Ինչու զիջեցինք Ուզբեկստանին․ Հայաստանի հավաքականը՝ 44-րդ օլիմպիադայի փոխչեմպիոն

Ինչու զիջեցինք Ուզբեկստանին․ Հայաստանի հավաքականը՝ 44-րդ օլիմպիադայի փոխչեմպիոն

Ավարտին մոտեցավ Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան։ Այսօր կայացավ վերջին՝ 11-րդ տուրը։ Անցած 10 տուրերից հետո Հայաստանի հավաքականը վաստակած 17 միավորով կիսում էր առաջին հորիզոնականը Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ։ Հայաստանի հավաքականը, հիշեցնենք, մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքերը Ադրբեջանի հավաքականի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակից հետո։

Հայաստանի հավաքականը հաղթողի տիտղոսը նվաճելու ռեալ շանսեր ուներ։ Մեր հավաքականը Հնդկաստանի Չեննայ քաղաքում արդեն ավարտված օլիմպիադայի վերջին տուրի շրջանակում մրցեց Իսպանիայի հավաքականի դեմ։ Գաբրիել Սարգսյանը խաղաց Ալեքսեյ Շիրովի հետ, Հրանտ Մելքումյանը խաղաց Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ, Մանուել Պետրոսյանը՝ Դավիդ Անտոն Գիխարոյի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Խայմե Սանթոս Լատասայի հետ:

Թեպետ մեր հավաքականը առավելության հասավ մրցակցի նկատմամբ, սակայն հաղթողի տիտղոսը նվաճելու մյուս հավակնորդ հավաքականը՝ Ուզբեկստանը ևս ուժեղ գտնվեց իր մրցակցից՝ Նիդերլանդներից։ Հատկանշական է, որ թե Հայաստանի, թե Ուզբեկստանի հավաքականները վաստակել էին նույնքան՝ 19 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեցինք Ուզբեկստանին։ Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականը 11 տուրերի ընթացքում միայն մեկ պարտություն է կրել՝ պարտվելով հենց Ուզբեկստանի հավաքականին։