Սպանդանոցներն անհրաժեշտ են, բայց…

Սպանդանոցներն անհրաժեշտ են, բայց…

Արդեն երկրորդ օրն է՝ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են անում անասնապահությամբ զբաղվողները՝ իրենց դժգոհությունն արտահայտելով կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ անասունների սպանդային մորթը ս․թ․ հունվարի 15-ից դառնում է պարտադիր պահանջ, որի կատարման դեպքում միայն կարող է միսն իրացվել շուկայում: Անասնապահներն ասում են, որ դա բարդացնում է իրենց խնդիրները, իրենք հավելյալ ծախսեր են անելու եւ կորուստներ են կրելու: 

Ինչո՞ւ է սպանդանոցային մորթը դարձել անհրաժեշտ պահանջ: Հիշեցնենք, որ այս գործընթացն սկսվել էր դեռեւս նախորդ կառավարության օրոք: Լսելով անասնապահների խոսքը՝ կարելի է ենթադրել, որ սպանդանոցային մորթն ընդհանրապես ավելորդ պահանջ է, քանի որ առանց այդ էլ գյուղացիներն իրենց անասունները, առանց հավելյալ ծախսերի, մորթում են եւ հասցնում սպառողին: Սակայն գյուղական բնակավայրերում ապրողները եւ սննդի մաքրությունն ու անվտանգությունը կարեւորողները կփաստեն, թե ինչպիսի, մեղմ ասած, հակահիգիենիկ պայմաններում են կատարվում «տնական» մորթերը. որտեղ պատահի, ցեխի մեջ, փնթի եւ կեղտոտ հագուստով, աղբանոցների, կոյուղատար առուների մոտ: Մի պատահական կեղտոտ դույլի մեջ կարող են լվանալ աղբանոցից պեղված-հանված մի լաթի կտոր, որով թրջվում է անասունի միսը՝ կաշին քերթելու համար: 

Նման մի «իրադարձության» ականատես լինելով՝ հարցրի մորթ անողին, թե ինչու է անասունը փռված այդ կեղտոտ տարածքում։ Նա պատասխանեց. «Քուրս, էտի մեր համար չի, հեսա տանում ենք քաղաք՝ շուկա»: Այս դեպքում մնում է կարեկցել սպառողներին, թե արտաքուստ մաքուր լավ միսն ինչ պայմաններում կարող է մորթված լինել: Իսկ միսն այնպիսի մթերք է, որ ցանկացած մանրէ կարող է անմիջապես վերցնել իր վրա եւ դառնալ վարակի ու տարբեր հիվանդությունների պատճառ: Իրենց ավելի մաքրասեր համարող անասնապահները անասունները մորթելու համար պայմաններ են ստեղծել ոռոգման առուների վրա, եւ մորթված անասունի արյունը թափվում է հենց առվի մեջ: Իսկ հարեւանն այգին ոռոգելիս կարող է տեսնել, որ այգին ոռոգվում է ոչ թե ջրով, այլ՝ արյունաջրով: Անասունի աղիքները, թափոնները նույնպես լցվում են այդ առուների մեջ, որոնք ոչ միայն խցանում են առաջացնում, այլեւ ոռոգման ջուրը դարձնում են խիստ վտանգավոր բույսերի եւ մարդու առողջության համար:

Այսօր կառավարության առջեւ բողոքի ակցիա իրականացնողներն այնքան լավ են ներկայացնում, թե ինչ պրոֆեսիոնալ մորթ են իրենք կազմակերպում, որ թվում է, թե նրանք այսպիսի իրավիճակներում ո՛չ մորթ են արել, ոչ էլ ականատես եղել: Տեղին էր վարչապետի ֆեյսբուքյան դիտարկումը. «Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոնների տպավորիչ քանակի տակ: Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք»: Այս իրողությունը նույնպես խոսում է մեր սիրելի մսավաճառների՝ մաքրության եւ սանիտարական պայմանների նկատմամբ վերաբերմունքի մասին… Այո, սպանդանոցային մորթն անհրաժեշտ է եւ կարեւոր, բայց այն պայմանները, որոնք այսօր ստեղծվել են անասնապահների համար՝ սպանդանոց-անասնապահ հարաբերության մեջ, տանելու է անասնապահության վերացմանը եւ ոլորտի ձախողմանը: Այդ որոշումը, ներկայացվող պահանջներն անմշակ են, թերի ու չարդարացված: ՍԱՊԾ-ն նախքան հայեցակարգ մշակելն ու որոշում կայացնելը խորամուխ չի եղել այդ երկու սուբյեկտների փոխհարաբերության մշակման գործում, չեն խորհրդակցել անասնապահների հետ, չեն լսել հնարավոր բարդությունների ու դժվարությունների մասին: Անասնապահությունն առանց այն էլ Հայաստանում ոչ շահավետ բիզնես է՝ լի անկանխատեսելի վտանգներով ու ծախսերով: Անասնակերն այնքան թանկ է, որ անասուն պահելուց եւ այն որպես մսամթերք վաճառելուց հետո պարզվում է, որ այն հանում է միայն կերի արժեքը:

Դրան էլ հավելենք, որ ամեն աշնան վերջին ինչ-որ անհասկանալի պատճառներով անասունների մեջ համաճարակ է ընկնում, ու մարդիկ արագ-արագ մորթում եւ շուկա են հանում այն անասունները, որոնք նախատեսել էին Ամանորին վաճառել բարձր գնով: Այս բոլոր ռիսկերին էլ եթե ավելանան սպանդանոցների կողմից առաջ քաշված ոչ բարենպաստ պայմանները, կամայականությունները, որոնց մասին բարձրաձայնում են անասնապահները, պարսիկ սպանդանոցատերերի կողմից անասունների «հարամ-հալալ» բաժանումը, նրանց կողմից պահանջվող ծախսերն ու այլ պահանջները, ապա անասնապահները ոչ միայն կաշխատեն առանց օգուտի, այլեւ կկրեն զգալի ֆինանսական վնասներ: Ուստի, պետք է նախ լավ ուսումնասիրել ոլորտը, խնդիրները, սպանդանոցներն առնել պետական վերահսկողության տակ, հստակեցնել նրանց իրավունքներն ու պարտականությունները՝ հաշվի առնելով նաեւ անասնապահների շահերը, նոր միայն սպանդանոցային մորթը դարձնել պարտադիր: Հակառակ դեպքում, մի քանի ամիս անց Հայաստանում չենք կարող գտնել տեղական թարմ մսամթերք եւ կմնանք դրսից ներկրված կասկածելի ծագմամբ, սառեցված մսամթերքի հույսին: