Մի քիչ դժվար է Փաշինյանի տեղեկացվածության ու գիտելիքների կրակի վրա ցախ դնել

Մի քիչ դժվար է Փաշինյանի տեղեկացվածության ու գիտելիքների կրակի վրա ցախ դնել

ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսման, սակայն Ադրբեջանը, «ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում»։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ թե՛ այս հայտարարությունը, թե՛ Շառլ Միշելի ժամանելը միջազգային խաղաղապահ առաքելության համատեքստում է։ «Գործընթացը հետեւյալն է, որ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակիցներ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին ձեռք չի տալիս, որ հայ-ադրբեջանական սահմանում լինեն միայն ռուսական զինված ուժեր եւ խաղաղապահ զորքեր, ինչի համար Թուրքիան բազմիցս փորձել է միջամտել, իր ներկայությունն ունենալ, ՌԴ-ն մերժել է։ Այ, հիմա Փաշինյան Նիկոլը տանում է մի գործընթաց, որ սահմանում հայտնվեն ՆԱՏՕ-ի զորակազմերը։ Եվ էական չէ՝ այդ զորակազմը որ երկրի դրոշի ներքո է լինելու։ Այ, դա է տանում Նիկոլ Փաշինյանը, որ սպասարկի Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, որովհետեւ նրանց շահերից է բխում, որ լինեն ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներ։ Արցախում, չեմ բացառում՝ հայ-ադրբեջանական սահմանում ՆԱՏՕ-ի զորակազմի հրավերը Ալիեւի ու Էրդողանի՝ Սյունիքով միջանցք ստանալուն է նպաստելու, որովհետեւ ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ հունվարի 11-ի հայտնի հայտարարություններում չկա կետ, որտեղ միջանցքի մասին խոսք լինի»։ Իսկ միջանցքը սոսկ բառ չէ, այլ ստատուս է, որը հնարավորություն է տալիս այլ երկրների տարբեր կառույցների՝ ներգրավված լինել այդ միջանցքի անվտանգության պահպանմանը եւ բեռնափոխադրմանը։ Այսինքն՝ Թուրքիայի՞ զորք։ Նահապետյանը կարծում է՝ սկզբի համար Թուրքիա չի լինի․ «Ըստ օդում կախված լուրերի՝ սկսած պատերազմից, այդ միջնորդավորված պայմանավորվածությունները ձեռք են բերում Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն ու իր կինը։ Էսպես ասում են՝ հերքում առանձնապես չի եղել»։

Իսկ երբ Փաշինյանն ասում է՝ «ոչ պաշտոնական աղբյուրներ», ի՞նչ նկատի ունի․ Նահապետյանի կարծիքով՝ տարբեր ԶԼՄ-ներ, բլոգերներ։ Իսկ հնարավո՞ր է, որ դա մեր հետախուզության տվյալներն են։ «Հետախուզությունը կառույց է, որը ենթարկվում է իրեն։ Ինքը ՀՀ պաշտոնական ներկայացուցի՞չն է, հետախուզությունն էլ, ենթադրենք՝ ՊՆ-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին է ենթարկվում, հետեւաբար՝ պաշտոնական է։ Ոչ պաշտոնականը կարող է նկատի ունենալ Ադրբեջանի կառույցները․․․ ուղղակի մի քիչ դժվար է իր տեղեկացվածության ու գիտելիքների կրակի վրա ցախ դնել։ Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունի․ էնքան բաներ է խառնում։ Հիմա տեսականորեն ընդունենք՝ հետախուզությունը զեկուցել է, ապա՝ այս տարվա մայիսին, Սյունիքում Ադրբեջանի ԶՈՒ 100 զինծառայող սահմանն անցավ։ Հիշո՞ւմ եք արձագանքները։ Սյունիքի մարզպետը՝ նախկին զինվորական Մելիքսեթ Պողոսյանը, նույն օրն ասաց, որ Ադրբեջանի ստորաբաժանումները մառախուղի պատճառով շփոթել են ճանապարհը, սխալվել են։ Ու 1-2 օր հետո Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Ադրբեջանի ստորաբաժանումները գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում։ Առայսօր  գտնվում են մեր երկրի տարածքում»։ Տիգրան Ավինյանն էլ ասում էր՝ կսպասենք, մինչեւ ադրբեջանցիները հեռանան։ «Ո՞ւր հեռանան, էդ մարդիկ եկել են էդ տարածքները վերցնելու, ոչ թե հեռանալու։ Նրանք երբեք չեն հեռանա, ինչպես չհեռացան Արցախի ինքնապաշտպանական ուժերը 94-ից մինչեւ 2020թ․ սեպտեմբերի 27-ը։ Մինչեւ չստիպեցին հեռանալ, ու սա այն դեպքում, երբ այդ 7 շրջանները երբեք իրավական առումով չեն եղել ԼՂԻՄ տարածքում»։ Այսինքն՝ պետք է ոչ թե սպասել, այլ պարտադրել, որ լքեն երկրիդ տարածքը կամ էլ խնդիրը գցել «ՀԱՊԿ-ի գրպանը»։ 

Մյուս կողմից՝ 2020 թ․ սեպտեմբերին Փաշինյանը նման տվյալներ չէր հաղորդում, թեեւ հետագայում ասաց՝ գիտեր, որ պատերազմը լինելու է։ Նահապետյանն արձանագրում է․ «Պատերազմ սկսելու մասին ե՛ւ Ադրբեջանն էր բազմիցս ասել, ե՛ւ վերլուծական շրջանակները․․․ Պետության ղեկավարը եթե այդ աստիճան սխալվում է, դա միշտ բերում է ծանր հետեւանքների։ Կա՛մ սխալվում էր, կա՛մ կանխամտածված կերպով ժողովրդին թյուրիմացության մեջ էր գցում, որ երկիրն առավելագույնս լավ չնախապատրաստվի Ադրբեջանի ագրեսիային։ Ըստ իս՝ տարբերակ 2-ն է։ Առավել եւս, եթե մի երկիր մյուսի վրա հարձակվում է, դիտարկում է հավանականությունը հաղթանակի։ Ասածս այն է, որ Ադրբեջանը 100 տոկոսով համոզված էր, որ հաղթելու է։ Իսկ հաղթանակի համար ուներ մի քանի կարեւորագույն առավելություն․ ԱԹՍ-ների մեծ քանակ, եւ հայկական կողմը դրան համարժեք սպառազինություն չուներ, եւ Ադրբեջանի հետախուզությունը, ըստ ամենայնի, դրա մասին տեղյակ էր։ 2-րդ․ Ադրբեջանը հստակ գիտեր, որ միջազգային հանրությունը, ի դեմս ԵՄ-ի, միջազգային տարբեր իրավապաշտպան կառույցների, ՄԱԿ-ի, կփորձեն, բայց չեն կարողանա կանգնեցնել պատերազմը, ինչի ականատեսը եղանք»։