«Հայերն ու մեղավոր Արևմուտքը»․ Մոսկվան և Բաքուն սկսել են նույն լեզվո՞վ խոսել

«Հայերն ու մեղավոր Արևմուտքը»․ Մոսկվան և Բաքուն սկսել են նույն լեզվո՞վ խոսել

Վերջին շրջանում հայ-ռուսական ոչ հարթ հարաբերությունների ֆոնին ուշագրավ պատկեր է ուրվագծվում, ըստ որի՝ Մոսկվայից և Բաքվից եկող ազդակները, պաշտոնական արձագանքներն ու դիվանագիտական խոսույթը տեղավորվում են նույն տրամաբանության մեջ։ Ասել է թե՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսել են խոսել միևնույն լեզվով՝ ընդդեմ Արևմուտքի և արևմտյան արտաքին քաղաքական վեկտոր որդեգրած Հայաստանի։

Պաշտոնական Մոսկվան բազմիցս մեղադրել է Արևմուտքին ու հատկապես ԱՄՆ-ին՝ Հայաստանի վրա ազդելու մտադրությունների համար, նշելով, որ այդպիսով մտադիր են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել։ Կրեմլի ու հարակից պետական արբանյակների խանդն ու ցուցադրական հեգնանքը մեծ է նաև հայ-ադրբեջանական բանակցային եվրոպական ու վաշինգտոնյան հարթակների հետ կապված, իսկ դրանցից Բաքվի հրաժարումը, բացառված չէ, որ լինի հենց Մոսկվայի ուղղորդմամբ։

Բոլորովին վերջերս էլ Ռուսաստանում սարկազմով խոսեցին հայ-ֆրանսիական ռազմական գործընկերության մասին՝ մասնավորապես նշելով, որ «Բաստիոն» զրահամեքենաների տրամադրումը Հայաստանին անիմաստ է: Դրա շուրջ մեծ հիստերիա բարձրացավ Ադրբեջանում՝ բորբոքելով Բաքվի՝ առանց այն էլ հակաֆրանսիական խորացող թշնամանքը։ Բնական է, Մոսկվան դիվանագիտորեն կոծկեց իր չկամությունը, իսկ թշնամական Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները կարող էին ավելի հեռուն գնալ։

Պնդելով, որ ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները բավականին ցածր արդյունավետություն են ցուցաբերել Ուկրաինայում՝ իրական մարտական գործողությունների պայմաններում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր հետևյալը․

«Եթե պարզապես հրապարակներում ցուցադրելու համար է, միգուցե իմաստ կա, բայց եթե արդյունավետության մասին խոսենք, կարող են գալ, մեր զինվորականները պատմել։ Պարզապես Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում»։ Նա տարակուսել  է, թե ինչպես կարող է դա նպաստել Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանությանը։

Ֆրանսիան հայ զինվորներին պատրաստում է Ռուսաստանի դեմ պատերազմելու համար։ Տելեգրամի իր ալիքում այսպիսի հայտարարություն է արել ռուս հայտնի լրագրող, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախկին խորհրդական Անաստասիա Կաշեվարովան։

Նա հայտնել է Ֆրանսիայում հայ զինվորականների վերապատրաստման մասին՝ պնդել, թե հետագայում նրանք կգործուղվեն Ուկրաինա։ Կշեվարովայի խոսքով, ռազմական պատրաստության մասին տեղեկատվությունը, որը նախկինում տարածել էր Zergulio հեռուստաալիքը, հաստատվել է։ 

«Մեզ ուղարկել են լուսանկարչական և վիդեո հաստատում այս ուսումնական կենտրոններից»,- պնդել է ՌԴ Պետդումայի խոսնակի նախկին խորհրդականը։ Նրա խոսքով, հավաքագրմանը մասնակցել են ֆրանսիացի հրահանգիչներ, այդ թվում՝ ծագումով հայ։ Ուսանողների թվում, իբր, Արցախից կամավորներ են և զինվորականներ, որոնք ստիպված են եղել մասնակցել ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրին: 

Ֆրանսիական զենքի մասին տեղեկությանը Բաքվի արձագանքն առավել մառազմատիկ ու ջղաձիգ էր։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարեցին, թե նշված զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և «ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։

«Քայլերը, որոնք ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը՝ Ֆրանսիայի զրպարտիչ հակաադրբեջանական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին ցույց են տալիս, որ Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։ Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել էին այդ երկրի ԱԳՆ-ում։

Նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը USAID-ից հետո փակել է երկրում ամերիկյան մեկ այլ լոբիստական կենտրոն՝ վերջինիս մեղադրելով հակաադրբեջանական քարոզչության ու դիվերսիայի մեջ։ Ըստ այդ երկրի ԱԱԾ հաղորդագրության, օպերատիվ ուժերի արձագանքման արդյունքում ձախողվել է ԱՄՆ-ում դասընթացների մասնակցած ադրբեջանցիների հանդիպումը Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատության ներկայացուցիչների հետ։ Այլ կերպ ասած, Ադրբեջանի աչքին ամենուր ամերիկյան ուրվականներ ու գործակալներ են երևում, այդ թվում՝ սեփական քաղաքացիների տեսքով։ Ինչ վերաբերում է USAID-ին երկրից վտարելուն, ապա այդ կառույցին ու հատկապես դրա տնօրեն Սամանթա Փաուրեին Բաքվում սկսեցին լուրջ մեղադրանքներ հասցեագրել, որոնցից մեկը վերաբերում էր պաշտոնյանի ու Արցախի նախկին պետնախարար, այժմ՝ Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի այսպես կոչված սերտ համագործակցությանը։ Մեղադրում են Արևմուտքին ու իրենց արդարացնելու համար նաև հայկական հետք մոգոնում․․․

Նույն արևմտյան կազմակերպությունների մասով Ռուսաստանում ևս համանման վերաբերմունքն է։

«ԱՄՆ-ն, առաջ մղելով հասարակական կազմակերպությունների (ՀԿ)՝ որպես ազդեցության գործիքների գաղափարը, ակտիվորեն փորձում է դրանք ներդնել հետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Կենտրոնական Ասիայում: ԱՄՆ-ն հազարավոր հասարակական կազմակերպություններ է ստեղծել, որոնցից մի քանի հարյուրավորներն աշխատում են հետխորհրդային տարածքում, հատկապես շատ՝ Հայաստանում և Ղրղզստանում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում։ Նրա խոսքով, հիմնադրամներից շատերը 90 տոկոսով ֆինանսավորվում են Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որն ամերիկյան բյուրոկրատիայի մաս է կազմում, և բյուջեից գումարներ են ստանում․

«Նրանց գիծը կայանում է նրանում, որ ուղղակիորեն ազդեն այն երկրների գործընթացների վրա, որտեղ գործում են այդ հասարակական կազմակերպությունները»։
Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայից հետևանքով Արցախի հայաթափումից հետո, երբ գրեթե անհնար է դարձել արցախցիների վերադարձն այնտեղ՝ հատկապես Բաքվի շարունակական հայահալած քաղաքականության պատճառով, Մոսկվան, կարծեք, պնդում է նույն Ադրբեջանի թեզերը, թե Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացող հայերի համար խոչընդոտներ չկան։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարություններն այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների վերաբերյալ, ովքեր ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ: Մենք արձանագրում ենք բազմաթիվ ֆեյքեր, որոնք ներշնչված են, որպեսզի թույլ չտան Ղարաբաղի բնակիչների վերադարձը։ Ոմանց վախեցնում են ինչ-որ մտացածին սպառնալիքներով, մյուսներին կերակրում են կեղծ տեղեկություններով, որ իրենց տներից ոչինչ չի մնացել։ Դա ճիշտ չէ։ Մենք տեսնում ենք այս իրազեկման արշավները։ Բայց ինձ թվում է, որ ես պետք է հիմնվեմ այդ պաշտոնական հայտարարությունների վրա, որոնք, մասնավորապես, տվյալ դեպքում մեջբերել եմ Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցչի և ռուսական կողմի համապատասխան հայտարարությունները»,- օրերս հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակը Մարիա Զախարովան։

Եվ սրանք Բաքվի ու Մոսկվայի հակաարևմտյան և ինչու չէ՝ հակահայկական սինքրոն վերաբերմունքի դրսևորումների մի մասն են միայն․․․