Ո՞ր մասնագիտություններն են պահանջված միասնական քննությունների 2-րդ փուլում

Ո՞ր մասնագիտություններն են պահանջված միասնական քննությունների 2-րդ փուլում

Հունիսի 11-ից մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը: Գնահատման եւ թեստավորման կենտրոնից հայտնում են, որ քննական առաջին օրը հանրապետությունում 1176 դիմորդ քիմիա է հանձնելու, 259-ը՝ ռուսերեն (2023-ին այդ թվերը եղել են համապատասխանաբար 1210 եւ 313): Մարզերում քիմիա է հանձնելու 677, Երեւանում՝ 499 հոգի: Ռուսաց լեզու հանձնողները մարզերում 199-ն են, Երեւանում՝ 60-ը:

Գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում եւ 4-ը՝ Երեւանում: Երեւանի քննական կենտրոններն են՝ թիվ 11 հիմնական (ՀԱԹ), թիվ 189 ավագ (Դավիթաշեն), թիվ 14 հիմնական (Կենտրոն) եւ թիվ 190 ավագ (ՀԱԹ) դպրոցները: Դավիթաշենում գտնվող թիվ 189 ավագ դպրոցի քննական կենտրոնում 60 հոգի ռուսերեն է հանձնելու, 100-ը՝ քիմիա: Մյուս քննական կենտրոններում միայն քիմիա են հանձնելու թիվ 11-ում՝ 140 հոգի, թիվ 14-ում՝ 120 եւ թիվ 190-ում՝ 139 հոգի:

Քիմիային հատկացվում է 3, ռուսաց լեզվին եւ մյուս օտար լեզուներին՝ 2.5 ժամ։ Քննության ավարտից մոտ 2 ժամ հետո թեստերը եւ ճիշտ պատասխանները տեղադրվելու են ԳԹԿ-ի էջում։ Քննություններից հետո 5-րդ օրը հրապարակվում են գնահատականները, որոնք դիմորդները ստանում են նաեւ իրենց էլմեյլերին։ Նաեւ գնահատականների ցուցակը փակցվում է բոլոր քննական կենտրոններում։ 6-րդ օրը՝ գնահատականների հրապարակումից հետո, նախատեսված է բողոքարկումների համար, բայց միայն վերջին քննությունից հետո, որը նախատեսված է ամսի 28-ին, կձեւավորվի բողոքարկման հանձնաժողով, որը կդիտարկի բոլոր առարկաների գծով դիմումները։

ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2-րդ փուլի համար հայտագրված դիմորդների թիվը նախորդ տարվանից (13 հազար 950) շուրջ 800-ով ավելի է (14 հազար 696)։

Ինչ վերաբերում է ամենապահանջված մասնագիտություններին, Խ․ Գրիգորյանը նկատում է, որ, սովորաբար ու ավանդաբար, ԵՊՀ-ի իրավագիտությունն է ամենապոպուլյար մասնագիտությունների թվում, Բժշկական համալսարանում՝ «Բուժական գործ» մասնագիտությունը, նաեւ՝ IT մասնագիտությունները։ «Այս տարի շատ պահանջված մասնագիտությունների թվում ունենք ստոմատոլոգիան, որն անցած տարի նույնիսկ տասնյակում չէր եւ այդքան մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում։ Ես դրա բացատրությունն ունեմ․ քանի որ մենք անցած տարվանից նախորդ տարվա անցումային միավորն ենք հրապարակում dimord.am կայքում, ըստ այդմ՝ դիմորդը երբ հայտագրվում է, կարող է նայել, թե իր նախընտրած մասնագիտության համար անցած տարի ինչպիսի մրցույթ է եղել, քանի տեղի համար քանի հոգի է դիմել։ Հիմա շատերը կողմնորոշվելով՝ այդ անցումային միավորով ուղղորդվել են դեպի այդ մասնագիտությունը, փոխանակ մի քիչ շրջահայաց լինեին, նաեւ դիմումների շարժին էլ հետեւեին ու ճիշտ որոշում կայացնեին»,-նկատում է ԳԹԿ խոսնակը։