Հիմնական սպառազինությունը

Հիմնական սպառազինությունը

Մեր գոյության եւ անվտանգության թիվ մեկ առաջնահերթությունը սպառազինվելն է: Բայց մենք, ցավոք սրտի, այնքան էլ ուշադրություն չենք դարձնում դրան: Խոսում ենք դրա կարեւորության մասին` պատասխանատվությունը մեկս մյուսի վրա թողնելով: Գիտենք, որ առանց դրա ի վերջո կործանվելու ենք ազգովի, սակայն նախընտրում ենք միայն սեփական փրկության մասին մտածել: Մնում է այլեւս կասկածել, թե արդյոք մենք ա՞յն ազգն ենք, որ, ինչպես Սեւակն է ասում՝ «Դարեր շարունակ մեռանք ապրելու համար, բայց ոչ մի վայրկյան չապրեցինք մեռնելու համար»: Եթե այսպես շարունակենք, ուրեմն, այդ խոսքին հակառակ` ապրում ենք մեռնելու համար...:

Խոսքը ժողովրդագրական աճի մասին է: Մեր աճի ցուցանիշը ցածր է, շատ ցածր` ազգովի մեռնելու եւ աստիճանաբար վերանալու մակարդակի… Ինչո՞ւ: Իմ խորին համոզմամբ, այստեղ առկա են ոչ թե առարկայական, այլ` հնուց ժառանգված հոգեբանական պատճառներ: Շրջանցելով հարցի էական դրդապատճառները՝ հենվում ենք պարզունակ եւ խաբկանք պարունակող պատրվակների վրա: Առաջին անիմաստ պատրվակը, որ շրջանառվում է, տնտեսական անբավարար պայմաններն են: Ոչ ոք չի ճշտել կամ ճշտում դրա նշաձողը: Ամենահամեստ եկամուտների տեր ընտանիքից մինչեւ ամենաբարեկեցիկը, նույն պատրվակն են նշում: Սա անհեթեթ պատճառաբանություն է։ Ինչո՞ւ․
• Ամենաաղքատ երկրների ժողովրդագրական աճը միշտ ամենաբարձրն է աշխարհում:    
• Միեւնույն երկրի աղքատ զանգվածների աճը միշտ գերազանցել է նույն երկրի բարեկեցիկ կամ հարուստ շերտերի աճին: 
• Աշխարհի ամենահարուստ երկրները միշտ աչքի են ընկել իրենց նվազագույն աճով կամ նույնիսկ բացասական աճ են գրանցել:

Սրանք անհերքելի ճշմարտություններ են: Միամտորեն կարծում ենք, որ իբր մուսուլմանները, մեզ հայտնի ու անհայտ պատճառներով, ավելի արագ են բազմանում, քան՝ քրիստոնյաները: Երեւույթը կա, սակայն պատճառը կրոնական հավատամքի հետ կապ չունի: Մուսուլմանները, վերջին դարերի ընթացքում ենթարկվելով արեւմտյան երկրների հարստահարմանն ու կեղեքմանը, աղքատ են մնացել: Ժողովրդագրական աճի դրական միտումը գալիս է այդտեղից՝ առերեւույթ զուգորդվելով կրոնական գործոնի հետ: Այսօր աշխարհի մուսուլմանները արեւմտյան երկրների քրիստոնյաների համեմատ աղքատ են: Արաբական մի քանի նավթարդյունաբերող երկրների շեյխերի առասպելական հարստությունը թյուրիմացության մեջ է գցել շատերին: Այնինչ դրանք բոլորը միասին կազմում են աշխարհի մուսուլմանների 5 տոկոսը միայն` չհաշված նրանց երկրների աղքատ զանգվածը: Վերջերս Իրաքի եւ Սիրիայի պատերազմական դրության պատճառով Հորդանանում ապաստան գտած՝ վրանների տակ ապրող շուրջ 250 հազար փախստականների ճամբարում մեկ տարում ավելի շատ երեխա է ծնվել, քան Հայաստանում՝ նույն ժամանակահատվածում:

Ինչի՞ մասին է խոսքը… Մեր հարեւան Իրանն ընդերքով հարուստ երկիր է: Բայց, պաշտոնական թվերով, երկրի բնակչության ավելի քան 50 տոկոսը ծայրահեղ աղքատ է: Իսլամական հեղափոխությունից առաջ երկրի բնակչությունը շուրջ 35 միլիոն էր: Իրան-Իրաք 8-ամյա պարտադրված պատերազմն ու տնտեսական վայրիվերումները երկիրն աղքատացրին: Ազգային արժույթի անկումն աներեւակայելի չափերի հասավ: Պարզ է, որ նման իրավիճակում աշխատավարձով ապրող զանգվածն օր-օրի կաղքատանա: Երբեք աշխատավարձի աճի տեմպը չի հասնի գնաճի տեմպին: Մեզնից ոմանք, շփվելով մայրաքաղաքում բարեկեցիկ կյանքով ապրող իրանցիների հետ, հաճախ սխալ պատկերացում ունեն այդ երկրի սոցիալական վիճակի մասին: Այդ ամենով հանդերձ, երկրի բնակչությունը 40 տարվա ընթացքում աճել եւ հասել է 85 միլիոնի: Արդյոք այս փաստերը բավական չե՞ն՝ համոզվելու համար, որ սակավազավակությունը ոչ թե ուղղակիորեն ֆինանսների հետ է կապված, այլ քողարկված եւ անհեթեթ պատրվակ է, եւ պատճառն այլ տեղ պիտի փնտրել: Ցավոք սրտի, մեզանում կա մի յուրահատուկ հոգեբանական նստվածք, որը գալիս է մեր մոտ անցյալից, եւ դա վերացնելու համար մենք քիչ ենք աշխատել: 

Մենք օտար երկրներում ամենաշատ թափառող ազգն ենք: Համաշխարհային վերջին տնտեսական ճգնաժամի տարիներին, երբ կյանքն ամենուր դժվարացել էր, տարբեր երկրների հասարակ քաղաքացիներ տրտնջում էին եւ միաժամանակ դժվարություններին դիմանալու միջոցառումներ նախաձեռնում: Միայն Հայաստանի քաղաքացիների գերակշիռ հատվածն էր ելքը տեսնում սեփական երկիրը լքելու եւ օտար ափերում «մարդավայել» ապրելու մեջ: Սա համազգային ցավ է՝ խրոնիկ հիվանդություն: Այս հիվանդությամբ տառապողն ու դրա բուժման մասին չմտածող մարդն ինչպե՞ս կաճի: Այդպիսի ախտի կրողը նման հոգեբանությամբ չի կարող բազմազավակ ընտանիք կազմել ու հողին կառչած մնալ:

Կա նաեւ մեկ այլ թյուրըմբռնում. երեխաների որակյալ դաստիարակության հարցը: Մեկ զավակ ունեցողների մոտ տգիտության աստիճանի է հասնում երեխային բազմակողմանի եւ որակյալ կրթություն տալու տեսլականը: Սրանք տեղի ու անտեղի գումար են ծախսում՝ իրենց երեխային դաշնամուրի, թենիսի, երգի ու պարի տալու, տարբեր ճամբարներ ու հանգստյան գոտիներ ուղարկելու համար: Նրանք գտնում են, որ այդ հմտություններին տիրապետելը երեխային կտա անհրաժեշտ զարգացում: Անպտուղ գիտելիքներով, անհամար խաղալիքներով երեխային ծանրաբեռնելը դարձրել ենք անիմաստ մրցակցության առարկա: Բայց դրանք ընդամենը կողմնակի զբաղմունքներ են, որոնք չեն կարող որակյալ մարդ ու պիտանի քաղաքացի դաստիարակելու երաշխիք լինել: Շատ հաճախ հենց այդ ընտանիքների մինուճար երեխաներն են ոչ նախանձելի վիճակում հայտնվում, երբ մուտք են գործում հասարակություն՝ դպրոց, աշխատանքային միջավայր, կամ ընտանիք ստեղծելիս: Բանակում, օրինակ, մինուճար տղաների վարքագիծն ամենեւին տղամարդկային` առնական, զգաստ ու ինքնուրույն չէ: Բանակային կյանքում միշտ բարդություններ են առաջանում հենց այդպիսիների մոտ: Իզուր չէ, որ այդ մինուճարների ծնողներն ամեն միջոցի դիմում են, որ իրենց տղան խույս տա ծառայությունից: Նման բարդություններ են առաջանում նաեւ աղջիկ-մինուճարների մոտ: Աշխարհը ղեկավարող հեղինակությունների շարքերում դժվար թե այդպիսիք հայտնվեն: Ամերիկայի ամենահեղինակավոր նախագահներից Քենեդին ծնողների 11 զավակներից մեկն էր: 

Երեխայի ինքնուրույնությունն ու նախաձեռնողականության ոգին, իրավունքի գիտակցումն ու պաշտպանումը, հանդուրժողականությունը, դժվարություններին դիմանալն ու մյուսներին օգնելը, պատասխանատվության զգացումը, պայքարի մեջ հաղթելն ու առաջամարտիկ լինելը որակներ են, որոնք ի հայտ են գալիս հենց բազմազավակ ընտանիքներում մեծացած երեխաների մոտ, որովհետեւ կա անհերքելի փաստ․ զարգացումն ու որակը ստացվում են միայն հակադրությամբ: Մարդկային զարգացման էվոլյուցիան առաջ է գնում հակադրությունների հաշվին: Չկա հակադրություն` չի՛ լինի զարգացում: Մինուճար տղան կամ աղջիկն ո՞ւմ հակադրվի. սենյակի չորս պատերի՞ն, թե՞ խաղալիքներին: 

Մեկ կարեւոր դիտարկում եւս: Ինչքան էլ ուշադիր լինենք, որ մեր զավակներն առողջ եւ անվտանգ մեծանան, այդուամենայնիվ, կյանքին սպառնացող վտանգները միշտ առկա են: Դրանց զգալի մասը դուրս է մեր հսկողությունից՝ վթար, անբուժելի հիվանդություններ եւ այլն: Բազմազավակ ընտանիքներն այդ տեսակետից իրենց ավելի ամուր են զգում, երեխաներից մեկնումեկի հավանական կորուստը, խորը վիշտ պատճառելով հանդերձ, ընտանիքի քայքայման կամ վերացման պատճառ չի դառնում: Ինչպես ասում են՝ մյուսներով մխիթարվելը կա, եւ կյանքը շարունակվելու է: Ողբերգությունն այնտեղ է, երբ ընտանիքի մինուճարը ողբերգական դիպվածով հեռանում է կյանքից: Արդյունքում՝ քայքայվում է ընտանիքը, եւ հասուն տարիքում հայտնված ծնողների զղջումը, թե ինչու ժամանակին շատ զավակներ չեն ունեցել, անօգուտ է: 

Անհետաձգելի գերագույն նպատակ պետք է դառնա մեր երկրի ժողովրդագրական աճի տեմպի հարցը: Այստեղ հսկայական անելիք ունեն բոլորը՝ պետական այրերից մինչեւ հոգեբաններ ու հոգեւորականներ: Սա այն սպառազինությունն է, որին հակադրվել չեն կարող մեր հարեւաններն ու հեռու-մոտիկ թշնամիները: Այս սպառազինությամբ կապահովենք մեր երկրի հզորությունը, անվտանգությունը, տնտեսական զարգացումը, ապագայի նկատմամբ հույսն ու երջանիկ ապրելու տեսլականը:

Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ