Դուք լավ լրագրողներ եք երազում, մենք՝ լավ ընթերցողներ 

Դուք լավ լրագրողներ եք երազում, մենք՝ լավ ընթերցողներ 

Սոցիալական ցանցերը բացահայտեցին մեր հասարակության մեջ եղած բոլոր արատները, բոլոր հիվանդությունները, մեր տգիտությունը, չարությունը, անհանդուրժողականությունը։ Ֆեյսբուքը դարձավ պղտոր ջուր, որտեղ ձուկ որսացողների պակաս չի զգացվում։ Ընդ որում՝ ամենասակավադեպ երեւույթը բարությունն է, մեծահոգությունը, միմյանց կարծիք լսելու, համաձայնելու, սեփական սխալը գիտակցելու, առհասարակ՝ մտածելու ունակությունը։

Բայց ամենամեծ չարիքը, որ սոցցանցերը պարգեւել են մեր հասարակությանը, դատավոր-դասատուների այն անսահմանափակ քանակն է, որը ծլում է ամեն թփի տակից։ Եվ ամենից շատ դատում են եւ դաս են տալիս լրագրողներին։ Տպավորություն է, որ բոլորը գիտեն, թե ինչ է ժուռնալիստիկան, բոլորը հոդվածագիրներ ու վերլուծաբաններ են, եւ միայն լրագրողներն են, որ չգիտեն ինչպես տեղեկություններ հավաքել, ինչպես շարադրել դրանք, ինչ շեշտադրումներ անել կամ ինչ հարցեր տալ զրուցակցին։ Բացարձակապես ամեն ինչ քննության առարկա է դառնում՝ հոդվածի վերնագրից մինչեւ կետադրություն, հարցերի բնույթից մինչեւ հեղինակը ոճը։ Որոնք են ամենաշատ հանդիպող «դիտողությունները»՝ ուղղված լրագրողներին։

Ամենից շատ մեզ դիտողություն են անում հոդվածների վերնագրերի համար։ Չէ որ մենք «վերնագիր կարդացող» ժողովուրդ ենք եւ վերնագրից ներքեւ իջնելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ հավես։ Երբեմն զավեշտալի իրավիճակների մեջ ենք հայտնվում՝ եթե հոդվածի վերնագիրը խորամանկ է դրված եւ հոդվածի բուն բովանդակությունից էականորեն տարբերվում է, մենք կարդում ենք այդ հոդվածի տակ դրված մեկնաբանությունները եւ զվարճանում։ Այնպես, ինչպես կարելի է զվարճանալ անեկդոտների ժողովածու ընթերցելիս։

«Դիտողությունների» հաջորդ փունջը վերաբերում է նրան, թե ինչու եք սրա կամ նրա հետ հարցազրույց արել։ «Արա, դա ո՞վ ա, որ խոսացրել եք», «էս լրագրողներն էլ չիմացան՝ ում հետ հարցազրույց անեն, ում հետ չանեն», «Հերիք ա էս ․․․ին խոսացնեք» եւ այլն։ Ինչպես հասկանում եք, բազմակետի տեղում հայհոյանքներ են, երբեմն՝ յոթհարկանի։ 

Մեզ նաեւ մեղադրում են իրենց չսիրած քաղաքական ուժի մասին դրական կամ չեզոք հրապարակումներ անելու համար եւ հակառակը՝ իրենց սիրած ուժին քննադատելու։ Կարող են ամենավիրավորական որակումները տալ, հայհոյանքներ տեղալ հոդվածը պատրաստած լրագրողի եւ ուժի հասցեին։ Ծաղրել ու հեգնել ամեն նախադասություն՝ երբեմն չհասկանալով անգամ գրվածի իմաստը։ Եվ հաճախ մենք ստիպված ենք լինում հոդվածը գրելուց հետո մի հատ էլ քոմենթների բաժնում բացատրել, թե ինչ էինք ուզում ասել, ինչ է նշանակում այս կամ այն բառը, ինչ ենթատեքստ կա կամ չկա հոդվածում։ Առհասարակ՝ երբեմն աբսուրդի աստիճանի են հասնում ընթերցողի ընկալումները, ավելի շուտ՝ ընկալելու անընդունակությունը։ 

Մեզ ուղղված հանդիմանությունների մեծ մասի պատճառը գրվածը ճիշտ չընկալելը, ինչ-որ գիտելիքի չտիրապետելը, ինչ-որ ինֆորմացիա պակաս ունենալն է։ 
Մի մեծ փունջ դիտողություններ էլ վերաբերում են քոմենթները ջնջելուն։ Մարդը սեռական հայհոյանք է գրում՝ ուղղված մեզ, թե ինչու եք ջնջել իմ քոմենթը, որը ջնջվել է հենց սեռական հայհոյանքներ, վիրավորանք պարունակելու պատճառով։ 

Առհասարակ՝ մեր ընթերցողները կարծում են, որ իրենք ամեն ինչ գիտեն, իրենց իմացածը մաքուր ճշմարտություն է, եւ եթե մենք այդ իմացածից մի սանտիմետ շեղվում ենք, ուրեմն անպայմանորեն մենք՝ լրագրողներս ենք սխալ, այլ ոչ թե ինքը։ Եվ ընդհանրապես, եթե հոդվածը շարադրված է ոչ իրենց պատկերացրած շարադրանքով ու բառերով, կարող են մեզ անարգանքի սյունին գամել։ 
Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ նման անհանդուրժողականության պայմաններում ինչպես ենք մենք աշխատում։ Իսկ աշխատողը չի կարող նաեւ երբեմն ինչ-որ սխալներ թույլ չտալ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն մի աննշան սխալն ինչ արձագանքի կարող է արժանանալ։ Հակառակորդի բանակը, ըստ իս, այնպես չեն ոչնչացնում, ինչպես կարող են ոչնչացնել, հոշոտել փոքրիկ սխալ թույլ տված լրագրողին ու լրատվամիջոցը։ Բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ, անգամ բժիշկները, որոնց սխալը կարող է կյանք արժենալ, այդքան դաժանաբար ու այդպես անողոքորեն չեն դատափետվում իրենց սխալների համար, ինչպես լրագրողներս։

Այն դեպքում, որ հենց մեր աշխատանքի շնորհիվ է, որ մարդիկ տեղեկացված են, եւ որ իշխանությունը որոշակի զսպվածություն է ցուցաբերում եւ նրանցից ամենակոպիտ սխալներ թույլ տվողները պատժվում են։ 

Կհասունանա՞ր արդյոք 2018-ի հեղափոխությունը, եթե մամուլը, լրատվամիջոցները տարիներ շարունակ չաշխատեին, չբացահայտեին իշխանությունների սխալներն ու վրիպումները, չներկայացնեին ընտրությունների ժամանակ կատարվող խախտումները։ Ի վերջո, չէ որ բոլորդ վաղ առավոտյան աչքներդ բացում եք ու շտապում համակարգչի մոտ կամ կրպակ՝ օրվա նորություններին ծանոթանալու։ Ուրեմն հարգեք այդ նորությունները ձեզ մատուցող մարդկանց աշխատանքը, հանիրավի մի փնովեք ու վարկաբեկեք նրանց։