Սիամական զույգի նման կպել ես աթոռին, որ ի՞նչ․․․ 

Սիամական զույգի նման կպել ես աթոռին, որ ի՞նչ․․․ 

Սարսափելի բան է, երբ ճիշտ ժամանակին հեռանալու  զգացողություն չունես։  Բնության մեջ անգամ տերևը գիտի, թե երբ պետք է հեռանա։ Ու դա գեղեցիկ է․ դա գեղեցիկի, բարու համար է արվում։ Եկա, կյանք տվեցի ծառին, զմրուխտ կանաչով ուրախացրի բոլորին ու հեռանում եմ։ Մարդկային հասարակության մեջ նույնն է։ Մարդը, երբ  հյուր է գնում, չպետք է «թթվի ու մնա» , պիտի կարողանա հեռանալու ճիշտ ժամանակը ընտրել։ Ժամանակի խախտում լինում է միայն մի դեպքում, երբ մենք չենք ընտրում ժամանակը, այլ ժամանակն է մեզ ընտրում։ Դա կոչվում է անժամանակ հեռացում, որից խիստ ցավ ենք զգում։ Երբ ստանձնում ես երկրի ղեկավարի պաշտոնը, ոսկերչական ճշգրտությամբ պիտի հեռանալու ժամանակդ ընտրես։ Այլապես վերածվելու ես նեխած ճահճի ու քաշես երկիրդ ճահճի մեջ։ Նիկոլ Փաշինյանն իր գոյությամբ արդեն անտանելի է դարձել Տանտիրոջ համար։

Նա եկել ու չի հեռանում։ Զգու՞մ է արդյոք, թե ինչքան է «թթվել» ու ինչքան է ահագնացել դժգոհությունը, ատելությունը շուրջ բոլոր։ Իհարկե, զգում է։ Եթե չզգար,  ուժայիններով, թիկնապահներով, դիպուկահարներով մայթից մայթ չէր անցնի։ Բայց ինչի՞ վրա է հույսը դրել, ինչու՞ է կառչել աթոռից ու չի հեռանում։ Անգամ յուրայինի միջոցով՝ ի ականջ ժողովրդի, մեղմ եմ ներկայացնում, ասում է՝ ինչու՞ մեզ չեք հեռացնում։  Աշխարհում ընդունված կարգ է, երբ ղեկավարը՝ անգամ մի հարցում աննշան սխալ է թույլ տալիս, անխոս հեռանում է։ Նա երկիրը ցնցումների չի տանում, չի սպասում, որ հարյուր հազարավոր մարդիկ հավաքվեն ու իրեն հեռացնեն։ Չի ասում՝ հավաքվեք ու մեզ քշեք։ Դա երկիրը ցնցումների տանելու ու վերջնականապես կործանելու ամենակարճ ճանապարհն է։ Ինքը պիտի գիտակցեր իր  հեռացման անհրաժեշտությունը, ընտրեր ճիշտ ժամանակը։  Հայաստանում էլ է այդպես եղել։ Նման կառչածություն աթոռին չի եղել, սիամական զույգի նման կպել է աթոռին, որ ի՞նչ։ Աթո՞ռն ես ուզում հետդ տանել, թե՞ երկիրը։ Եվ ո՞վ է հուշել, որ քո հեռանալու համար պատերազմներից հյուծված, որբացած ժողովրդին պիտի ներքաշես այդ խաղի մեջ։ Ո՞վ է պարտադրում, որ մնաս։ 

Ներքին ճակատ բացելը վտանգավոր է, Աղազարյանն էլ լավ գիտի դրա մասին։  Ներքին ճակատը բացել կնշանակի ջուր լցնել թշնամու ջրաղացին։ Դուք դա լավ գիտեք, դրա համար էլ հոխորտում եք՝ եթե կարող եք, մեզ քշե՜ք․․․ Դուք  մենք չենք։ Դուք երկրորդ ճակատ եք ու համառորեն գնում, հրահրում  եք՝ երկրորդ ճակատ բացելու համար։ Հեռացեք, թույլ տվեք, որ  երկիրն ապրի։