Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ եւ շատ ճիշտ է անում

Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ եւ շատ ճիշտ է անում

Մինչեւ 2018-ը հրապարակայնորեն չէր քննարկվում այն հարցը՝ եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում է, թե ոչ, որովհետեւ բոլորն էլ այն մտքին էին, որ եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում։ Չէր զբաղվում, որովհետեւ քաղաքական գործիչներն իրենց գործին տիրապետում էին, իսկ եկեղեցին ամբողջությամբ լծված էր իր հոգեւոր առաքելությանը։ Եկեղեցին ու պետությունն իրար հետ, լավ թե վատ, համագործակցում էին, ինչը, ժամանակի քննադատների բնութագրմամբ, «սերտաճել» էր համարվում։ 2018-ի դեպքերից հետո եկեղեցու՝ քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու հարցն արդիականացավ, եւ մինչ օրս այս հարցում հստակ ընկալում չկա։   

2018 թվականին, երբ հալածում էին Ամենայն հայոց հայրապետին, մենք դա դիտարկեցինք որպես  հալածանք Հայ եկեղեցու դեմ։ Այդ տրամաբանությամբ, եթե կաթողիկոսը պահանջում է վարչապետի հրաժարականը, ապա նշանակում է՝ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, քանի որ հայտարարությունը քաղաքական է, այլապես երկակի ստանդարտների նմանվող երեւույթի հետ գործ կունենանք։ Կարծում եմ՝ պետք չէ խուսափել «Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ» եզրույթն օգտագործելուց։ Քաղաքականությամբ զբաղվելու համար պարտադիր չէ, որ հոգեւորականը որեւէ կուսակցություն ներկայացնի, քանի որ նա միշտ ու ամենուր հայ ազգին է ներկայացնում՝ իր ամբողջության մեջ, միակ սկզբունքային եւ անսակարկելի պայմանն այն է, որ ոչինչ չպետք է արվի ի վնաս հոգեւոր ծառայության, որը եկեղեցու բուն առաքելությունն է։ Ոմանք, «եկեղեցի» բառի ստուգաբանության տրամաբանությամբ առաջնորդվելով, ասում են, թե եկեղեցին ժողովուրդն է, քրիստոնեական համայնքն է, եկեղեցի՝ նշանակում է հավաքատեղի եւ այլն, ինչը, անշուշտ, շատ ճիշտ է, բայց մենք առաջնորդվում ենք մեր թեմայի տրամաբանությամբ, այսինքն՝ երբ հալածում են կաթողիկոսին, ո՞վ է հալածվում՝ կաթողիկո՞սը, թե՞ եկեղեցին։ Փորձեմ ավելի պարզեցնել մտքերս։ 

Դիցուք, Պողոսն ու Պետրոսը պահանջում են վարչապետի հրաժարականը, նրանք  անում են քաղաքական հայտարարություն, այս դեպքում ոչ ոք չի մտածելու՝ քանի որ Պողոսն ու Պետրոսը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են ու պահանջում են վարչապետի հրաժարականը, ուրեմն եկեղեցին է պահանջում վարչապետի հրաժարականը կամ, ուրեմն, եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, որովհետեւ այդ մարդիկ, լինելով Հայ առաքելական եկեղեցու զավակ,  նաեւ շարքային քաղաքացիներ են եւ իրացնում են իրենց սահմանադրական իրավունքները՝ արտահայտելով իրենց անձնական կարծիքը։ Վերջապես, Հայ եկեղեցին 85 տարեկան վաստակաշատ երգահան չէ, որ կասկածելով իշխանությունների  մեծահոգությանը՝ վախենա որեւէ հարցի շուրջ տեսակետ հայտնելուց։ Հայ եկեղեցին Տիրոջ նախախնամության ներքո գտնվող, Հայոց պատմության ողջ ընթացքում ազգապահպանման գործում ամենաշատ ավանդն ունեցող, ամբողջ աշխարհում ընդունված, ճանաչված ու միլիոնավոր հետեւորդներ ունեցող ավելի քան 1700-ամյա սուրբ հաստատություն է։ Այնպես որ, եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ եւ շատ ճիշտ է անում, որ զբաղվում է։

Գենադի Մնացականյան