Փողոցային պայքարի պարտադրանքի ուժով պետք է ներկայացվի կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջ

Փողոցային պայքարի պարտադրանքի ուժով պետք է ներկայացվի կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջ

Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ռազմավարական այլընտրանքային օրակարգի ձևավորման եւ գործողությունների կոնկրետ ծրագրի շուրջ քաղաքական համախմբման անհրաժեշտությունը վերջին ժամանակներում դարձել է ոչ միայն քաղաքական, այլև քաղաքացիական դիսկուրսի հրատապ խնդիր։

Քաղաքական համախմբումը, ըստ էության, իրենից ներկայացնում է Հայաստանի հանրությանն ու ժողովրդին այլընտրանքային օրակարգ ներկայացնելու և այն իրագործելու համար անհապաղ իշխանափոխություն նախաձեռնելու, այն առաջնորդելու և գործնականում իրականացնելու վճռականություն, կամք ու պատրաստակամություն ունեցող քաղաքական դերակատարների (առանձին քաղաքական ուժերի և անհատ-գործիչների) կողմից սեփական կարողություններն ու ռեսուրսները՝ առանց քաղաքական սակարկությունների ու նախապայմանների, համախմբելու վերաբերյալ փոխհամաձայնություն:

Քաղաքական համախմբմամբ գոյութենական պայքարի արդյունավետ ազգային առաջնորդություն ապահովելու համար քաղաքական համախմբման մասնակիցների կողմից փողոցային պայքարի պարտադրանքի ուժով ՀՀ ազգային ժողովին պետք է ներկայացվի գործող կառավարությանն ու դրա ղեկավարին անվստահություն հայտնելու և քաղաքական համախմբման մասնակիցների կողմից առաջադրված թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելու պահանջ։
Ըստ էության, այստեղ է, որ տիտղոսային ընդդիմության ներկայացվածությունը ՀՀ ազգային ժողովում նոր իմաստավորում է ստանալու, և նրանց ու փողոցային պայքարի մասնակիցների միասնական գործողությունների շնորհիվ ՀՀ ազգային ժողովում ներկայացված քաղաքական մեծամասնությունը պարտադրված իրականացնելու է հանրային պահանջը՝ իշխանափոխությունը։

Հանրությունը պատրաստ սպասում է քաղաքական համախմբման իրագործման առաջին քայլերին, որոնցով էլ, ըստ էության, կազդարարվի հասարակական-քաղաքական շարժման մեկնարկը՝ ազգային-ազատագրական պայքարի ոգուն և սկզբունքներին համահունչ։

Առջևում սպասվող ներքաղաքական իրադարձությունների շեմին, թերևս տեղին է փորձ կատարել ուսումնասիրելու քաղաքական էլիտայի վարքագիծը՝ արդի դասական քաղաքագիտական տրամաբանության ներքո, քանի որ կարծես թե պետք է որոշակի տրամաբանություն լիներ իշխող վերնախավի` իր դիրքերն ու իշխանությունը պահպանելու մտահոգությունների և անհանգստությունների մեջ։

Անհանգստության առաջին աղբյուրը ակնհայտորեն իրենց վերահսկողությունից դուրս գտնվող արտաքին գործոններն ու ուժերն են, հատկապես ռազմական աշխարհաքաղաքականությունը։ Ներկայում աշխարհում բազմաթիվ հակամարտություններ ու աշխարհաքաղաքական հակասություններ կան, որոնք անմիջականորեն կարող են ուղղակի կամ անուղղակի վտանգ ներկայացնել ինչպես մեր պետության, այնպես էլ՝ իշխող վերնախավի համար։ Ակնհայտորեն այսօրվա քաղաքական էլիտան հստակ գիտակցում է, որ ինքն ունակ չէ հասկանալու կամ գնահատելու մեր և մերձավոր տարածաշրջանային առկա և հնարավոր զինված հակամարտությունների կամ ուժերի հարաբերակցությունների փոփոխության պայմաններում իրենց իշխանությունը պահպանելու ռիսկերն ու հնարավորությունը:

Երկրորդ մտահոգության աղբյուրը ժողովուրդն է, որն արդյունավետ առաջնորդության պարագայում ունակ է ապստամբել։ Ժողովուրդը թեև խորն ապատիայի և անտարբերության մեջ է, սակայն, այնուամենայնիվ, ունի զանգվածային անհնազանդության ակցիաների ներուժ, որը կարող է լուրջ վտանգ ներկայացնել իշխող ռեժիմի համար։ Իշխող վերնախավը վախենում է վերահսկողությունը կորցնելուց՝ չնայած վճռական է տրամադրված ժողովրդական հնարավոր անկարգություններն ու անհնազանդությունը զսպելու հասանելի բոլոր մեթոդները կիրառելու գործում։
Մտահոգության երրորդ աղբյուրը օլիգարխիկ միջավայրում ազդեցությունների և շահերի համար ներքին մրցակցության առկայությունն է։ Օլիգարխների շրջանում ազդեցության, ռեսուրսների և դիրքերի համար պայքարը կարող է ստեղծել ներքին ապակայունացում և իշխող վերնախավի ներսում ինտրիգների, դավադրությունների և հնարավոր դավաճանությունների ի հայտ գալուն, որոնք կարող են սպառնալ ռեժիմի կայունությանը:
Այնուամենայնիվ, բացի մտահոգությունների ու վախի՝ վերոհիշյալ երեք աղբյուրներից, կա նաև վերնախավի ավանդական վախը՝ տապալում ներքին հեղափոխությամբ։ Այս վախի առկայությունը վկայում է այսօրվա էլիտայի իշխանության օրինականության և լեգիտիմության պակասի մասին։

Ամեն դեպքում, իշխող վերնախավի մտահոգություններն ու վախերը տեղին են, քանի որ ամենայն հավանականությամբ շատ մոտ ապագայում սպասվում են զանգվածային անհնազանդության ակցիաներ և փողոցային պայքարի՝ ինչպես հախուռն, այնպես էլ կազմակերպված շարժումներ, որոնց նպատակը փողացային պայքարով իշխանափոխության իրագործումն է։

Եվ, կարևոր է հիշեցնել այսօրվա քաղաքական էլիտային, որ այս սցենարով 2018-ին հաջողությամբ իրականացված իշխանափոխությունն արդեն իսկ «քաղաքակիրթ» աշխարհի և «քաղաքացիական հասարակության» կողմից ընդունվել և ճանաչվել է որպես լեգիտիմ ուղի։