Ինչով են զբաղվելու Անդորրայում եւ Մոնակոյում ՀՀ դեսպանները

Ինչով են զբաղվելու Անդորրայում եւ Մոնակոյում ՀՀ դեսպանները

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վլադիմիր Կարմիրշալյանին Անդորրայի իշխանապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Վահրամ Կաժոյանին՝ Ֆիլիպինների Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Հասմիկ Տոլմաջյանին՝ Մոնակոյի իշխանությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագրեր։ Ինչպես հայտնի է՝ Վլադիմիր Կարմիրշալյանն Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանն էր, Հասմիկ Տոլմաջյանը՝ Ֆրանսիայում, իսկ Վահրամ Կաժոյանը՝ Վիետնամում։ Վերջին նշանակումները, իհարկե, նշանակումներ են համատեղության կարգով։ Այնուամենայնիվ, փակ սահմաններով աշխարհում՝ կորոնավիրուսի ու պատերազմական գործողությունների պայմաններում ո՞րն էր այս նշանակումների հրատապության ու նոր ծախսերի իմաստը։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ։ Սակայն ծախսերի մասով ասաց․ «Համատեղությամբ դեսպանների նշանակումը որեւէ լրացուցիչ ծախս կամ բյուջե չի ենթադրում»։ Այլ խոսքով՝ մի դեսպանությունն իր նույն անձնակազմով ու բյուջեով մյուս երկիրն էլ է «փակում»։

Ինչ վերաբերում է դեսպանների նշանակմանը, ապա 

Հոդված 132. Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում

1. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` 1) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր. 2) վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին:

Սակայն հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:

Այնուամենայնիվ, ի՞նչ պետություններ են նոր նշանակված  դեսպանընկալ երկրները, որոնց հետ Հայաստանն այս փուլում ձգտում է ունենալ հարաբերություններ դեսպանի մակարդակով։ Հարցն ուղղված էր ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանին։ Ցավոք, չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին, որ հասկանանք, թե ինչ նկատառումներից ելնելով է ՀՀ նախագահը նման նշանակումներ արել։ Հուսանք՝ մեր հրապարակումից հետո կստանանք հարցի պատասխանը։ Այլապես ստացվում է՝ 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող Հայաստանն ավելի շատ դեսպանատուն ունի, քան աշխարհի ամենահզոր երկրները։ Եվ այդ դեսպանություններն ավելի շատ ցանկալի աշխատատեղ են եւ ազգային սնապարծությունը շոյելու միջոց, քան կոնկրետ գործիքակազմ, որով պետությունը լուծում է իր խնդիրներն արտերկրում եւ ակտիվ արտաքին քաղաքականություն իրականացնում։