Ինչու է դատավոր Ֆարխոյանը կալանքի տակ պահում Գերասիմ Վարդանյանին

Ինչու է դատավոր Ֆարխոյանը կալանքի տակ պահում Գերասիմ Վարդանյանին

Դաշնակցական, ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանն արդեն 5 ամիս կալանավորված է` 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերի, մասնավորապես` «Ազատություն» ռադիոկայան ներխուժելու փորձի համար: Այն, որ 2018 թվականին այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջարդուփշուր էր անում «Հանրային ռադիոյի» ու համալսարանների դռները, դա չդիտարկվեց որպես հանցանք, քրեական վարույթներ չհարուցվեցին: Քրեական վարույթներ չհարուցվեցին նաեւ այն ժամանակ, երբ 2019-ին էլ «Հեղափոխության պահապանները» ձվերով հարձակվեցին «Հայելի» ակումբի վրա, սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրին խմբագրի հասցեին: Իսկ «Ազատության» դեմ ուղղված ակցիան արդեն հանցանք է, որի համար մարդը ամիսներ շարունակ կալանավորված է, իսկ դեպքերն էլ կապիտուլյացիա ստորագրելու օրվա էմոցիոնաների ազդեցության տակ են տեղի ունեցել: 

Օրենքը երկակի ստանդարտներով կիրառելը հենց սա է` մեկին ներվում է ամեն ինչ, մյուսի չնչին արարքը հանցանք է դիտվում: Պարզվում է, դաշնակցական Գերասիմ Վարդանյանն այնքան վտանգավոր հանցագործ է, որ նրան պետք է կալանքի տակ պահեն` մի անհասկանալի մեղադրանքով, իբրեւ թե լրագրողի աշխատանքին խոչընդոտելու համար: 

Բայց այստեղ ոչ միայն ՀՅԴ-ի դեմ եղած իշխանական մաղձն է միայն դեր խաղում, կամ` «Ազատություն» ռադիոկայանի հանդեպ իշխանությունների սերն ու գորովը, այլ մեկ ուրիշ ենթատեքստ էլ կա: Գերասիմ Վարդանյանի գործով դատավորը Կարեն Ֆարխոյանն է, Երևանի նախկին քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանի եղբայրը, ով Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավված էր որպես մեղադրյալ, անգամ կալանավորվեց, ապա որոշ ժամանակ անց գրավի դիմաց ազատ արձակվեց և, կարծես, նրա մասին մոռացվեց: 

Մենք տեղեկացանք, որ դատավոր Ֆարխոյանի նկատմամբ ունեցած ազդեցության լծակը հենց եղբոր մեղադրանքն է` վերջինիս ժամանակին ազատ են արձակել, հետագայում դատավոր եղբոր ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենալու համար: Պարզ ասած` դատավոր Կարեն Ֆարխոյանին հասկացրել են` Գերասին բաց կթողնես` եղբայրդ նորից կնստի, ընտրությունը քոնն է: 

Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ կալանքի հիմքերն առնվազն տեսանելի չեն. «Գերասիմը ևս երեք ամսով կալանավորվեց, սակայն տեսանելի չէ, թե ինչ հիմքով, նախորդ անգամ դատարանը նշեց, թե Գերասիմ Վարդանյանը կարող է հայտնվել ազատության մեջ և կատարել նոր հանցանքներ, ինչն իմ կարծիքով` իրականությունից շատ հեռու է: Անակնկալ պետք է լինի, թե դատավոր Ֆարխոյանն այս անգամ ինչ հիմքեր է առաջ բերելու: Բոլորիս համար էլ պարզ է, թե ինչու է Գերասիմ Վարդանյանը մինչ օրս մնում կալանքի տակ: Նշում են, թե «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների աշխատանքին է խոչընդոտել, սակայն լրատվամիջոցի գործունեությանը խոչընդոտելու հոդվածը կալանքը որպես խափանման միջոց չի նախատեսում»-, նշում է փաստաբանը: 

Փաստաբան Բենիկ Գալստյանը չցանկացավ քաղաքական հայտարարություն անել և նշեց, որ դատավոր Ֆարխոյանի և նրա եղբոր հետ կապված քրեական գործի մանրամասներին չի տիրապետում, հստակ ասել չի կարող, թե ինչ ազդեցություն ունի Ջոն Ֆարխոյանին ազատ արձակելը դատավոր Կարեն Ֆարխոյանի այսօրինակ կեցվածքի հետ: