Ալիևն ու Էրդողանը հայտարարեցին, որ այս օրն իրենց կիսատ գործերի շարունակությունն է

Ալիևն ու Էրդողանը հայտարարեցին, որ այս օրն իրենց կիսատ գործերի շարունակությունն է

Բաքվի շքերթն անասելի տպավորություն է թողնում հայ մարդկանց վրա։ Վերջին կաթիլն այն էր, երբ Ալիևն այսօր հայտարարեց․ «Զանգեզուրը, Գոյչան (Սևանա լիճը) և Երևանը մեր պատմական հողերն են»: 

Ալիևը ժպտում էր, իսկ Էրդողանը հուզված ու հպարտ էր։

«Հրապարակը» ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան Ռուբեն Մելքոնյանին խնդրել է   մեկնաբանել շքերթին ներկա Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունները։

-Պարոն Մելքոնյան, ի՞նչ շեշտադրումներ արեց Թուրքիայի նախագահը։

-Էրդողանի ելույթը,  ըստ էության, թուրք-ադրբեջանական տասնամյակներ տևած համագործակցության և ահաբեկչական գործունեության տրամաբանության մեջ էր և, բնականաբար, մի քանի վտանգավոր միտք առաջ քաշեց։ Առաջինն առնչվում է սիմվոլիզմին․ Էրդողանը հիշատակեց Էնվեր Փաշային՝ նշելով, որ այսօր Էնվեր փաշայի հոգին փառավորվում է, որովհետև 100 տարի առաջ երիտթուրք պարագլուխ Էնվեր փաշան էր, որ Ադրբեջան ուղարկեց թուրքական զորք` իր եղբոր գլխավորությամբ` հայկական կոտորածները կազմակերպելու և հայկական տարածքները զավթելու համար։ Եվ հարյուր տարի հետո Էրդողանն իրենց հաղթական զորահանդեսում հիշատակում է երիտթուրք ցեղասպանին։ Այսինքն՝ դրանով վերահաստատելով, որ երիտթուրքական ցեղասպանական քաղաքականության շարունակողներն են, և ինչպես ասել էր վերջերս՝ նախ իրենք կիսատ գործեր ունեն նախկինից և պետք է շարունակեն։ Այսօրն էլ իրենց կիսատ գործերի շարունակությունն է։ Երկրորդ վտանգավոր հայտարարությունն այն էր, որ էրդողանն անուղղակի հայտարարեց հետագա սպառնալիքների մասին։ Մասնավորապես, նշելով, որ պետք է պահանջեն հայկական կողմից ավիրված ադրբեջանական քաղաքների, մզկիթների և այլ կառույցների վնասը։ Այսինքն՝ նշեց այն գումարները, որոնք, վստահ եմ՝ շուտով թուրք-ադրբեջանական տանդեմը ներկայացնելու է Հայաստանին։ Այսինքն՝ հոգևոր, կրոնական կառույցների հետ կապված որոշակի կառույցներ, և հայտարարել, որ Հայաստանին են ներկայացնելու մոտ 50 միլիարդ դոլարի պահանջ՝ Ադրբեջանի իբրև թե տարածքներում հայերի իրականացրած ավերածությունների համար։ Եվ երրորդը՝ Էրդողանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ «մեկ ազգ, 2 պետություն» կոնցեպտը շարունակական է լինելու նրանց համար։ Այսինքն՝ շարունակվելու է թուրք-ադրբեջանական սպառնալիքը, և ավելին՝ էլ ավելի է ծավալելու իր աշխարհագրությունը։ Այսպիսով՝ ուղղակիորեն սպառնալով նաև Հայաստանի Հանրապետությանը և ամբողջ տարածաշրջանին։ Իսկ եթե դրան գումարում ենք նաև Ալիևի մտքերը, որ «Սևանը, Սյունիքը և  Երևանն ադրբեջանական տարածքներ են», ապա թուրք-ադրբեջանական սպառնալիքը և հավանական գործողությունների ծրագիրն ավելի ամբողջական է դառնում։

-Իսկ, եթե չեմ սխալվում՝ քեմալական Թուրքիան հրաժարվել էր երիտթուրքերի կառավարությունից։ Կարելի՞ է ասել, որ Էրդողանն իրեն համարեց երիտթուրքերի կառավարություն։

-Էրդողանը ոչ միայն Էնվերի, այլև մյուսների մասին էլ բազմաթիվ անգամ նշել է, և Թուրքիան քաղաքական առումով երբեք չի հրաժարվել երիտթուրքերի ժառանգությունից։ Ավելին ասեմ՝ երիտթուրքերը 1926 թվականին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, բոլորը հերոսացվել են և բոլորը, այդ թվում՝ Թալեաթը, հայտարարվել են ազգային հերոսներ։ Այնպես որ, պետությունը քաղաքական առումով իրեն համարում է երիտթուրքերի ժառանգներ։