Շատ դեպքերում հոսպիտալացնում են արդեն ծանր վիճակում

Շատ դեպքերում հոսպիտալացնում են արդեն ծանր վիճակում

Տեղեկություն ունեինք, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում, որը «Սփյուռում» գրանցված է որպես ծերանոց, կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել։ Ծերանոցի հեռախոսահամարները չէին պատասխանում, տնօրենի գործավար Սիրունիկը, ում բջջային համարը  գտանք, «Հրապարակին» հայտնեց, որ թե՛ ինքը, թե՛ տնօրենը կարանտինի մեջ են։ Այլ հարցերի գործավարը հրաժարվեց պատասխանել։ Հիշեցնենք, որ խնամքի այս հաստատությունները գտնվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո։ Նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը հայտնեց․ «Ամսվա սկզբին ենք իրականացրել 450 թեստ, որոնցից 92-ը հաստատվել է»։ Ինչ վերաբերում է տուն-ինտերնատի անձնակազմին, ապա խոսնակն ասաց, որ խնամքի հաստատության ողջ անձնակազմը փետրվարի 27-ից կարանտինի մեջ է։ «Մարդիկ այնտեղ ե՛ւ աշխատում են, ե՛ւ գիշերում։ Աշխատում են 14-օրյա հերթափոխով։ 14 օր մի խումբ աշխատակիցներ են մնում ու ապրում տուն-ինտերնատում, իրենք դուրս են գալիս, մյուս խումբն է գալիս, 14 օր մնում, որ հնարավորինս մուտքն ու ելքը քիչ լինեն»։ Խոսնակն ասաց, որ անձնակազմից այս պահին կա երկու հիվանդ, ովքեր եւս ներսում են։ Մեկուսացված են հենց հաստատության ներսում։
Տուն-ինտերնատում գրանցված 97 դեպքից 2-ը մահվան ելք է ունեցել։ Երկու դեպքում էլ խնամյալները հոսպիտալացվել են։ Մյուսները՝ ոչ, որովհետեւ, ըստ Մարտիրոսյանի, մյուս բոլորն  ասիմպտոմ հիվանդներ են։  

Խոսնակի մոտ զարմանք հայտնեցինք, որ ծերանոցի տարեցները, որոնք գտնվում են ռիսկային խմբում, միթե այդքան թեթեւ են տանում հիվանդությունը։ Սոնա Մարտիրոսյանն ընդգծեց, որ Վարդենիսինը դասական առումով ծերանոց չէ, այլ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց խնամքի կենտրոն։

Նշենք․ կան բժիշկներ, որոնք անձնական զրույցներում պնդում են, թե որ օրը մահերի թիվը շատ է lլինում, ուրեմն՝ ինչ-որ ծերանոցում վարակի ալիք է արձանագրվել։ Այդպե՞ս է։ Հարցն ուղղեցինք ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի նախկին համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանին։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ մահացածների տվյալները գաղտնի են պահվում, եւ մյուս կողմից՝ ծերանոցները Հայաստանում շատ չեն, իրենք չեն կարող ազդել ռեալ վիճակագրության վրա։ Համաճարակաբանի խոսքով՝ մահերի համար ամենաառաջին գործոնը մարդկանց տանը մնալն է։ Առաջնային ամբուլատոր օղակում ջերմող պացիենտին ռենտգեն են անում, եթե թոքերի վրա ոչ մի բան չի երեւում, ուղարկում են տուն ու անգամ թեստ չեն դնում։

«Հետո մի քիչ էլ է խորանում, թեստը դնում են, մի հատ էլ են ստուգում, եթե թոքերում մի բան կա, արդեն նոր սկսում են ինչ-որ գործողություններ անել։ Այդպես մի 10 օր անցնում է, ու այդ ընթացքում կարող է հիվանդությունը խորացած լինել։ Հետեւաբար, ոնց որ ասենք՝ դեպքերը տունը մնում, ծանրանում են ու շատ դեպքերում հոսպիտալացվում են արդեն ծանր վիճակում»,- ասում է բժիշկը։