Թող բացահայտեն, ի վերջո, իրենք էլ են մասնակցել․ Անիի համայնքապետի թեկնածուն՝ Լուսաղբյուրում նախաձեռնված քրեական վարույթի մասին

Թող բացահայտեն, ի վերջո, իրենք էլ են մասնակցել․ Անիի համայնքապետի թեկնածուն՝ Լուսաղբյուրում նախաձեռնված քրեական վարույթի մասին

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում, որտեղ մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված, ՀՀ Պետական վերահսկողության ծառայությունը օրերս համայնքի Լուսաղբյուր գյուղում մշտադիտարկում է անցկացրել եւ արդյունքում չարաշահումներ է բացահայտել․

«Հիմք ընդունելով համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը և ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը՝ պարզվել է, որ Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները կատարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերից շեղումներով, օգտագործվել է անորակ հումք, որի արդյունքում ջրամատակարարման ցանցում առաջանում են վթարներ և այն լիարժեք չի շահագործվում: Արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները լիարժեք չեն կատարվել և պետության հատկացրած միջոցները ծախսվել են անարդյունավետ և ոչ նպատակային»,- ասված է ՊՎԾ հաղորդագրության մեջ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Անիի 18 տարվա, ՀՀԿ-ական նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանը վստահ է․ «Ընտրությանն ընդառաջ անում են ամեն ինչ, որպեսզի բնակիչների մոտ անվստահություն ձևավորեն, փորձում են ընտրազանգվածի տրամադրության վրա ազդել, բայց հիմա, երբ նորից հանդիպում եմ իմ ընտրողների հետ, տեսնում եմ՝ մարդիկ ավելի ջերմ են, այս կարճ ժամանակում հասցրել են թացը չորից տարբերել, կարողացել են կողմնորոշվել ։

Ինչ վերաբերում է Լուսաղբյուրին, բոլոր փաստաթղթերն ու ակտերն  ունենք, թե ինչ ընթացակարգով են կատարվել աշխատանքները։ Գիտեք՝ ինչն է հետաքրքիր, որ դրան իրենց մասնակցություն են ունեցել Տարածքային կառավարման նախարարությունը, մարզպետարանն ու քաղաքաշինության պետական տեսչությունը։Խնդիրների հետ կապված համայնքապետարանը որևէ իրավասություն չունի։ Եթե տեխնիկական որևէ խնդիր հայտնաբերել են, խնդրեմ՝ թող ստուգեն, բացահայտեն, ի վերջո, իրենք էլ են մասնակցել»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց
Արտակ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների համար Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:  Նախորդ՝ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով հնարավոր չեղավ Անիում իշխանություն ձեւավորել, վարչապետի հրամանով համայնքապետի ԺՊ նշանակվեց ՔՊ-ի թեկնածու Արման Սարիբեկյանը, ով մինչ այդ «Հայփոստի» տեղի պատասխանատուներից էր։ Հիմնական պայքարը  Արտակ Գեւորգյանի ու ՔՊ-ի թեկնածուի միջեւ է, ՔՊ-ն ձայների քանակով զիջել էր նախկին  համայնքապետին։