Իրապատում

Իրապատում

«Հանգիստ» ասածդ ինձ համար մանկության արահետով, դպրոցի ճամփով քայլելն ու ծանոթ-անծանոթների հետ զրուցելն է, որպիսությունը հարցնելը: Ճանապարհի կողքը, որտեղ Սպիտակի երկրաշարժից հետո, վերջին երեք տասնամյակում հողակտորների վրա ում ձեռքն ինչ ընկել, կանաչ դաշտից ներքեւ, փայտից կամ քարից տնակներ է կառուցել։ Նրանցից մեկի կանաչապատ տնամերձում սլացիկ բաշով, երկար պարանով կապված մի գեղեցիկ սեւ ձի էր արածում:

Ձիու սեւ գույնն ու վրան ընկած արեւի տաք ճառագայթները սեւության գունագեղությունն ավելի էին ընդգծում: Ձիու վրայի այդ գունագեղության անդրադարձը կարծես փայլփլող օբսիդիան լիներ: Կանգնած նայում էի ու այդ պահին Գալուստ պապիս կարմիր պեծիկ ձին էի հիշում: Բրիգադավար պապս երբ դաշտից հոգնած տուն էր գալիս, ընդառաջ էի վազում: Նա ձիուց իջնում էր, վրայի թամբը հանում, մի կողմ էր դնում ու ձիու սանձը ձեռքս տալիս: Ամենօրյա անելիքս լավ գիտեի: Սկզբում մեկ, երբեմն էլ երկու դույլ ջուր էի տալիս, հետո սանձից բռնած՝ տնամերձի կանաչ խոտերն էի արածեցնում: Հիմա, երբ մտաբերում եմ, ո՛չ ավել ո՛չ պակաս՝ չինովնիկներին սպասարկող ծառայողական, զարմանազան մեքենաներն եմ հիշում: 

Երեկ առավոտյան, երբ հերթական անգամ քայլում էի, սեւ ձին չկար, մտածում էի՝ հավանաբար, սար են տարել: Ճանապարհով մի երեխա էր անցնում, սկզբում անունը հարցրի, ասաց՝ Հենրի, հետո ասաց՝ երրորդ դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտ է: Իմ այն հարցին՝ իսկ ո՞ւմ թոռն է, պատասխանեց՝ Թունոնց Ժորայի: 

Հայրս՝ Սամվելը, ու Թունոնց Ժորան դեռ Մեծ հայրենականի տարիներից մտերիմ ընկերներ էին եղել: Երկուսն էլ վիրավորվել էին, հաշմանդամ դարձել: Հենրիին երբ ասացի՝ կռնատ Ժորայի թո՞ռն ես, աչքերը միանգամից պսպղացին… Հասկացավ, որ հենց այնպես չեմ ասում հորս՝ Սամվելի, ու իր պապի մտերմության մասին: 

Սեւ ձիով հետաքրքրվեցի, թե ինչու մի քանի օր է՝ այնտեղ կապված ձին չկա: Հենրին գլուխը կախեց, ասաց՝ մեր հարեւանի ձին էր, գայլերը տարել են: Ո՞նց թե՝ գայլերը տարել են, հարցական հայացքով նայում եմ Հենրիին: «Ոհմակով գորշ գայլեր են եղել, կապած գամփռն էլ վախից ձեն չի հանել, իսկ ձին եթե կապած չլիներ, իր սմբակներով գայլերի ատամները ջարդուփշուր կաներ»,- գլխիկոր ասաց Հենրին:

Նրանից բաժանվեցի, սակայն գորշ գայլերի ատամները ջարդուփշուր անելու գաղափարը, ձիու եւ գամփռի կապված լինելը մտածելու ու խորհելու երկա՜ր առիթ տվեցին…

Ռոբերտ Մաթոսյան