Կոտրել բոլորին

Կոտրել բոլորին

Ի՞նչ իմաստ ունի կոտրել դիմադրության բոլոր օջախները եւ պարտադրել, որ դրանք հրաժարվեն ինքնուրույնությունից` ենթարկվելով գործադիրի կամքին: Մեծ համառությամբ եւ հետեւողականությամբ փաշինյանական իշխանությունը նախ կոտրեց բուհերի ինքնավարության սաղմերը եւ փորձում է կառավարել պրոֆեսորադասախոսական անձնակազմին ու ուսանողական հանրությանը:

Դպրոցներում երկուական տնօրեն ունենալու գաղափարն էլ ոչ յուրային տնօրեններից ազատվելուն եւ ֆինանսական լծակներն իրենց ձեռքում կենտրոնացնելուն է ուղղված: Ապա նույն համառությամբ սկսեց եւ կարծես ավարտին է հասցնում փորձառու զինվորականներին ու բանակի ղեկավարությանը կոտրելու, իրեն ենթարկեցնելու գործը: Անհասկանալի ջանքեր եւ ռեսուրսներ են ծախսվում դատական համակարգը կոտրելու եւ դատավորների ինքնուրույնությունը ոչնչացնելու համար` այս հարցում անգամ անօրինական քրեական հետապնդումներից զերծ չմնացին եւ չվախեցան ողջ դատական համակարգն իրենց դեմ տրամադրելուց:

Մյուս համակարգը, որը ջարդելով ու տրորելով փորձում են իրենց ենթարկեցնել, տեղական ինքնակառավարման մարմիններն են` ՏԻՄ ընտրություններին հաջորդած գործընթացներն ապշեցուցիչ էին իրենց ցինիզմով ու ապօրինությամբ: Համայնքապետերի թեկնածուներ կան, որոնք «ոչ մի բանի համար» բանտարկվել են եւ դեռ երկար կարող են մնալ բանտում, քանզի հասարակությունն այդքան ուժ չունի պայքարելու, իսկ միջազգային կառույցները ցանկություն չունեն դրան միջամտելու: Անգամ սփյուռքը զերծ չմնաց օրվա իշխանությունների ավերող քաղաքականությունից` ֆրանսահայ համայնքի նման միասնական համայնքն անգամ հաջողեցրին պառակտել: Ո՜ւր էր թե այս համառ պայքարի ու հետեւողականության մի չնչին մասը իշխանությունը դրսեւորեր արտաքին թշնամու հետ հարաբերություններում: