Ցեղասպանություններ իրականացրած եւ պատերազմական հանցագործություններ իրականացրած երկրի ղեկավարը դատապարտում է ահաբեկչությունը…  

Ցեղասպանություններ իրականացրած եւ պատերազմական հանցագործություններ իրականացրած երկրի ղեկավարը դատապարտում է ահաբեկչությունը…  

Նոյեմբերի 13-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում տեղի ունեցած ահաբեկչությունը իրար է խառնել Թուրքիայի քաղաքական էլիտային ու իշխանությանը։ Սովորաբար, նման ահաբեկչություններից հետո երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսում է իր դիրքերն ամրապնդել իշխանության ղեկին, քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմադիրների նկատմամբ: Որոշ քաղաքական ուժեր էլ արդեն  սկսել են խաղարկել վերջին ահաբեկչության  վրա եւ պոպուլիստական հայտարարություններ անել: Օրինակ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչ Դարալօղլուն նոյեմբերի 15-ին իր ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբին խոստացել է. «Ես խոստանում եմ. մենք ամբողջությամբ կլուծենք այս խնդիրը: Երբ մենք գանք իշխանության, մենք Թուրքիային և ամբողջ աշխարհին ցույց կտանք, թե ինչպես պետք է պայքարել ահաբեկչության և ահաբեկիչների դեմ: Ես անիծում եմ ահաբեկչությանը, ահաբեկիչներին և ահաբեկիչներին ճանապարհ բացողներին: Ահաբեկչությունը հանցագործություն է մարդկության դեմ, և բոլորը պետք է համախմբված լինեն դրա դեմ»։ Նա Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչություններն անմիջականորեն կապում է «գաղթականների հետ», որոնց, ըստ,Քըլըչի, պետք է ուղարկել իրենց տները:  «Նրանք երկու տարի հետո կուղարկվեն իրենց ծագման երկրներ։ Սա բացարձակապես կարվի։ Ես խոստանում եմ. մենք այս երկիրը մաքրելու ենք ահաբեկիչներից, և մեր ժողովուրդը երկրում ապրելու է ապահով և հարմարավետ»,- հայտարարել է նա։

Իհարկե, ահաբեկչությունը դատապարտելի ու անընդունելի է: Բայց, հիշենք, թե դրանք պարբերաբար ո՛ր երկրում են տեղի ունենում …Թուրք քաղաքական գործիչները, գոնե բարձրաձայն, չեն խոսում այն մասին, որ իրենց երկիրը թշնամական հարաբերություններ է ստեղծել իր  հարեւան գրեթե բոլոր երկրների հետ, տարբեր պատերազմական հանցագործություններ է իրականացրել, օրինակ՝ Արցախում, Սիրիայում, Հունաստանում: Հայերին, հույներին, քրդերին, եզդիներին, ասորիներին ցեղասպանած եւ ահաբեկչություններ իրականացրած երկրի առաջնորդները չպետք է զարմանան, որ իրենց երկրում ահաբեկչություններ են տեղի ունենում, եւ, հավանաբար, դեռ շատ տեղի կունենան: Ցեղասպանված ազգերի սերունդներն ու ժառանգները չեն մոռացել իրենց արյան վրեժը…Ահաբեկչությունները կապել շարքային միգրանտների հետ, աչքակապություն ու ինքնախաբեություն է: Ի վերջո, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ավելի շատ միգրանտներ են ընդունում աշխարհի տարբեր երկրներից, քան Թուրքիան, բայց այս երկրներում ահաբեկչությունները պարբերական եւ համատարած բնույթ չեն, կրում, ինչպես՝ Թուրքիայում: 

Հ.Գ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է թուրքական իշխանությանը՝ տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ:  Հետաքրքիր է՝ ցավակցական տեքստը նախապատրաստելիս նախարարը հիշե՞լ է, որ երկու տարի առաջ Արցախում մեր երիտասարդները դարձան Թուրքիայից «ներմուծված» ահաբեկիչների ու թուրքական բայրաքթարների զոհ: Մենք կորցրել ենք մեր հայրենիքի զգալի մասը՝ թուրքական ագրեսիվ ռազմական միջամտության արդյունքում…Իսկ Արարատ Միրզոյանը ցավակցում է …