«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործով նախաքննությունն ավարտվել է

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործով նախաքննությունն ավարտվել է

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյաի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:

ՀՔԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Սուտ ցուցմունք տալու նպատակով տուժողին կաշառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանը  «Մարտի 1»-ի քրեական գործով, ինչպես նաև այդ գործից Ռ․Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործով արդարադատության իրականացմանը, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019 թվականի ամռանը Վարուժան Մկրտչյանի և Ռ․Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել է կազմակերպված խումբ։


Կազմակերպված խմբի առջև դրված վերը նշված նպատակներին հասնելու համար Արմեն Թավադյանի, Վարուժան Մկրտչյանի և խմբի այլ անդամների միջև նախապես ծրագրվել, փոխադարձ համաձայնեցվել է խմբի յուրաքանչյուր անդամի դերաբաշխումը: Դրանից  հետո կազմակերպված խմբի անդամ Վարուժան Մկրտչյանը, խմբի մյուս անդամների, այդ թվում` Արմեն Թավադյանի համաձայնությամբ և գիտությամբ, 2019 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքում գործող իր աշխատասենյակ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով տուժողին, վերջինիս առաջարկել 5 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ նշված քրեական գործով տուժողի կարգավիճակից ու տված ցուցմունքներից հրաժարվելու և Ռոբերտ Քոչարյանի օգտին սուտ ցուցմունք տալու դիմաց:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործից նշված անձանց վերաբերյալ անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին և քրեական գործի նյութերը տրամադրել նրանց` ծանոթանալու համար»:

Թավադյանը, հիշեցնենք, մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Դեկտեմբերի 24-ին նա նույն կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա՝ ձերբակալվել: Այժմ Թավադյանը կալանավորված է: Նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործի շրջանակում ՀՔԾ հարցաքննության են հրավիրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդիներ Լեւոն եւ Սեդրակ Քոչարյանները, որոնք, սակայն, հրաժարվել են ցուցմունք տալ: Նրանք ունեն վկայի կարգավիճակ: