Զինված ուժերին դավաճան եք ասում, հետո համախմբման կո՞չ անում

Զինված ուժերին դավաճան եք ասում, հետո համախմբման կո՞չ անում

Հայաստանի սահմաններում խայտառակ իրավիճակ է։ Ինչպե՞ս կարող է Փաշինյանն այս իրավիճակից «պլստալ»։ Հիմա նրա միակ մտահոգությունը դա է։ Պարզ է, որ կկիրառի մանիպուլյատիվ նոր հնարք։ Ու դա չուշացավ։ Ազգային ժողովում  հայտարարություն տարածել՝ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ։ Չխոսեմ հայտարարության տեքստի վերաբերյալ, որը շատ թույլ ու մակերեսային էր ու այնպիսի բովանդակությամբ՝ ասես Ադրբեջանն ընդամենը խախտել էր խաղաղության օրակարգը։ Կխոսեմ այլ բանի մասին։ Ազգային ժողովն իր հայտարարության մեջ նշում է․ 

«Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում:

Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համախմբվել Զինված ուժերի շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական եւ կուռ պաշտպանության կարիք ունի»:
Այսինքն ո՞նց։ 44-օրյա պատերազմից հետո զինված ուժերին, զինվորականությանը ամենավերջին մեղադրանքներն էին հասցնում, մեղադրում դավաճանության մեջ, գեներալներ, զինվորականներ ձերբակալում ու հիմա կոչ են անում համախմբվե՞լ նրա շուրջ։ Սա ի՞նչ բարոյական նորմ է։ Հանրության մեջ կարծիք ձևավորել, որ զինված ուժերն է պատերազմը տանուլ տվել ու հիմա ասել՝ համախմբվենք նրանց շու՞րջ։ Նիկոլ Փաշինյանը երևի մոռացե՞լ է։

Այդքանով հանդերձ խորհրդարանական ընդդիմությանն առաջարկում են, որպեսզի քվեարկեն այդ թերի, վիճելի հայտարարությունը։ Ասեմ, որ ՔՊ-ին՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի,  հետաքրքիր չէր հայտարարությունը ու նրանք գիտեն դրսում իրենց հայտարարությունների ուժը, գինը։ Նիկոլ Փաշինյանին այլ բան է հետաքրքրում։ Եթե ընդդիմությունը  ստորագրի, մասնակիցը կդառնա իրենց հետագա «կատարելիք քայլին» , եթե չստորագրեն՝ էլի կարող են օգուտ քաղել։ Արփիի նման պատգամավորների միջոցով սրտաճմլիկ ելույթներ կլինեն, որոնք կիրականացնեն Փաշինյանի մանիպուլյատիվ հնարքը։ Հանրությանը «բաց կթողնեն» ընդդիմության վրա ու կասեն՝ տեսեք, անգամ պատերազմի ժամանակ ընդդիմությունը չի  միավորվում, միասնականությանը դեմ են։ Մենք ուզում էինք Սյունիքը փրկել, նրանք ընդդիմացան։ Մեր բոլորի հայրենիքը միասնական, կուռ պաշտպանության կարիք ուներ, նրանք չմիացան։ Սա է Նիկոլի մանիպուլյացիոն նոր հնարքը։ Խոսում են պետության շուրջ միավորման մասին, մոռանալով, որ վաղուց այդ հասկացությունը փոշիացել է։ Կա միայն փոքրաթիվ մարդկանց խմբի իշխանություն, որոնց  ընդդիմադիր թևը դավաճան է համարում։ Միավորվել նրանց հայտարարության շուրջ, նշանակում է կորցնել իրենց դեմքը և դառնալ նրանց հետ խայտառակ պարտությունների, ձախողումների մասնակից։ 
Շատ բան կարելի է գրել, բայց տեղ կա՝ վերջակետը տեղին է։