Ուր տանել երեխաներին Հունիսի 1-ին

Ուր տանել երեխաներին Հունիսի 1-ին

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Օրն ազդակ է բոլոր մարդկանց համար, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության կարիք ունեն: Երևանի փոքրիկ բնակիչների համար այս տարի նույնպես կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ, որպեսզի նրանք լինեն օրվա կենտրոնում, ուրախ օր անցկացնեն, մշակութային միջոցառումների ու զվարճությունների մասնակցեն:
Այսպես. հունիսի 1-ից 15-ը Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները։ Երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 70 նկար՝ պատրաստված Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու երեխաների տան, Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության, Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության և Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների սաների կողմից: 

Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը երեխաների մասնակցությամբ ավագանու նիստերի դահլիճում «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով միջոցառում է կազմակերպել: Միջոցառման ձևաչափը նախատեսում է Երևան քաղաքի ավագանու նիստ, բայց ավագանու անդամները լինելու են աշակերտները: Միջոցառմանը մասնակցող աշակերտներին ընտրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր դպրոցների 9-րդ դասարանի աշակերտներն իրազեկվել են միջոցառման մասին և ներկայացրել են թեմատիկ զեկույցներ՝ երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Երևան քաղաքում իրենց կողմից վերհանված խնդիրների վերաբերյալ: Այդ զեկույցների հիման վրա էլ երեխաների և սոցիալական պաշտպանության, ինչպես նաև հանրակրթության վարչությունների ներկայացուցիչներն ընտրել են լավագույն 65 աշխատանքները ներկայացրած աշակերտներին (հաշվի առնելով ավագանու անդամների թիվը), ովքեր հրավիրվելու են միջոցառմանը: Երեխաների մասնակցությամբ իրականացվող ավագանու նիստին ներկայացվելու են լավագույն 7 զեկույցները, որոնց ներկայացման համար երեխաներին տրվելու է 3 րոպե ժամանակ, ապա 5 րոպե` զեկույցի վերաբերյալ հարց ու պատասխան: Զեկույցները լսելուց հետո  քվեարկություն է իրականացվելու աշակերտ/ավագանիների կողմից՝ աշխատանքները ընտրելու և հնարավորության դեպքում հետագայում կյանքի կոչելու նպատակով:

Միջոցառումների շարք է լինելու նաեւ Ազատության հրապարակում` առավոտյան ժամը 12:00-ից մինչև երեկոյան 20:00-ն: Համերգին ու ցուցադրություններին զուգահեռ, կկազմակերպվեն նաև երեխաներին զբաղեցնող և զվարճացնող խաղեր: Միջոցառումներ կկազմակերպվեն նաև վարչական մյուս շրջաններում:
Երևանի կենդանաբանական այգին էլ տեղեկացնում է, որ 1-15 տարեկան երեխաների համար հունիսի 1-ին այգու մուտքն անվճար կլինի։ 

Հունիսի 1-ին կենդանաբանական այգում այլ միջոցառումներն էլ են նախատեսված՝
10:00-12:00- Անանիա Շիրակացու ճեմարանի սաների աշխատանքների ցուցահանդես,
11:00-15:00- ֆլեշմոբ, փուչիկներից կերպարների պատրաստում, պղպջակներով շոու, մուլտհերոսներ, արտ անկյուն, խորանարդիկներով խաղ, դեմքի նկարչություն, գիտափորձեր՝ Հարրի Փոթերի հերոսների հետ, հսկա փուչիկ,
11:30-13:00- տոնական միջոցառման բացում, պարային, երաժշտական համարներ,
12:00- Երգչուհի Մարիա,
13:00-14:00- Բեբուկ թատրոն,
13:00 - 15:30- «Ծիածան» վոկալ ստուդիա, «Արենի» պարային համույթ, դհոլահարների համույթ, «Ոսկե Ձայներ» երաժշտական կատարումներ, «Հեքիաթ-տիկնիկներ» պարային համույթ, «Դո Ռե Մի» վոկալ ստուդիա,«Ագապե» պարային համույթ, «Գոլդ Սթար» պարային համույթ,
15:00- խաղավարներ, պղպջակ շոու, կրկես, աճպարարական համարներ,
11:00-17:00 – «Դոբրի»-ի կողմից կանցկացվի հյուրասիրություն, նկարչություն, զանազան հետաքրքիր խաղեր և այլ անակնկալներ,
16:00-17:30- թատերական ներկայացում:
Ազգային ժողովն էլ է նշում Հունիսի 1-ը` ԱԺ-ի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների այգու: Ժամը 11:00-16:00-ը այգում տարատեսակ միջոցառումներ են նախատեսել: Լինելու են՝ գիտական փորձեր, Թումանյանական հեքիաթների ներկայացումներից երաժշտական հատվածներ, Պղպջակներով շոու, Հեքիաթների ընթերցում պատգամավորների կողմից, Քաղցր բամբակի շոու, Դեմքի նկարազարդում, Ֆոտոզոնա, Թխվածքաբլիթների ձեւավորում: Մասնակցելու է նաեւ Ազգային ժողովի նախագահն` իր ընտանիքի հետ: