ՌԴ-ն ու Վիետնամը պայմանավորվել են չգործել միմյանց դեմ. փաստաթղթեր են ստորագրվել

Այսօր՝ հունիսի 20-ին Վիետնամում կայացել են Ռուսաստանի և Վիետնամի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Տո Լամի բանակցությունները, հայտնում են ռուսաական լրատվամիջոցները։
Վիետնամի նախագահն ասել է, որ երկիրը պայմանավորվել է Ռուսաստանի հետ ամրապնդել համագործակցությունը և միմյանց դեմ դաշինքների մեջ չմտնել, հայտնում է РИА Новости-ն։
«Մենք համաձայնության ենք եկել Վիետնամի և Ռուսաստանի Դաշնության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հիմնական ուղեցույցների և սկզբունքների շուրջ: Մենք նաև պայմանավորվեցինք ամրապնդել համագործակցությունը՝ հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին համապատասխան», - ասել է Լամը։
Նա նշել է, որ երկրները պայմանավորվել են մեծացնել շփումները կառավարության և կուսակցական գծերով։
Նշվում է, որ երկու երկրները տարբեր ոլորտներում համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր են ստորագրել։ Դրանց թվում են՝ կրթության ոլորտում փոխգործակցության մասին փաստաթղթերը, Վիետնամում միջուկային տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ժամանակացույցի մասին հուշագիրը:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են աշխուժացնել Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի առավելագույն ներուժը:
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով մեկնել է Վիետնամ։ Նա հունիսի 19-ին Հանոյ է ժամանել Փհենյանից` ԿԺԴՀ կատարած այցի ավարտից հետո:
Կարծիքներ