«Հրապարակ». ՔՊ-ն հասավ իր մուրազին՝ մի համայնքում էլ զավթեց իշխանությունը

«Հրապարակ». ՔՊ-ն հասավ իր մուրազին՝ մի համայնքում էլ զավթեց իշխանությունը

Ախուրյանի համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի մասին առաջինը շտապել էր ֆեյսբուքյան էջով «ավետել» ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ «Ի հեճուկս վերջին օրերին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի դաշնակցական ղեկավարի եւ համայնքի ղեկավարի դաշնակցական առաջին տեղակալի այն պնդումներին, որ Ախուրյան համայնքում կառավարման ճգնաժամ չկա, այսօր Ախուրյան համայնքի դաշնակցական ղեկավար Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մի առիթով ասել էի` կապրենք, կտեսնենք»,- գրել է նա։

Փորձեցինք շուրջ 25 տարի համայնքը կառավարած Արծրուն Իգիթյանից պարզաբանում ստանալ, չհաջողվեց՝ նրա հեռախոսն անջատված էր, իսկ համայնքապետարանից տեղեկացրին, թե նրան երեկվանից չեն տեսել։
Իգիթյանի հրաժարականը ոչ միայն տարակուսելի է, այլեւ գրեթե անակնկալ, քանի որ օրեր առաջ համայնքապետն ինքն էր հանդես եկել հայտարարությամբ եւ ընդգծել, թե ՔՊ-ին ոչինչ չի հաջողվելու, իր դաշինքի անդամները միասնական են ու մարտական տրամադրված։

Երեկ հաջողվեց կապ հաստատել Ախուրյանի փոխհամայնքապետ, Արծրուն Իգիթյանի թիմակից, դաշնակցական Կարեն Արշակյանի հետ։ «Ինձ համար լրիվ անակնկալ էր, չեմ տեսել իրեն, չենք խոսել, միայն գիտեմ, որ երեկ երեկոյան ժամը 17։00-ից հետո դիմումը ներկայացրել է, մուտքագրվել է, չգիտեմ՝ ինչու է անակնկալ կերպով հրաժարական ներկայացրել, այս պահին բոլորս էլ զարմացած ենք, իրոք պատճառների մասին չեմ կարող ասել»,- ասաց Կարեն Արշակյանը։

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեից նույնպես փորձեցինք պարզաբանում ստանալ՝ նախապես տեղյա՞կ էին Իգիթյանի հրաժարականի մասին, դա կուսակցությա՞ն, թե՞ նրա անձնական որոշումն էր։ ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի անդամ Մհեր Մելքոնյանը սկզբում ասաց, թե նիստի են, կխոսի ավելի ուշ։ Ավելի ուշ էլ կապ հաստատեց՝ ասելով, թե այդ հարցի վերաբերյալ այս պահին մեկնաբանություն չեն տալիս, կխոսի մի քանի օրից։ «Եկեք՝ այս պահին չպատասխանեմ որեւէ հարցի․ տեղյակ էինք-տեղյակ չէինք՝ անպայման դեռ կխոսենք»։

Նշենք, որ տեւական ժամանակ է՝ Ախուրյանում կրքերը չէին հանդարտվում։ Իշխող ՔՊ կուսակցությունն ամեն գնով փորձում էր հասնել Իգիթյանի հրաժարականին։ Ավելի վաղ գրել էինք, որ համայնքապետ Արծրուն Իգիթյանի թիմակիցները որոշել էին ստորագրահավաք անել, որպեսզի նրան անվստահություն հայտնեին, բայց համայնքապետի պաշտոնը պահպանեին։ «Ախուրյան» եւ «Հաղթանակ» դաշինքների ավագանու անդամները մտադիր էին ավագանու նիստին ՀՅԴ-ական համայնքապետին անվստահություն հայտնել՝ համայնքապետի պաշտոնում առաջադրելով ՀՅԴ-ական Կարեն Արշակյանի թեկնածությունը: Իգիթյանի թիմակիցներն այս սցենարը մշակել էին նրան անձեռնմխելի դարձնելու համար: ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ Իգիթյանին անվստահություն հայտնելուց հետո, եթե դեմ են քվեարկում այլ թեկնածուին, ապա գործող համայնքապետը շարունակում է պաշտոնավարել եւս մեկ տարի։ Սակայն մինչ գործող համայնքապետի թիմակիցները նրան անձեռնմխելի դարձնելու պլաններ էին մշակում, ՔՊ-ն, որն իշխանազավթման մեծ փորձ է կուտակել, գործուն քայլեր ձեռնարկեց՝ օգտվելով ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 3-րդ կետից, առաջադրելով համայնքապետի իր թեկնածուին՝ Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու ՔՊ-ական անդամ Զավեն Մանուկյանին: Եվ, փաստորեն, անհայտ հանգամանքներում կարողացան հասնել Իգիթյանի հրաժարականին։
Նշենք, որ Իգիթյանի թիմակիցներից ավագանու 2 անդամ էլ խմբակցությունից դուրս գալու եւ որպես անկախ ավագանի գործելու դիմում էր ներկայացրել: Հիշեցնենք, որ 2021 թ․ դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում անցկացված ավագանու ընտրությունների արդյունքում «Ախուրյան» դաշինքը ստացել էր 3 հազար 854, «Հաղթանակ» դաշինքը՝ 2 հազար 810, իսկ «Քաղպայմանագիր» կուսակցությունը՝ 6 հազար 195 ձայն: Օրենքի սահմաններում, երկու ընդդիմադիր դաշինքները միավորվել եւ իրենց վստահված անձին 6 հազար 664 ձայնով համայնքապետ էին ընտրել:

Մեր տեղեկություններով, ՔՊ-ն առաջիկայում պատրաստվում է Ախուրյանում անցկացնել ավագանու արտահերթ նիստ` համայնքապետի պաշտոնում առաջադրելով Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու ՔՊ անդամ Զավեն Մանուկյանին։