Գեղարքունիքի մարզի ուսուցիչները դեռ աշխատավարձ չեն ստացել

Գեղարքունիքի մարզի ուսուցիչները դեռ աշխատավարձ չեն ստացել

Մի քանի օր շարունակ Գեղարքունիքի տարբեր դպրոցների ուսուցիչներ ահազանգում են այն մասին, որ դեկտեմբերի 13-ն է, իսկ նոյեմբերի աշխատավարձերը դեռ չեն ստացել: Ըստ օրենքի՝ նրանց աշխատավարձը տրվում է մինչեւ հաջորդ ամսվա 15-ը։

Զրուցեցինք մի քանի դպրոցների տնօրենների հետ, հասկանալի պատճառներով չենք նշում նրանց անուն-ազգանունները:

«Ֆինանսավորում չի եղել նախարարության կողմից, մարզպետարանից մեզ էդպես ասեցին: Եթե մենք էլ մնացորդ գումար ունենայինք, բնականաբար, կվճարեինք: Եթե որեւէ դպրոց էլ աշխատավարձ է ստացել, այդ դպրոցները տնտեսած գումար են ունեցել: Մեզ ասել են` առաջիկա 2 օրում գումարները կստանաք»:

Թե ինչով է պայմանավորված մանկավարժների աշխատավարձերի հետ կապված խնդիրները, փորձեցինք պարզել Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Կարեն Զազյանից: Վարչության պետը մեզ ուղղորդեց դեպի մարզպետարանի ֆինանսական վարչություն: Վարչության գլխավոր մասնագետ Գոռ Ղազարյանն ասաց. «Ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում: Դա դպրոցի ներքին խնդիրն ա, իրենք կարող են մուտքագրել, եւ աշխատավարձ  ստանալ, մենք տեղյակ չլինենք: Հո՞ մարզպետարանը չի վերահսկում իրենց աշխատավարձի ժամկետները»:

Ղազարյանին հարցրեցինք՝ մարզի քանի դպրոցում աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել. «Չեմ կարող ասել»:

Չգիտեք, դրա համար չե՞ք կարող ասել, թե՞ գիտեք` չեք ուզում ասել. «Ովքեր որ իրենց հաշվին մնացորդ ունեցել են՝ ստացել են, մյուսներն էլ՝ այսօր կամ վաղը ֆինանսավորում կլինի՝ կստանան»:

Հետաքրքրվեցինք՝ ֆինանսավորման հետ կապված խնդիր կա՞, դրա պատճառով մանկավարժները աշխատավարձ չեն ստացել. «Մենք խնդիր ունեինք կրթության նախարարության հետ: Հիմա խնդիրը հարթվում է, ֆինանսավորումը կճշտվի ու վաղը կամ մյուս օրը բոլորն աշխատավարձերը կստանան»:

 Դիմեցինք նաեւ ԿԳՄՍ նախարարություն: Նախարարությունից մեզ փոխանցեցին հետեւյալը. 

«Պայմանավորված ֆինանսավորման նոր մոդելի ներդրմամբ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված աշակերտների ընդգրկմամբ հանրակրթական դպրոցներում, մարզերում, առանձին դեպքերում առաջացել են որոշակի խնդիրներ, հավելյալ գումարների տրամադրման հետ կապված: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզպետարանը դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ կրթության համակարգի լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ, եւ այդ որոշումը վերաբաշխման ձեւով արդեն մշակվել է եւ շրջանառվում է կառավարության կողմից: Որոշումը կընդունվի եւ հավելյալ ֆինանսավորում կտրվի»: