Հայրենասիրության մասին․․․եւ ոչ միայն

Հայրենասիրության մասին․․․եւ ոչ միայն

Հարենասիրության թեման վերջին օրերին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ կապված, հրատապացել է, եւ դա բնական է: Բնական է նաեւ, որ արտաքին սպառնալիքի ընդհանրական գիտակցումը հզոր ուժով ճնշել է ներքին քաղաքական տարաձայնությունների դաշտը, որտեղ այս պահին իրենց գործողություններով նույն նպատակին են միտում դաշնակցականն ու հանրապետականը, ՔՊ-ականն ու բարգավաճականը, լուսավորականն ու պահպանողականը. բոլորը: Այլ կերպ ուղղակի չէր կարող լինել, որովհետեւ այլ կերպ լինելու հենց միայն հավանականությունը կզրոյացներ նախընթաց պայքարի ու հակադրությունների քաղաքական իմաստն ու արժեքը: Ուրեմն, արձանագրենք. քաղաքական դաշտում առայժմ պահպանվող «հրադադարը» (այս դեպքում էլ թերեւս` փխրուն) որքան որ խոսում է մեր քաղաքական ուժերի ներքին հասունության եւ ազգային ձգողականության մասին, նույնքան նաեւ այն կարեւոր իրողության, որ նրանց բոլորի գործողությունների հեռանկարում ուժեղ հայկական պետությունն է, բոլոր առումներով պաշտպանված հասարակությունը:

Մեր իրականության մեջ, սակայն, ինչպես շատ հիմնարար արժեքներ ու գաղափարներ, խեղված է նաեւ հայրենասիրության գաղափարը: Այն նույնպես ենթարկվել է բովանդակային փոփոխությունների, մասնավորապես` դարձել է ավելի առերեւութային: Այն հիմա էլ է շարունակում, օրինակ, կեղծ ֆիդայականության համազգեստ կրել` ներսում չունենալով ո՛չ ինքնազոհության պատրաստ մարմին ու ոգի, ո՛չ էլ նվիրումի այնպիսի բարձր աստիճան, որտեղ ձեւը ստորադասվում է բովանդակությանը, համազգեստը` էությանը, ճառը` գործին:

Իսկ ճառ` որքան ուզեք: Ճառախոսում են պատգամավորն ու նախարարը, չինովնիկն ու մտավորականը: Ճառն ամենուր է, առավել եւս` հանրային հարթակներում: Մասնավորապես Ֆեյսբուքն այս օրերին վերածվել է յուրօրինակ Ավարայրի դաշտի, ուր մարտնչում են հայրենասերն ու առավել հայրենասերը, հայրենիքը միայն հեռուներից սիրողն ու սիրուն տեսնողը, ուր լացակումած ստատուսը հայրենասիրության լավագույն վկայություն է, իսկ թշնամու ուղղությամբ հնչեցրած հայհոյանքը` հայրենապաշտության անհերքելի ապացույց: Հայրենասիրության այս փոխակերպությունները ստիպում են փոքր-ինչ զգուշորեն մոտենալ երեւույթին, որովհետեւ անպատեհ մի քայլ, պատահական մի բառ քեզ կարող է նետել դավադիրների ու դավաճանների խմբակ: 

Ահա, այս պայմաններում իշխանական շրջանակների կողմից լրատվական դաշտին էլ պարտադրվում է գրադադար՝ ուղղակի հրահանգով՝ իշխանություններին մի՛ քննադատեք, նրանց թերություններն ու վրիպումները մի՛ մատնանշեք, նրանց սխալները մի՛ արձանագրեք ու մի՛ հեգնեք, որովհետեւ… թշնամին լսում է:

Բայց եթե հայրենասիրության չափանիշը համավարակի աղետի մեջ իշխանություններին անհոգության ու անհամարժեք կեցվածքի համար «թթու խոսք» չասելն է` ինձ մի՛ դասեք հայրենասերների շարքում: Եթե հայրենասիրության չափանիշը պատերազմական իրավիճակում իշխանություններին պատասխանատվության ու ռեալ գործողությունների կոչ անելը հայրենադավություն որակելն է` ինձ մի՛ դասեք հայրենասերների շարքում: Եթե հայրենասիրության գերագույն ցուցիչը հանրությունից իրականությունը թաքցնելն է կամ ճշմարտությունը կիսատ մատուցելը` ինձ մի՛ դասեք հայրենասերների շարքում (քանզի, ինչպես Սուրբ գիրքն է ասում՝ «Ամենայն ինչ որ յայտնի է՝ լոյս է»): 

…Գրական աշխարհի մի մարդ եւս, որ նաեւ հրապարակախոսի համարում ունի, հորդորում է քննադատական խոսք չասել-չգրել իշխանության` իրավիճակին ոչ համարժեք պահվածքի մեր մտահոգությունների մասին: Խորհուրդ է տալիս գրել մեր զինվորների հերոսության, մեր ռազմական ձեռքբերումների մասին: Հազար փառք ու փառաբանություն հայ զինվորին, հազար խունկ ու խոնարհում զոհվածների հիշատակին, բայց ես կարծում եմ, որ կան թանկ բաներ` գաղափարներ ու արժեքներ, որոնց մասին կյանքում պիտի խոսես-գրես ընդամենը երբեմն-երբեմն, իսկ եթե ճիշտը կուզեք` միայն մեկ անգամ: Իսկ ես մի այդպիսի գիր, անհամեստության համար անմեղադիր եղեք, տարիներ առաջ կարծես գրել եմ: Ինչ մնում է հայրենասիրության մասին չգրելով ոչ հայրենասեր համարվելու վտանգին, ես վաղուց ազատվել եմ հայրենիքը միայն փառաբանելով սիրելու փարիսեցիությունից:

Իսկ վերեւում ակնարկված գիրը ստորեւ բերվող փոքրիկ ակնարկն է, որ գրվել է 2014 թվականի հունվարի 20-ին ԼՂՀ հյուսիսարեւելյան սահմանին թշնամու դիվերսիան կասեցնելիս հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի մասին: Ակնարկը տպագրվել է «Երկիր» թերթում, ապա արտատպվել ուրիշ, նաեւ սփյուռքի հայկական թերթերում:

Թագավոր լինելու արժանապատվությունը

Մարտական դիրքում զոհված Արմեն Հովհաննիսյանի սխրանքը, անտարակույս, արժանի է ավելի մեծ փառքի ու գնահատականի: Վստահ ենք` ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Բայց ժողովուրդն իր գնահատականն արդեն տալիս է. համացանցում կարելի է լսել ոչ միայն երգեր, այլեւ կարդալ Արմենին նվիրված ոտանավորներ, որոնց հեղինակները տարբեր տարիքի մարդիկ են, նաեւ՝ սփյուռքից: Եվ ինչն է զարմանալին` որքան անարվեստ ու անզարդ, այնքան հուզիչ ու առինքնող են դրանք, հեղինակները որքան անհայտ, նույնքան դրանք ընկալվում են իբրեւ ժողովրդական: 
Ունե՞ր Արմենը հայրենիքի ու նրա սրբազանության գիտակցումը, գիտակցվա՞ծ մահ էր արդյոք նրա մահը: Անշուշտ, ուներ, անշուշտ, գիտակցված էր: Եվ դա փաստում են ոչ միայն այդ հերոսական օրվա դեպքերը, այլեւ դեպքերի նախօրեին սոցցանցում Արմենի ձեռքով արված վերջին գրառումը, որն ուղղակի ցնցում է իր միստիկ բովանդակությամբ` հետին թվով լուսավորելով նաեւ Արմենի ինքնազոհության պատրաստակամության ու դրա գիտակցված լինելու իրողությունը: Զոհվելուց ժամեր առաջ Արմենը մեծատառերով գրել է. «ՊՈՍՏ ՊԱՀՈՂ ՍԱՂ ՏՂԵՔԸ ԹԱՔԱՎՈՐ ՏՂԵՔ ԵՆ»: Հենց այսպես` պարզ ու հասարակ, առանց սեթեւեթանքի, առանց նույնիսկ ուղղագրության, բայց եւ` զարմանալի ուղղամտությամբ, արժանապատվության խոր գիտակցումով: Եվ այս ինքնաբնորոշումը` «թագավոր տղեք», ոչ միայն սեփական նվիրումի խորության ըմբռնումից է, այլեւ հողը հայրենիք դարձնող, տարածքը թագավորության վերածող պարզ, բայց անխաբ ընկալումից, որ տրված է միայն խիզախներին: 

Արմենի վերջին գրառման մեջ, գուցե դա թվացողություն է կամ պատրանք, բայց նաեւ ընդվզումի շեշտեր կան,  եւ այդ առումով այն ոչ միայն ինքնագնահատական է, այլեւ ուղերձ ու կոչ, մի յուրատեսակ «կոչեմ ապրողաց»: «ՊՈՍՏ ՊԱՀՈՂ ԲՈԼՈՐ ՏՂԵՔԸ ԹԱՔԱՎՈՐ ՏՂԵՔ ԵՆ»-ը ուղերձ է բոլոր նրանց, ովքեր, թաքնվելով մեծահարուստ հայրիկների, մեծապաշտոն յուրայինների թիկունքում, կաշառքով ու հովանավորչությամբ իրենց զրկում են թագավոր զգալու բացառիկ հնարավորությունից, այն արժանապատիվ ինքնընկալումից, որն ակամա նաեւ սահման է քաշում նրանց ու «թագավորների» միջեւ: Դա ամոթալի սահման է: Ուստի Արմենի գրառումը նաեւ սթափության կոչ է բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ անում են` իրենց զավակների թագավոր զգալու նվիրումը` ներհատուկ ամեն մի իսկական հայորդու, սպանելու համար…

…Ուրիշ հազարավորների նման` տողերս գրողի տունն էլ փոքրիկ մի «արքունիք» է, որ սպասում է իր թագավորի վերադարձին (ավագ որդիս «թագավորել» է 2003-05 թվականներին, դարձյալ՝ Ղարաբաղում): Իսկ նույն օրը, երբ զոհվեց Արմենը, կրտսեր որդիս դիրքերում էր, Արմենին շատ մոտիկ: Նա ճանաչում էր Արմենին: Ուրեմն` նա արդեն ճանաչում է թագավոր լինելու արժանապատվությունը»: