Միամի՞տ են, թե՞ Լուսնից հենց նոր են իջել Երկիր

Միամի՞տ են, թե՞ Լուսնից հենց նոր են իջել Երկիր

Սեպտեմբերի 28-ին, երբ ադրբեջանական հերթական ռազմական հանցագործության հետեւանքով սպանվել էր երեք հայ զինծառայող, Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել էր, որ «անվտանգությունը հնարավոր է, միայն երբ սահմանները հարգվում են, եւ զորքերը դեմ առ դեմ կանգնած չեն մոտ տարածությունների վրա: Խաղաղությունը չի կարող պարտադրվել»: Չգիտեմ, էստոնացի քաղաքական գործիչը միամի՞տ է, թե՞ Լուսնից հենց նոր է իջել Երկիր: Այլապես կիմանար, որ Իլհամ Ալիեւը Փաշինյան Նիկոլին պարտադրում է հենց այդպիսի խաղաղություն: Եվ եվրոպական բոլոր վերպետական կառույցներն աջակցում են Իլհամին այդ հարցում: Փաշինյան Նիկոլն է գնում դրան՝ հանուն սեփական իշխանության պահպանման: Մի իշխանություն, որ համարյա թե ոչնչով չի տարբերվում ալիեւյան բռնապետությունից, սակայն նույն այդ եվրոպական կառույցներում ընդունվում է որպես ժողովրդավարական: Ենթադրում եմ, որ այդ հարցում եւս պարոն Կլաարը կա՛մ թյուրիմացության մեջ է եւ կա՛մ գիտակցորեն փակում է աչքերն իրականությանը հանդիման: 

Պարոն Կլաարից ետ չեն մնում եվրոպական կառույցների մյուս ներկայացուցիչները՝ իրենց եւ մեզ շարունակելով դնել հայտնի կենդանու տեղը: Զորօրինակ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը որերորդ անգամ հայտարարում է. «Եվրախորհրդի անդամ երկրների միջեւ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով»։ Միաժամանակ ավելացնում է, որ «Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը հասնելուն»: Եվ այս դեպքում եւս չես իմանում՝ տիկինն իսկապե՞ս միամիտ է, թե՞ Լուսնից հենց նոր է իջել Երկիր: Անընդհատ թշնամական գործողություններ կատարող Ադրբեջանի եւ նրա զոհի՝ Հայաստանի միջեւ ի՞նչ խաղաղ կարգավորում: Չբավարարվելով հայտարարությամբ՝ տիկին Պեյչինովիչ-Բուրիչը նամակ է գրում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին: Դրանում իր պարտքն է համարում Բայրամովի նախարարությունից պահանջելու հայ ռազմագերիների նկատմամբ դաժան բռնությունների, այդ թվում՝ արտադատական մահապատիժների առումով ձեռնարկված միջոցների վերաբերյալ մանրամասն եւ ճշգրիտ տեղեկատվություն:

Զարմանալի է․ որտե՞ղ էր տիկինը, երբ Բայրամովի վերադաս Իլհամ Ալիեւի հայատյացության քաղաքականությունը չափ ու սահման չէր ճանաչում: Որտե՞ղ էր այդ տիկինը, երբ քառօրյա պատերազմում եւ դրանից հետո ՀՀ տարածքների վրա հարձակումների ընթացքում ադրբեջանցիները վայրենության «մաստեր-կլաս» էին ցուցադրում: Պարզվում է՝ տիկնոջ նուրբ հոգին խիստ վիրավորվել է հայ գերիների սպանության տեսահոլովակը դիտելուց: Սակայն, չգիտես ինչու, այդ նույն հոգին չէր վիրավորվում նախկինում ադրբեջանցիների նույն եւ ավելի դաժան վարքագծի վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթանալիս:

Հատկապես հայ կանանց նկատմամբ վայրագությունների առումով: Կամ էլ այդ նուրբ հոգին չէր ցանկանում հավատալ, որ եվրոպացիների համար վերջերս քաղաքակիրթ գործընկեր դարձած Ադրբեջանում հնարավոր են նման բաները: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ տիկին Պեյչինովիչ-Բուրիչը, չգիտես ինչու, մեր դեպքում բավարարվում է ընդամենը հայտարարություններով՝ ոչինչ չանելով դրանից դուրս: Իսկ ուկրաինական պատերազմի ժամանակ, օրինակ, եվրոպական իր գործընկերները վերածվում են ռազմատենչ այրերի (տղամարդկանց դեպքում) եւ ամազոնուհիների (կանանց դեպքում)՝ արեւմտյան երկրներից պահանջելով անընդհատ սպառազինություն հատկացնել Ուկրաինային: Եվ այդ պարագայում ինքը, բնականաբար, չի խոսում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտության մասին: Եվ արեւմտյան երկրներն էլ շարունակ սպառազինություն են մատակարարում Ուկրաինային, որպեսզի շարունակվի եղբայրասպան պատերազմը՝ ավելի ու ավելի ռուսների ու ուկրաինացիների ուղարկելով հանդերձյալ աշխարհ: Եվ այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանից: