ԱՄՆ Սենատը որոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքը Կապիտոլիումի դիմաց քաոսի պատճառով

ԱՄՆ Սենատը որոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքը Կապիտոլիումի դիմաց քաոսի պատճառով

Սենատոր Ջեյմս Լենքֆորդի ելույթը անսպասելիորեն ընդհատվել է, եւ ԱՄՆ Սենատը հապճեպ հայտարարել է ընդմիջման մասին՝ քաոսի ֆոնին, որը ստեղծել են գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները Կապիտոլիումի դիմաց, հաղորդում է Fox News-ը:

10 րոպե անց Սենատը վերսկսել է իր աշխատանքը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թրամփի աջակիցները պարսպի վրայով մտել են Կապիտոլիումի շենք, զբաղեցրել աստիճաններն ու ծածանում են ԱՄՆ նախագահի լուսանկարն ու ընտրական պատկերանիշը: Որոշները պարզել են պաստառներ «Կանգնեցրե՛ք կողոպուտը» կարգախոսով:

«ՌԻԱ Նովոստի»-ն դեպքի վայրից հայտնել է, որ կան տուժածներ:  

 Որոշ տվյալներով՝ ի նշան աջակցության հավաքվել են Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցներ: 

Հիշեցնենք, որ այսօր Կոնգրեսում ընթանում է նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման հարցի քննարկումը:

Մի խումբ հանրապետականներ մտադիր են վիճարկել ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը:

Ինքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չի ճանաչում ընտրություններում իր պարտությունն ու շարունակում է պնդել, որ ընտրությունները կեղծվել են: