեմբերյան պատերազմի 25 հերոսների իրական կյանքի հիման վրա գրված պատմվածքներ են։ Սոնա Վանյանի մեկնաբանությամբ՝ ստեղծագործության հիմքում դրված է գաղափարը, որ պատերազմի ժամանակ ամենակարևոր արժեքը, որ թիկունքը պետք է պահպանի, մարդկայնությունն է ու մարդու մարդ տեսակը։«Վերսկսվող պատերազմի շրջանակներում, երբ այն տևեց շուրջ 44 օր և ի հայտ բերեց նոր հերոսների, հասկացա, որ նրանց անդրադառնալը ևս պետք է լինի իմ գործունեության շրջանակներում»,-նշում է հեղինակը։

Սոնան իր հերոսների մասին գրել է հանդիպելով, զրուցելով նրանց մայրերի, նրանց ուսուցիչների, դասախոսների ու գործընկերների ու ընկերների հետ՝ ստեղծելու համար իրական կերպար։ «Գլխավոր մեսիջը՝ չմոռանալ, չմոռանալ հայրենիքի պաշտպանության այն մարտիկներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն մեր այսօրվա խաղաղ օրվա։ Կուզեի ասել, որ հերոսների մայրերի հետ զրուցելը բավականին խորը անդրադարձ է ունենում իմ ներաշխարհի վրա և ստեղծագործական ընթացքը դանդաղում է, քանի որ ամեն մի հերոսի հետ զրուցելուց հետո ուշքի գալ է անհրաժեշտ»,-ասում է Սոնան։ Գրքի շնորհանդեսը կլինի 2021 թվականի հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը։ Գրքի կյանքի կոչման հարցում մեծ ներդրում ունի մի երիտասարդ աղջիկ՝ Լիլիթ Մովսիսյանը, ում նախաձեռնությամբ կապ է հաստատվել «Gateway Armenia» բարեգործական- հասարակական կազմակերպության հետ, որն էլ հոգացել է տպագրության ծախսերը։

Ապրիլյան պատերազմի մասին պատմող Սոնա Վանյանի նախորդ վիպակը կոչվում է «Նա»։ Այս վիպակի գաղափարն էլ ծնվել է 4 տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյայի օրերին։ Այս վիպակում տեղ գտած յուրաքանչյուր կերպարը հավաքական է, եւ յուրաքանչյուրն ընթերցելով՝ կզգա իրեն ծանոթ հույզերն ու հիշողությունները։