Փաշինյանն իր մեջ պետք է ուժ գտնի՝ գալու Արցախ, վերջապես իր համար «Արցախը Հայաստան է, և վերջ»․ Դավիթ Իշխանյան

Փաշինյանն իր մեջ պետք է ուժ գտնի՝ գալու Արցախ, վերջապես իր համար «Արցախը Հայաստան է, և վերջ»․ Դավիթ Իշխանյան

«Հրապարակի» զրուցակիցը Արցախի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ անդամ Դավիթ Իշխանյանն է։

- Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում ընդդիմությունը ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ է անում, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց այդ պարտության մեջ Արայիկ Հարությունյանն էլ պակաս ներդրում չունի, ինչո՞ւ Արցախում էլ այսպիսի գործողություններ չկան։

- Չգիտեմ, թե Դուք որքանով եք հետևել քաղաքական զարգացումներին, բայց նոյեմբերի 9-ից հետո ընդամենը շատ կարճ ժամանակ անց խորհրդարանական 4 քաղաքական ուժերը, բացի Արայիկ Հարությունյանի կուսակցությունից կամ իրեն սատարած դաշինքից, պահանջեցին նախագահի հրաժարականը, և այդ հայտարարությամբ հանդես եկանք։ Այս գործընթացը ցույցերի ընթացքը չունեցավ, հանրային գործողություններ չեղան միայն մեկ պատճառով, որովհետև քննարկումների ընթացքում ի հայտ եկավ, որ մենք կարող ենք հայտնվել ավելի ծանր կացության մեջ, որովհետև Սահմանադրության պահանջը և նաև ապագա ընտրությունները որոշակի դժվարություններ էին ստեղծում։ Ըստ Սահմանադրության՝ նախագահին անվստահություն չէինք կարող հայտնել, քանի որ Սահմանադրության պահանջը հետևյալն է, որ մինչև իր պաշտոնավարման 1 տարին լրանալը, այսինքն՝ մայիսի 21-ից հետո, կարող է խորհրդարանը անվստահություն հայտնել, իսկ անվստահության պարագային նաև լուծարվում է խորհրդարանը, այսինքն՝ նշանակվում են համապետական նոր ընտրություններ։ Մեր Սահմանադրությամբ համաժամանակյա ընտրությունների մեխանիզմ արմատավորվեց 2017 թվականին՝ նախագահի և խորհրդարանի, եթե մինչև մայիսի 21-ը մենք չենք կարող անվստահություն հայտնել, ուրեմն պետք է լինի նախագահի հրաժարականը, իսկ այդ հրաժարականին ինքը պատրաստ էր, որոշ քննարկումների արդյունքում մենք տեսանք, որ կա այդ պատրաստակամությունը, բայց լուրջ խնդիր կար ընտրությունների կազմակերպման առումով․ մի կողմից` տեղահանված բնակչություն, մի մասը՝ բավականին ծանր հոգեբանական վիճակում։ Կարո՞ղ էին այդ ընտրությունները կայանալ՝ մենք թերահավատ էինք։

Մյուս կողմից` կա ևս մեկ տարբերակ, որ այդ ընտրություններին պարզապես կարող էին ինչ- ինչ արհեստական ճանապարհներով խանգարել, և այդ ընտրությունները տեղի չունենային, այսինքն՝ չպիտի մոռանանք, որ Արցախում այսօր կան նաև այլ ուժեր, նկատի ունեմ՝ խաղաղապահ ուժերը, որոնք կարող էին որոշակի խնդիրներ առաջացնել։ Հենց դա է պատճառը, որ Արցախում այն ալիքը, որ տեղի է ունենում Հայաստանում, այսինքն՝ այստեղ՝ վարչապետի հրաժարական, այնտեղ՝ նախագահի հրաժարական, նոր իշխանությունների ձևավորում և այլն, չկա։ Մի քիչ տարբեր է։ Այս հանգրվանում մենք նաև քննարկեցինք և որոշակիորեն եկանք եզրակացության՝ կոլեգիալ մարմին և կոլեգիալ կառավարման համակարգ ունենալու վերաբերյալ, որովհետև նման իրավիճակում մենք հայտնվել ենք 90-ական թվականներին, այն ժամանակվա նոր ձևավորվող իշխանությունները՝ Գերագույն խորհուրդ, այսինքն՝ ընտրությունների միջոցով ձևավորված օրենսդիր մարմին, գործադիր մարմին՝ ի դեմս կառավարության, բայց որպեսզի արդյունավետ կառավարում իրականացվի, ձևավորվեց Պաշտպանության պետական կոմիտեն` 1992 թվականի ամռանը։ Մենք այդ մոդելի շուրջ նաև քննարկումներ ենք ունեցել և հիմնականում եզրահանգեցինք, որ առկա իրավիճակում լավագույն տարբերակը Անվտանգության խորհրդի նոր ձևաչափի արմատավորումն է, և հենց այդպես Վիտալի Բալասանյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար, և բոլոր հարցերի քննարկումները Անվտանգության խորհրդում իմի բերելով, հղելով, կմնար միայն նախագահի ստորագրությունը։

- Այսինքն՝ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տալիս, քանի որ պետական իշխանությունը կորցնելու և նոր ընտրություններ անցկացնել չկարողանալու վտա՞նգ կա։

- Այո, գրեթե կարող ենք այդպես ձևակերպել, ես փորձեցի մի քիչ ավելի մանրամասն անդրադառնալ, իսկ կարճ ձևակերպումն այն է, որ մեր պետական ինստիտուտները՝ առանց այդ էլ հարվածի տակ հայտնված և օր-օրի թուլացող, կարող էին ևս մեկ հարված ստանալ, այս անգամ արդեն ուղղակի ամենաբարձր մակարդակով։

- Կարո՞ղ ենք ասել, որ երկրի իշխանությունը դե ֆակտո Անվտանգության խորհուրդն է իրականացնում՝ Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ։

- Չի կարելի այդպես որակել, որովհետև իրականությունն այդպես չէ, բայց նորից եմ ուզում շեշտել, որ, անկեղծ ասած, այդ հարթակը մինչև այս պահը չի ձևավորվել, չնայած Անվտանգության խորհրդի մի քանի նիստ է գումարվել, բայց մեր դիրքորոշումը որպես քաղաքական ուժի․․․, դա մեզ չի բավարարում, որովհետև մեր պատկերացրած Անվտանգության խորհուրդը և անվտանգության խորհրդով կառավարման համակարգն այլ է, իրականությունը՝ այլ: Այնտեղ հստակ պետք է լինեն որոշ ձևաչափեր՝ հրավիրյալների կարգավիճակով, նաև քննարկումների դաշտ բացվի, կարևոր օրակարգային հարցեր քննարկվեն։ Այսինքն՝ մենք չպետք է իմիտացիա անենք, իսկ այն, ինչ այսօր արվում է, իմիտացիա է։

- Մոտ ապագայում Անվտանգության խորհրդի Ձեր նշած ձևաչափը լինելո՞ւ է, և Արայիկ Հարությունյանը համաձայնե՞լ է դրան։

- Ես կարծում եմ, որ սա այն թեզը չէ, որի վրա մենք պետք է ծանրանանք և նաև բացահայտ խոսենք, բայց, այնուհանդերձ, կարծում եմ, որ քաղաքական զարգացումները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումները, կբերեն դրան՝ ուզենք, թե չուզենք։ Մենք տեսնում ենք, թե Հայաստանի վարչապետի կողմից որոշ քայլերի արդյունքում տոնայնության ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում Արցախում, Արցախի իշխող շրջանակներում։ Արցախում ոչ միայն Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմի, այլև հասարակության 90-99 տոկոսը գուցե անընդհատ քննադատում՝ «քլնգում» է Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին, բայց երբ խոսում ենք Արայիկ Հարությունյանի մասին, զգաստանում են և չեն փորձում։ Այսինքն՝ շատ պարզ է այն ճշմարտությունը, որ ուրիշի աչքի շյուղն են տեսնում, սեփական աչքի գերանը չեն տեսնում։ Մենք պետք է ունենանք ճիշտ գնահատելու, ամեն ինչ իրենց իրական անուններով կոչելու ունակությունն ու պատասխանատվության չափաբաժինը։ Այսինքն՝ մենք չպետք է քարկոծենք Նիկոլ Փաշինյանին՝ որպես պատերազմում պարտության հիմնական մեղավորի, հիմնական դերակատարի՝ մոռանալով Արցախի ղեկավարությանն ու Արցախի նախագահին։   

- Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Արցախ չի այցելել, ի՞նչ կլինի, եթե այցելի։

- Ես առիթ ունեցա Նիկոլ Փաշինյանի միտքը հնչեցնելու՝ 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և պատերազմից հետո իր այն միտքը, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, այսինքն՝ ըստ իրեն, ինքը պիտի Ադրբեջա՞ն այցելի։ Այդ պահանջը կա։ Վերջերս, ի դեպ, Արցախի խորհրդարանի պատգամավոր լինելով հանդերձ, ես տեղեկացա, որ պատրաստվում է միջխորհրդարանական հանդիպում Երևանում՝ մեր խորհրդարանի հետ, և այդ պահանջը մենք կարողացանք այլ ձևով վերաձևակերպել, այսինքն՝ մենք առաջարկեցինք, և մեր խորհրդարանի ղեկավարությունը սիրով ընդունեց, որ միջխորհրդարանական նիստ կայացվի, բայց ոչ Երևանում, այլ Արցախում։ Ցավոք սրտի, մինչև այս պահը Հայաստանի Ազգային ժողովի կողմից, համենայնդեպս, ես տեղյակ չեմ, չի նախանշվել, թե երբ է տեղի ունենալու այդ նիստը Ստեփանակերտում, որովհետև մենք մի շարք հարցեր ունենք և այդ հարցերի պատասխանը ուզում ենք ուղղակիորեն լսել։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իր մեջ պետք է ուժ գտնի այցելելու Արցախ, քանի որ վարչապետի աթոռին է, վերջապես` իր համար «Արցախը Հայաստան է և վերջ», չեմ կարծում, թե ինքը այդ գաղափարները արտահայտել է միայն քաղաքական դիվիդենտներ ստանալու համար, գոնե չեմ ուզում հավատալ։ Չնայած․․․

- Գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի և գեներալների գլխավորությամբ, պահանջում է  Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Արցախում ԳՇ հայտարարությունը ի՞նչ արձագանք է գտել։

- Ճիշտ էլ անում են։ Ես կարծում եմ՝ Գլխավոր շտաբի հայտարարությունները լիարժեքորեն համապատասխանում են օրվա մեր պահանջներին և այն մարտահրավերների դիմակայմանը, որ մենք դեռևս պետք է հաղթահարենք։ Այստեղ այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, հավանաբար հասկանում է, բայց այլ քաղաքական գիծ է որդեգրել։ Ինչո՞ւ և ի՞նչ առաքելությամբ՝ արդեն պարզ է, այն առաքելությամբ, ինչով ինքը 2018-ին եկավ իշխանության։ Մենք տեսնում ենք այդ առաքելությունը՝ հասարակության մասնատում, պետության թուլացում։ Ծիծաղելի է այն տեսակետը, որ երեկ Հանրապետության հրապարակում ինքը մեղքի բաժին էր փորձում իր վրա ստանձնել՝ հանրությունից որոշակիորեն ներողություն խնդրելով։ Ինքը փորձում է իրեն ներկայացնել զոհի կերպարով, ինքը փորձում է իր նկատմամբ բարյացակամ մթնոլորտ ստեղծել։ Կարծում եմ՝ չի ստացվի։ Հասարակության գոնե այն առողջ ուժերը, որ ես տեսա Բաղրամյան պողոտայում, նույնիսկ ինձ անմիջական անծանոթ, բայց հանրության համար ծանոթ քաղաքական դեմքեր, արվեստագետներ, մտավորականներ․․․, պարզապես համեմատելու եզրեր չեմ տեսնում։ Էլիտան, ինչպես ասում է․․․, ես վատ իմաստով չեմ ասում, որովհետև այդ բառը մեր հասարակությանը վերջին տարիներին այլ ձև է մատուցվում և այլ ձև է ընկալվում, էլիտան այնտեղ է, մեր մտավոր, գիտական խավն այնտեղ է։