Հողատու եւ դավաճան

Հողատու եւ դավաճան

Երբ 2020-ի պարտությունից հետո մենք մեղավորներ էինք փնտրում, եւ, բնականաբար, մեր հայացքն ուղղվում էր դեպի ՀՀ իշխանությունը: Նրանց դավաճան եւ հողատու էինք անվանում, խիստ վրդովվում էին, թե` դավաճանն էլ եք դուք, հողատուն էլ: Անգամ «կապիտուլյացիա» եւ «կապիտուլյացիոն պայմանագիր» արտահայտություններն էին ցավոտ տանում` հայտարարելով, որ դա կապիտուլյացիա չէ, այլ ընդամենը հրադադարի համաձայնություն` եռակողմ հայտարարություն, որով դադարեցրել են պատերազմը: Իշխանության վերին էշելոնի անդամները փորձում էին մեզ համոզել, որ ոչ մի կապիտուլյացիա էլ չի եղել, հանձնել են ընդամենը գրավյալ տարածքները, որոնք պետք է, այսպես թե այնպես, հանձնվեին Ադրբեջանին: Իսկ ինչ վերաբերում է Շուշիին, ապա այն «դժբախտ, դժգույն քաղաք էր»` նախկինում ադրբեջանաբնակ, ուստի եթե փախստականների վերադարձ լիներ երբեւէ, ապա արդյունքը գրեթե նույնն էր լինելու:

Հադրութի մասով էլ դեռ ամեն ինչ փակ չէ: Ինչպես փակ չէ առհասարակ Արցախի ինքնորոշման հարցը: Ավելին` Արցախում սկսեցին բնակարանաշինական ծրագրեր ֆինանսավորել, ՀՀ պետբյուջեից հատկացումներ անել` տպավորություն ստեղծելով, թե` այ, կլուծենք անտուն մնացած 10-20 հազարի հարցը, եւ Արցախը կծաղկի` թեկուզ ավելի փոքր տարածքում: Բայց, ինչպես բոլոր հարցերում է այս իշխանությունը խոստացել եւ խաբել, ասել եւ հակառակն արել, այնպես էլ Արցախի հարցում տապալեց իր բոլոր ծրագրերն ու հատկապես` 2021 թվականի նախընտրական խոստումները: 3 տարում ապացուցեց, որ ինքն իրոք հողատու է, դավաճան եւ մատը մատին չի տալիս (գուցե` ընդունակ էլ չէ տալու)՝ հայկական շահն առաջ տանելու եւ իր խոստումները կատարելու համար: Ապացուցեց, որ 2020-ին իրենց հասցեին ասվածը շատ քիչ էր այն ամենի համեմատ, ինչ իրականում կատարվելու էր: