Հույս, հավատ, ելք

Հույս, հավատ, ելք

Ցավալի է տեսնել, թե ինչպես է մեր հասարակությունը կծկվել, փոքրացել, կորցրել հոգեկան հավասարակշռությունը՝ այս պատերազմում պարտության արդյունքում։

Ցավալի է տեսնել, թե ինչքան շփոթված ու մոլորված են մարդիկ։ Շատերն անգամ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, եւ ով է մեղավոր։ Ամեն ինչ խառնվել է իրար, եւ գիտելիքի ու ինֆորմացիայի պակասը, քարոզչությունն ու մանիպուլյացիաները, որով կառավարել են տարիներ շարունակ, հասարակությանը թույլ չեն տալիս, որ նրանք թացը չորից զատեն, հասկանան, թե ով է պատասխանատվություն կրում կատարվածի համար, եւ ելքեր նշմարեն։

Քիչ թե շատ բնական խելք ունեցող, մտածելու ունակ մարդիկ, իհարկե, գիտակցում են, որ երկրում կատարվող ամեն ինչի համար կա մեկ պատասխանատու՝ գործող իշխանությունը։ Եվ որքան էլ նա փորձի մեղքը բարդել նախկինների ու ընդդիմության, մամուլի եւ էլիտայի, արտաքին ու ներքին թշնամիների վրա, միեւնույն է՝ պատասխանատվությունից չի խուսափի։ Բայց անգամ եթե մենք հանրային կոնսենսուսով որոշենք մեղավորին ու պատժենք, դա դեռ գործի կեսն է, հարկավոր է գտնել այս իրավիճակից դուրս գալու ելքը։

Մի բան պարզ է, որ այս իշխանությունն այլեւս անընդունակ է ելքեր գտնելու, իրավիճակը շտկելու հարցում։ Դա պետք է անի հասարակությունը՝ նրա առողջ ուժերը։ Որքան էլ մենք վաշ-վիշ անենք, ողբանք մեր կորուստներն ու սգանք նահատակներին, եղածը եղած է, ոչինչ ետ չես բերի։ Պետք է առաջ նայել։ Հասարակությանը հույս, հավատ, ապրելու կամք ներշնչել եւ խնդիրների լուծման հեռանկարներ հուշել։ Ո՛չ ատելությունը ադրբեջանցու եւ թուրքի հանդեպ, ո՛չ հիասթափությունը ռուսից ու վրացուց, ո՛չ նոր պատերազմի սարսափների ու տնտեսական կատակլիզմների մասին չարագուշակ կանխատեսումները մեզ չեն օգնի՝ հաղթահարելու այս ճգնաժամը։