Կնոջդ ելումուտը, ծովից ծով թռիչքը արգելիր․․․

Կնոջդ ելումուտը, ծովից ծով թռիչքը արգելիր․․․

Ոչ մեկի համար նորություն չէ, որ  Հայաստանում ամենաշատ արգահատանքի է ենթարկվում Աննա Հակոբյանը։ Մարդիկ ամենաշատը նրա վրա են չարացած։ Դա իմ կարծիքը չէ, այլ Աննա Հակոբյանի խոստովանությունը․ «Երկու տարի է` Հայաստանում եւ Հայաստանից դուրս տարբեր մարդիկ իրենց ինտելեկտի, արժեքային համակարգի եւ բարոյական ընկալումների սահմաններում այս հարցերի շուրջ ինձ խոշտանգումների են ենթարկում, ամենապիղծ պիտակավորումներով նվաստացնում:
Անկեղծ չգիտեմ, ո՞րն է նախընտրելի՝ մեռնելուց հետո կենդանիները անշունչ մարմինդ հոշոտեն-պղծե՞ն, թե՞ հայրենակիցներդ ողջ-ողջ հոգիդ հոշոտեն, անունդ պղծեն»։

Սա ինքնին վկայություն է, որ երկու տարի, պատերազմի խայտառակ պարտությունից հետո Աննայի հայրենակիցները «հոշոտում են նրան»։ «Հոշոտում են», որովհետև իր «մատն էլ են խառը տեսնում» այս ամենի մեջ։ Ինչու՞ են «հոշոտում», դա նա բացատրում է իր ուզած երանգներով , բայց Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդ, ում էլ հարցնես, թե ինչու է անտանելի Աննա Հակոբյանը, մի պատասխան ունի։ Ու պարտադիր  չէ այդ պատասխանը բարձրաձայնել, յուրաքանչյուրն իր մեջ գիտի դա։

Ու հիմա այդ տիկինը Հայաստանի օրհասական վիճակում  ծովից ծով,  օվկիանոսից օվկիանոս է թռչում ու թևերի թափահարումից բացի ոչ մի  գործ չի անում, զուտ իր շառավիղն է ընդլայնում։ Ոչ մեկը նրա հավին «քշա չի ասում», հա՜ ելումուտ է անում։ Դարբասները բա՜ց են։ Ու՞ ր է գնում, ի՞նչ է անում, ու՞մ է հանդիպում, ինչ հարցեր է լուծում, քար լռություն է։ Բայց ես նրա ծովից ծով թռիչքները չեմ ուզում ներկայացնել, որ երկինքը ճեղքելով է գնում։ Այլ մեր մասին եմ ուզում խոսել։ Տիկնոջ ամուսինը, որը Հայաստանի վարչապետն է՝ Հայաստանի օդային ու ցամաքային  տարածքը փակել է բոլոր այն անձանց համար, ովքեր աշխատում են Հայաստանի օգտին, ովքեր կարող են երկրի մատից մի  «փուշ հանել»։ Ոմանց արգելված է մուտք գործել Հայաստան, մյուսների ելքն է արգելված։ Սա ի՞նչ է նշանակում։ Ներքին բայրաքթարներով Հայաստանի օդը ու ցամաքային ճանապարհը  փակե՞լ։  Մենք ճամբարու՞մ ենք, որտեղ միայն իր կինը կարող է օվկիանոսից օվկիանոս թռչել։ Որովհետև և՛ անսահմանափակ ֆինանսական հնարավորությունը ունի, և օդում պտույտներ տալու թույլտվությունը։ 

Այսօր էլի նմանօրինակ արգելքի մի դեպք։  Արմեն Աշոտյանը պետք է մեկներ Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին։ Ու գիտենք, թե Հայաստանի համար ինչ օրակարգային խնդիրներով է գնում։ Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում նրան արգելում են լքել Հայաստանը, ասելով, որ ինքը ինչ որ մի գործով մեղադրյալ է։ Սա ի՞նչ կամայականություն է։ Ադրբեջանցին մի կողմից է մաքասային անցակետ դրել, որ Հայաստանի մեջ էլ չկարողանանք շրջել, Նիկոլ Փաշինյանն էլ Հայաստանի վրա է կողպեք դրել։ 

Առաջին մասը ես իզուր չէի մեջբերել։ Կնոջդ ելումուտը, ծովից ծով, օվկիանոսից օվկիանոս թռիչքը արգելիր։ Առաջին հատվածը իզուր չէի գրել։ Եթե փաստեր ես հավաքում, մարդկանց վրա «գործ կարում» , առաջին հերթին ձեր վրա կուտակված փաստերից սկսիր։