Փողերի լվացման մեջ մեղադրվող Ակոպովնան իր հին գործին է անցել․ ի՞նչ եղավ քրգործը
Հաղորդավարուհի, կանանց ոճի, արտաքինի վերաբերյալ հաղորդումներ անող Դիանա Գրիգորյանը՝ նույն ինքը Դինա Ակոպովնան, որը մեկնել էր Հայաստանից՝ բնակություն հաստատելով ԱՄՆ-ում, կրկին վերադարձել է Հայաստան։ Ավելին՝ նա «Թիվ 5» հեռուստաընկերությամբ իր ոճի մեջ նոր հաղորդում է ստեղծել եւ վարում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Ակոպովնայի դեմ քրեական գործ էր հարուցվել ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու և փողերի լվացման համար:
Իսկ թե ի՞նչ եղավ այդ քրեական գործը եւ ինչպե՞ս նա հայտնվեց Հայաստանում, փորձեցինք պարզել հենց իրենից, սակայն նա որեւէ պատասխան չտվեց․ «Փոխեք թեման, երևում է՝ տեղյակ չեք շատ հարցերում, ու հիմա ես շատ կարևոր ու օգտակար նախագիծ եմ անում։ Աջակցում եմ կանանց, աղջիկներին, ուզենաք ոճափոխություն դիմեք՝ սիրով կօգնենք»,- եզրափակեց իր խոսքն՝ այդպես էլ չասելով, թե ինչ ճակատագիր է ունեցել քրեական գործը։
Գլխավոր դատախազությունից էլ գործի վերաբերյալ միայն փոխանցեցին․ «2018թ. նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՁՊՎ է տեղափոխվել ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Դիանա Հակոբի Գրիգորյանը: Դ. Գրիգորյանի ձերբակալման վերաբերյալ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է ԱՄՆ իրավասու մարմիններին: Հիմք ընդունելով ԱՄՆ իրավասու մարմիններից ստացված պատասխանը` Դ. Գրիգորյանին կալանավորելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել, եւ նա ազատվել է արգելանքից»:
Դատախազությունից նաեւ նշեցին, որ գործի վերաբերյալ այլ բան չեն կարող ասել, քանի որ այն գտնվում է ԱՄՆ-ում։
Կարծիքներ