«Վայ, սրանք մեզ կանգնեցրին»

«Վայ, սրանք մեզ կանգնեցրին»

Կասկած չունեմ, որ քասախցի երկու երիտասարդները Գորիս-Կապան ճանապարհին առևանգվել են ադրբեջանցիների կողմից: Դրա վկայությունը նրանցից մեկի հեռախոսային խոսակցության վերջին նախադասությունն է. «Վայ, սրանք մեզ կանգնեցրին»: Սա առաջին առևանգումը չէ և ոչ էլ լինելու է վերջինը: Դա կշարունակվի այնքան ժամանակ, որքան երկրի վարչապետի բազկաթոռին մնալու է պարտության խորհրդանիշ Փաշինյան Նիկոլը: Ինչը նշանակում է, որ մենք կա՛մ համակերպվում ենք նման երևույթների հետ, կա՛մ իշխանությունը վերցնում ենք Նիկոլի ձեռքից: Այլ տարբերակ ուղղակի չկա: 

Սակայն Նիկոլին թվում է, թե ինքը այլընտրանք է առաջարկում: Հիշում եք, չէ՞, մի 15 տարի առաջ էլ էր այլընտրանք առաջարկում: Այն ժամանակ դա չանցավ: Ինչ մեղքս թաքցնեմ՝ այն ժամանակ ու դրանից երկար տարիներ անց ես կռիվ եմ տվել գործող իշխանության դեմ: Չգիտեմ՝ լավ էր, թե վատ, որ այն ժամանակ Նիկոլի «Այլընտրանքը» չանցավ խորհրդարան: Բայց հաշվի առնելով, որ մի քանի ամիս հետո քաղաքական դաշտում կրկին հայտնվեց Տեր-Պետրոսյանը, ապա 2007 թվականին Նիկոլի մուտքը խորհրդարան երևի որևէ ազդեցություն չէր գործելու մեր երկրի քաղաքական կյանքում:

Մի բան էլ վերհիշենք. Նիկոլի «ինստիտուցիոնալ ընդդիմություն» արտահայտությունը: Անկեղծ, չգիտեմ, թե դա ինչ նորարություն էր: Ազգային ժողովում ընդդիմադիր թեկուզ մեկ խմբակցության առկայությունն արդեն ինստիտուցիոնալիզմի դրսևորում է: Սակայն մեզ հիմա անհրաժեշտ է հասարակության ինստիտուցիոնալիզացիա: Դա նշանակում է, որ Նիկոլ մերժող հանրությունը պետք է ինքնակազմակերպվի: Եվ Նիկոլի հայտնվելը որևէ վայրում պետք է ողջունվի մերժողականության դրսևորումներով: Այն, ինչ առկա էր մի քանի ամիս առաջ՝ պարտությունից հետո: Իսկ հետո մոռացվեց դրա հրապարակային տարբերակը: Նեղ շրջապատում՝ բակերում, հիմնարկներում, խոհանոցներում դա շարունակվում է: Ու շատ ավելի դաժան արտահայտություններով: Ավելի ճիշտ՝ Նիկոլին արժանի արտահայտություններով: Բայց հրապարակայինը վաղուց դադարեցվել է:

Կարծում եմ, որ այնուամենայնիվ, առաջամարտիկների դերը վերապահված է զոհված և գերեվարված զինվորների հարազատներին: Հիմա կարող ենք այդ շարքին ավելացնել նաև առևանգված քաղաքացիների հարազատներին: Որովհետև ցավն իրենցն է, և նրանք էլ ստիպված են ստանձնել այդ դերը: Որովհետև կյանքը ցույց տվեց, որ Նիկոլի ջանքերի արդյունքում հայաստանցիներն այնպես են դեգրադացվել, որ կողքինի ցավը բացարձակ չեն զգում: Հարսանիքներն ու մեկ-երկու օր անց հրապարակում կայանալիք միջոցառումն էլ որպես դրա վկայություն: Ինքնակազմակերպվելու առումով էլ առաջին քայլերը կատարված են՝ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի կողմից կազմակերպված «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը:  

Եվ մի հարց էլ. իրադարձությունները շատ արագ են զարգանում՝ դժբախտաբար ի հաշիվ Հայաստանի: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ամեն գնով փորձում է առաջընթաց ապահովել իր պարտվողական խաղաղասիրական նախեռնություններով: Դրա հերթական դրսևորումը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից նիկոլական խաղաղությունը սյունիքյան միջանցքով պայմանավորելն է: Դա նշանակում է, որ Նիկոլ մերժող հայաստանցիներս իրավունք չունենք ժամանակ կորցնելու և ուշացնելու նրանից վերջնականապես ազատվելու գործընթացը: