Ում կհանդիպեն եւ ում չեն հանդիպի ԵԽ համազեկուցողները Հայաստանում

Ում կհանդիպեն եւ ում չեն հանդիպի ԵԽ համազեկուցողները Հայաստանում

Նոյեմբերի 3-ից 5-ը Հայաստանում են գտնվելու ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա, Սոցիալիստների խումբ) և Եվրոպայի ժողովրդական Կուսակցությունը ներկայացնող շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգը: Պատվիրակությանն ուղեկցում է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնը: Վերջիններս Հայաստանում հանդիպելու են նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին և Ազգային ժողովում են հանդիպումներ ունենալու՝ տարբեր ֆորմատներով։ Այսօր համազեկուցողները հանդիպել են ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամների հետ, ապա՝ ԵԵԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ, ապա հանդիպելու են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ու ՔՊ խմբակցության հետ։ Հանդիպման վայր է առանձնացվել ԱԺ կարմիր դահլիճը։ 

Համազեկուցողների օրակարգում են՝ ընտրություններ, ժողովրդավարացման գործընթաց, խոսքի ազատություն և «Գրեկո»՝ հակոռուպցիոն հարթակներ։ Այսինքն, զեկույցում այս հարցերն են առանձնացվելու, թե` որքանով է ՀՀ իշխանությունը իրականացնում իր խոստումները եւ որքանով են ժողովրդավարական երկրում տեղի ունեցող փոփոխությունները:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը համազեկուցողների հետ հանդիպել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում։ «Ես իմ ելույթի սկզբում ասել եմ, որ տեղական օրակարգից այսօր ոչինչ չեմ խոսելու, թեև բոլոր հարցերով պրոբլեմներ ունենք, էսօրվա իմ ելույթի ժամանակը կծախսեմ Արցախի խնդրի և գերիների հարցի վրա, բայց վաղը բռնվեք»,-ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը։ Տարբեր հարցերի քննարկման ժամանակ ՔՊ-ականները, հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, տարբեր ռեպլիկ -պատճառաբանություններ են նետել։ Օրինակ՝ հարցին, թե ինչու մոտ մեկ ամիս առաջ Ստրասբուրգ չէր մեկնել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հետ հանդիպմանը «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Վերջինիս խոսքով՝ Հայաստանի հարցով համազեկուցողներին հետաքրքրել են ընտրական օրենսդրության բարեփոխումները՝ իրավական ապահովման ընդհանուր տեսանկյունից: «Ես ներածական խոսքը ներկայացնելուց առաջ խոսեցի 44-օրյա պատերազմի, Հայաստանի, Արցախի հանրապետության նկատմամբ միջազգային հանցագործությունների կատարման և մինչ օրս ռազմագերիների առկայության մասին։ Այնուհետև, անդրադառնալով արդեն իրենց իսկ կողմից բարձրացված հարցերին, ներկայացրեցի դատական համակարգի հետ կապված իրավիճակը:

Այսօր, օրինակ, բարձրաձայնել էի կալանավորման վիճակագրությունը, որ ըստ էության, հունվարի 1-ից մինչ օրս արդեն 80 տոկոս դեպքերում կալանավորման միջնորդությունները բավարարվում են։ Սա իսկապես խայտառակ ցուցանիշ է։ Խոսեցինք դատարանների ընդհանուր իրավիճակի մասին․ կարգապահական  վարույթներից, դատարանի շրջափակումից մինչ օրս իշխանությունների՝ դատական համակարգի նկատմամբ տրամադրվածության մասին։ Սահմանադրական դատարանի նկատմամբ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, քանի որ այդ հարցը բարձրաձայնվեց նաև իշխանական պատգամավորների կողմից, դրան ևս անդրադարձ կատարեցի, որ ի վերջո, հայցը նաև Եվրոպական դատարանում է գտնվում: Անդրադարձանք պատգամավորական անձեռնմխելիության խնդրին, որ նույն կարգավավիճակով, ինչ մենք ենք նստած, մեր երկու գործընկերները հիմա կալանավորված են։ Չնայած, նույն կարգավիճակն ու նույն անձեռնմխելությունն ունեն, բայց առանց ԱԺ համաձայնության էլ կալանավորվում են»։ Կատարվել են նաև շեշտադրումներ խոսքի ազատության հետաընթացի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մոտ 15 օր առաջ Երևանում էր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների, դեսպանների խումբը` դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարությամբ: Այն ժամանակ Հայկ Մամիջանյանը ԵԽ գրասենյակին հարցում էր ուղարկել, թե ինչ սկզբունքով է կազմակերպվել հանդիպումները ցանկը, և ԵԽ գրասենյակից պատասխանել էին, թե այցը կազմակերպել է ոչ թե ԵՄ գրասենյակը, այլ Հայաստանի ԱԳՆ-ն։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը չէր պատասխանել հարցին, թե ինչպես է կազմվել ԵՄ պատվիրակության հետ հանդիպումների ցուցակը, ինչու ցուցակում չի եղել ԱԺ ընդդիմությունը, սակայն մինչեւ օրս պատասխան չէինք ստացել։ Այսօր Վահան Հունանյանն արձագանքեց՝ ասելով, որ ցուցակը կազմել է Հայաստանում ԵԽ գրասենյակը։ 

Մինչդեռ, որպես կանոն, Հայաստան ժամանող համազեկուցողները, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարները հանդիպում են քաաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալու համար ժողովրդավարության գործընթացների մասին այս շրջանակների` պաշտոնականից տարբերվող կարծիքներին։ Իսկ այս պարագայում շատ կարևոր է, որ ներկայացված լինեն իրապես ընդդիմադիր, և ոչ թե «նախկին ընդդիմադիր» ՀԿ-ներ, որոնք կփորձեն չեզոքացնել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած պատկերը՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի հետ կապված։

Իսկ այդ հետընթացում ամենաշոշափելին մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումներն են՝ զրպարտության քրեականացումը, տուգանքների կրկնապատկում-եռապատկումը, լրագրողների տեղաշարժի սահմանափակումները ԱԺ շենքում, տեղեկատվության աղբյուրների նույնականացումը եւ այլն։ Բոլոր-բոլոր խնդիրների մասին, որ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը`  «Freedom house»-ը արձանագրել և ներկայացրել էր որպես ժողովրդավարությունից հետընթաց։

Ինչպես տեղեկացանք՝ համազեկուցողները քաղհասարակությունից հանդիպելու են «Բաց հասարակության հիմանդրամներ» -ի` «Սորոսի» գրասենյակի ներկայացուցիչների, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի աշխատակցին`Վարդինե Գրիգորյան:

Իսկ օրինակ, Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրավեր չի ստացել․ « Եվրոպայի խորուրդը ինձ միշտ հրավիրել է, այս անգամ հրավեր չեմ ստացել»-,-մեզ ասաց Ավետիք Իշխանյանը։ Հրավեր չի ստացել նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, նաեւ` «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը։ Մեր տեղեկություններով, չեն հանդիպելու նաեւ Դանիել Իոաննիսյանի ու և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների»ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։